Հրաչյա Ռոստոմյան. «Փաշիկ Ալավերդյանը վայելում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վստահությունը»

20:30   10 փետրվարի, 2017

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար եւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ծանրամարտի մարզիչների եւ մասնագետների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ 2016 թվականը հայկական ծանրամարտի համար մեծ նվաճումների տարի էր,  եւ այն ջանքերը, որ օլիմպիական կոմիտեն ու ֆեդերացիան ներդրել են Ռիոյի օլիմպիական խաղերին արժանապատիվ մասնակցելու համար, լիովին արդարացվել են, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հրաչյա Ռոստոմյանն առանձնացրել է այդ ժամանակահատվածում ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի կատարած աշխատանքը եւ նշել, որ նա վայելում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վստահությունը:

«Պետք է խոսեմ նաեւ կանանց հավաքականի մասին, որը Եվրոպայի առաջնությունում գերազանց  արդյունքներ ցույց տվեց: Սակայն չարաբաստիկ 2008 եւ 2012 թվականների արձագանքը թույլ չտվեց, որպեսզի  ամբողջ ուժով մասնակցեն օլիմպիական խաղերին: Մենք այն ժամանակ ասում էինք՝ այդպես չի կարելի: Տեսաք ինչ եղավ՝ երեք դեպք: Բայց հիմա մենք հանգիստ ենք: Ինչ արել ենք, արել ենք առանց արգելված նյութերի», - ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը կարեւորել է կանանց ծանրամարտը զարգացնելու անհրաժեշտությունը.

«Մենք,  կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ այս հարցը քննարկել ենք եւ եկել հետեւության, որ բոլոր մարզադպրոցներում մարզիչները պարտադիր պետք է նաեւ աղջիկների խմբեր հավաքագրեն: Այլապես, հետագայում մենք խնդիրներ ենք ունենալու», - հայտարարել է նա ու պատասխանել նաև այն հարցին, թե ծանրամարտի ֆեդերացիան ե՞րբ է նոր նախագահ ունենալու:

«Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները ժամանակավորապես փոխանցված են ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարին: Մենք հիմա լայնածավալ որոնումների մեջ ենք: Փնտրում ենք այնպիսի մարդու, որը կհամաձայնի գումարներ ներդնել եւ չի խանգարի մարզիչների աշխատանքներին: Ծանրամարտով պետք է զբաղվեն մասնագետները»,- նշել ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը:

 

 



© ARMFOOTBALL.COM