Տրանսֆերային պայթյուն NBA-ում. Դյուրանտը և երկու այլ աստղեր միավորվեցին այլ ակումբում

10:58   1 հուլիսի, 2019

Այսօր ԱՄՆ-ում և Կանադայում բացվեց ազատ գործակալների շուկան: Բոլոր ազատ գործակալներն իրավունք ստացան բանակցել և պայմանգիրեր կնքել այլ ակումբների, իսկ թիմերը` փոխանակումներ կատարել:

Ամենաստղային տեղափոխությունը կատարվեց ազատ գործակալ դարձած Կևին Դյուրանտի մասնակցությամբ: Թեթև հարձակվողը «Գոլդեն Սթեյթից» տեղափոխվեց «Բրուքլին Նեթս»: Նրան են միացել նաև երկու այլ աստղեր` խաղարկող Կայրի Իրվինգը («Բոսթոն») և կենտրոնական Դեանդրե Ջորդանը («ԼԱ Կլիպերս»):

Այնուամենայնիվ, հաջորդ մրցաշրջանում այդ բասկետբոլիստները միասին չեն խաղա, քանի որ ավարտված մրցաշրջանի եզրափակչում Դյուրանտն աքիլեսյան քարշապարի պատռվածք է ստացել և բաց է թողնելու ամբողջ հաջորդ մրցաշրջանը:

Օրվա ուշագրավ այլ տեղափոխությունները.

«Գոլդեն Սթեյթն» Անդրե Իգուդալային ուղարկել է «Մեմֆիս», իսկ «Բրուքլինից» ստացել է Դեանջելո Ռասելին:

Մեկ այլ փոխանակման արդյունքում «Բոսթոնը» ստացել է «Շարլոտի» խաղարկող ու առաջատար Կեմբա Ուոքերին, իսկ Թերի Ռոզիրին ուղարկել հակառակ ուղղությամբ:

«Բոսթոնի» մեկ այլ բասկետբոլիստ, կենտրոնական Էլ Հորֆորդը տեղափոխվել է «Ֆիլադելֆիա»:

Նախորդ կանոնավոր առաջնության հաղթող «Միլուոկիի» խաղարկող Մալկոմ Բրոգդոնը կարիերան շարունակելու է «Ինդիանայում», իսկ նրա գործընկեր Ռիկի Ռուբիոն վերադառնում է «Ֆինիքս»:

NBA-ի նախկին ամենաարժեքավոր բասկետբոլիստ Դերիկ Ռոուզը կարիերան կշարունակի «Դետրոյթում», իսկ ահա Դերիկ Ֆեյվորսն ու Ջեյ Ջեյ Ռեդիկը` նոր կազմ հավաքած «Նյու Օրլեանում»:



© ARMFOOTBALL.COM