Մխիթարյանից բարձր միայն Ռոնալդուն ու Դե Բրյունեն. 2 հայեր` խորհրդանշական հավաքականում

12:49   11 սեպտեմբերի, 2019

Ավարտվեց Եվրո-2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրը, որում մի քանի բենեֆիսներ եղան: Փառահեղ հանդիպում անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը, ով Հայաստանի հավաքականի կազմում կազմակերպեց բոլոր 4 գոլերը Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանու դեմ տնային խաղում (4:2):

Sofascore.com վիճակագրական կայքը կազմել է տուրի խորհրդանշական հավաքականը, որում երրորդ ամենաբարձր` 9,5 գնահատականով հայտնվել է նաև Մխիթարյանը:

Հենրիխից բարձր` առավելագույն (10) գնահատական ստացել են միայն Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա), ով Լիտվայում պոկերի հեղինակ է դարձել և Կևին դե Բրյունեն (Բելգիա), որը Շոտլանդիայում երեք գոլային փոխանցում է կատարել ու մեկ գոլ խփել: Մխիթարյանի պես 9,5 միավոր է ստացել նաև Ռահիմ Սթերլինգը (Անգլիա), ով Կոսովոյի դեմ խաղում 1 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել:

Խորհրդանշական հավաքականի պաշտպանության աջ եզրում է ընդգրկվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը: Վերջինս բոսնիացիների դեմ խաղում հաղթական գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել: Նրա գնահատականը 8,5 է:

6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը.

Դարպասապահ – Գերոգի Լորիա (Վրաստան)

Պաշտպաններ – Ռիկարդո Ռոդրիգես (Շվեյցարիա), Ալեքսանդար Դրագոևիչ (Ավստրիա), Հովհաննես Համբարձումյան (Հայաստան)

Կիսապաշտպաններ – Իոանիս Կուսուլոս (Կիպրոս), Տյագո Ալկանտարա (Իսպանիա), Ռահիմ Սթերլինգ (Անգլիա), Ջեյդոն Սանչո (Անգլիա)

Հարձակվողներ – Հենրիխ Մխիթարյան (Հայաստան), Կևին դե Բրյունե (Բելգիա), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա):


Նշենք, որ նախորդ տուրերից միայն չորրորդում Հայաստանի հավաքականից խորհրդանշական հավաքականում ընդգրկվել էր դարպասապահ Արամ Հայրապետյանը: Նա Հունաստանի դեմ արտագնա, հաղթական խաղում (3:2) 9 սեյվ էր կատարել:

 



© ARMFOOTBALL.COM