Ղուկաս Պողոսյան. «Այստեղ եմ եկել տիտղոսներ նվաճելու և օգնելու համար»

14:17   30 հուլիսի, 2018

«Գանձասար-Կապանի» դեմ սուպերգավաթային խաղում (2:0) «Ալաշկերտի» կազմում լավագույններից մեկը թիմի նորեկ Ղուկաս Պողոսյանն էր: Բացի գոլային «կրակոցից» Ղուկասը մի շարք տհաճություններ պատճառեց մրցակցին իր արդյունավետ դրիբլինգով և սրող փոխանցումներով:

«Շատ ուրախ եմ մեր թիմի համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր տղաներին` հիանալի թիմային աշխատանքի համար: Ուրախ եմ, որ կարողացա դառնալ գոլի հեղինակ, սակայն ավելի կարևոր էր այն հանգամանքը, որ մենք պայքարեցինք մինչև վերջ և տիտղոս նվաճեցինք:

Անկեղծ ասած, հաճախ եմ փորձում դարպասը գրավել հեռահար հարվածներով: Դրիբլինգով մի փոքր տեղաշարժվեցի կենտրոն և հարվածեցի. Ստացվեց:

Եկել եմ «Ալաշկերտի» կազմում տիտղոսներ նվաճելու և թիմիս ինչքան հնարավոր է շատ օգուտ տալու: Պետք է ձգտենք առավելագույնին` բոլոր մրցաշարերում: Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու եվրոպական մրցասպարեզում հնարավորինս առաջ գնալն է»,- երևանյան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է 24-ամյա ֆուտբոլիստը:



© ARMFOOTBALL.COM