Ռմբարկուական պայքարում Մարաշլյանը գրավեց 4-րդ տեղը. սուպերդիմակայություն լավագույնի կոչման համար

15:49   7 հոկտեմբերի, 2019

Ավարտվել է MLS-ի կանոնավոր առաջնությունը: Վերջին տուրում «Լոս-Անջելեսը» 3:1 հաշվով հաղթել է «Կոլորադո Ռեպիդսին»: Ուրուգվահայ հարձակվող Դիեգո  Ռոսսի Մարաշլյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

21-ամյա ֆուտբոլիստը խփած 16 գոլով ռմբարկուական պայքարում գրավել է պատվավոր չորրորդ տեղը: Նա նաև 7 գոլային փոխանցում է կատարել: Մարաշլյանից մեկ գոլ քիչ է խփել «Ալաշկերտի» նախկին հարձակվող Հեբեր Արաուխոն («Նյու-Յորք Սիթի»):

Լավագույն ռմբարկու է դարձել կալիֆորնիացիների հարձակվող Կարլոս Վելան, ով այսօր հեթ-տրիկ է ձևակերպել: Մեքսիկացին ընդհանուր 34 գոլ է խփել և երկարատև ու գրավիչ պայքարում առաջ անցել Զլատան Իբրահիմովիչից: «Լոս-Անջելես Գելեքսիի» հարձակվողն այսօր մեկ գոլ է խփել, իսկ առաջնությունն ավարտել է 30 գնդակով:

Ուշագրավ է, որ Վելան նաև 15 գոլային փոխանցում է կատարել, իսկ Զլատանը` 7:

Ռմբարկուական պայքարում երրորդ տեղը գրավել է «Ատլանտայի» ֆուտբոլիստ Ջոզեֆ Մարտինեսը: Վենեսուելացին 27 գոլ է հեղինակել:

«Լոս-Անջելեսը» վաստակած 72 միավորով դարձել է Արևմտյան կոնֆերենցիայի հաղթող, ինչի շնորհիվ փլեյ-օֆֆ-ը սկսելու է քառորդ եզրափակչից: Այդ իրավունքի է արժանացել նաև Արևելյան կոնֆերենցիայի չեմպիոն «Նյու-Յորք Սիթին»:



© ARMFOOTBALL.COM