Գոռ Մալաքյան. «Գյուլբուդաղյանցը ոչ պրոֆեսիոնալ պատասխան տվեց իմ մասին հարցին»

20:38   6 սեպտեմբերի, 2019

«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, ով չի հրավիրվել Հայստանի հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի առաջնության որակավորման խաղերին, vnews.am-ի հետ զրույցում խոսել է ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հնչեցրած հայտարարության մասին։

Հիշեցնենք՝ Գյուլբուդաղյանցը Մալաքյանին հավաքական չհրավիրելը բացատրել էր նրանով, թե ֆուտբոլիստը չի կարողանում զսպել իր էմոցիաները և դեղին քարտեր է ստանում։

«Անկեղծ ասած, չէի ցանկանա անդրադառնալ այն փաստին, թե ինչու չեմ հրավիրվել հավաքական: Ուղղակի տեսնելով գլխավոր մարզչի հարցազրույցները՝ չեմ կարող մի քանի բառով չարտահայտել իմ կարծիքը: Սպասում էի, որ կհրավիրվեմ հավաքական, քանի որ, կարծում եմ, գտնվում եմ լավ մարզավիճակում: Եվ շատ լավ էր, որ մարզիչը նշեց՝ ինչու չեմ ստացել հրավեր, քանի որ թե՛ ինձ, թե՛ շատ մարդկանց հետաքրքրում էր այդ հարցը:

Կարծում եմ՝ պատասխանը ոչ պրոֆեսիոնալ էր, որովհետև չկա մի ֆուտբոլիստ, ով ապահովագրված է դեղին քարտ ստանալուց ու կարող է մտնել խաղադաշտ և ասել, որ չի ստանալու դեղին քարտ: Նաև, կարծում եմ, դեղինը դեռ կարմիր քարտ չէ․․․ Ես 8 հանդիպում եմ անցկացրել եվրոպական այս մրցաշրջանում և ստացել ընդամենը 2 դեղին քարտ, որից առաջինում խափանել եմ մրցակցի վտանգավոր հակագրոհը և թույլ չեմ տվել, որ հարված հետևի մեր դարպասին, իսկ մյուս խաղում գնդակը պատահաբար դիպչել է ձեռքիս։ Դրանցից ոչ մեկն էլ չի եղել էմոցիաների ազդեցության տակ: Ես չեմ պատրաստվում հրաժարվել իմ խաղային որակներից և չեմ կարծում, թե դա խնդիր է, որը պետք է ուղղել:

Թույլ չեմ տա, որ, սխալ տեսակետ տարածելով և մարդկանց շրջանում այդպիսի կարծիքներ ձևավորելով, այդ ամենը դարձնեն պատճառ ու հետք թողնեն իմ խաղային որակների վրա: Մարդիկ երևի մոռանում են, որ ես արդեն 18 տարեկան չեմ և բավական փորձ եմ կուտակել՝ թե՛ խաղալով Հայաստանի առաջնությունում, թե՛ 3 տարի հանդես գալով Ուկրաինայում և ազգային հավաքականում: Թող նշեն 3-4 տարում մի դեպք, երբ ես դեղին քարտով զգուշացվելուց հետո ևս մեկն եմ ստացել ու հեռացվել խաղադաշտից․․․

Ես միշտ պատրաստ եմ մեծ սիրով ու նվիրումով խաղալու հավաքականում, բայց, ինչպես հասկացա, պետք է դեղին քարտը հանել ֆուտբոլից, որ կրկին հրավեր ստանամ ընտրանուց: Տղաներին էլ մաղթում եմ հաղթանակ առաջիկա մրցավեճում»,- ասել է Մալաքյանը:

 



© ARMFOOTBALL.COM