Անգլիական թիմի ֆուտբոլիստը «կորել» է և գտնվել «սիրո կղզում»

17:08   18 հունվարի, 2020

Անգլիական 6-րդ դիվիզիոնի «Օքսֆորդ Սիթի» ակումբի ֆուտբոլիստ Ֆինն Տարպը նախորդ շաբաթ օրը առաջնության հերթական տուրի «Դարտֆորդի» հետ խաղում մրցակցի հետ բախումից գլխի լուրջ վնասվածք էր ստացել, ինչի պատճառովը խաղը մոտ 8 րոպե կանգնած է եղել: 

Հիվանդանոցում օգնություն ստանալուց հետո Տարպը շտապել է մարզադաշտ և հետևել խաղի երկրորդ կեսին՝ տրիբունայից:

Սակայն այս շաբաթվա ընթացքում 20-ամյա ֆուտբոլիստը չի միացել թիմի մարզումներին, թեև ակնկալվում էր, որ նա կպատրաստվի թիմի հետ առաջնության հերթական տուրի խաղին: Թիմակիցները անհանգստացել են, բայց պարզվել է, որ անհանգստանալու կարիք չկա: Տարպը մեկնել է Հարավային Աֆրիկա՝ այսպես կոչված՝ «Սիրո կղզի»:

«Սիրո կղզին» բրիտանական ժամադրությունների ռեալիթի-շոու է, որտեղ մասնակիցները մասնակիցներն ապրում են աշխարհից կտրված, զույգ են կազմում (տարբեր նպատակներով՝ սեր, ընկերություն, փող), վերջում հաղթող զույգը ստանում է 50 000 բրիտանական ֆունտ:

Այն մասին, որ Տարպը մասնակցելու է շոուին, «Օքսֆորդ Սիթին» տեղեկացվել է միայն երեքշաբթի օրը, սակայն շոուի կանոնների համաձայն՝ իրավունք չի ունեցել հրապարակել տեղեկությունը հաջորդ օրվա ընթացքում: Հինգշաբթի օրը ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: 

«Ակումբը տեղյակ չի եղել, որ Ֆինն Տարպը մեկնում է Սիրո կղզի. սա նորմալ պրակտիկա է այդ շոուի բոլոր մասնակիցների համար: Մենք հասկանում ենք դա և ցանկանում Ֆիննին հաջողություն շոուի ընթացքում»:

Նշենք, որ Անգլիայի 6-րդ դիվիզիոնը կիսասիրողական է, և ֆուտբոլիստները ունեն նաև հիմնական այլ աշխատանք: Մասնավորապես, Տարպը աշխատում է որպես կադրերի հավաքագրման խորհրդատու:

Այնպես որ, եթե ձեր սիրելի թիմի ֆուտբոլիստը կորել է և չի միացել մարզումներին, ապա կարող եք փնտրել նրան նաև «Սիրո կղզում»...



© ARMFOOTBALL.COM