Եվրո-2020. Հայրապետյանը դարձավ առաջատար, Բարսեղյանը հավասարվեց Մբապեին ու Էրիկսենին

12:42   9 սեպտեմբերի, 2019

Եվրո-2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը 4:2 հաշվով առավելության հասավ Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանու նկատմամբ: Խաղի հերոսներից մեկը դարձավ Արամ Հայրապետյանը, ով 7 սեյվ կատարեց:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ ընտրական փուլում կատարած 32 սեյվերի քանակով «Ուրարտուի» ֆուտբոլիստը դարձավ առաջատար: Նույնքան սեյվ են կատարել նաև Հենրի Բոնելոն (Մալթա) և Էլիա Բենդետինին (Սան-Մարինո): Միջինը մեկ խաղում Հայրապետյանը 5,3 սեյվ է կատարում:

Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը բոսնիացիների դեմ խաղի մեկնարկում գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանին: Ընտրական փուլում դա 25-ամյա ֆուտբոլիստի 3-րդ գոլային փոխանցումն էր:

 Այդ ցուցանիշով նա բարձրացավ երրորդ հորիզոնական, որը կիսում է Կիլիան Մբապեի (Ֆրանսիա), Կրիստիան Էրիկսենի (Դանիա) և Դրիս Մերտենսի (Բելգիա) հետ: Առաջատարը 5 գոլային փոխանցում կատարած Մեմֆիս Դեպայն է, ում հաջորդում է Անտուան Գրիզմանը: Ֆրանսիացին 4 «ասսիստ» է գրանցել:  



© ARMFOOTBALL.COM