Ինչպես է «Բարսելոնան» ձախողվում փլեյ-օֆֆի արտագնա խաղերում. թվեր

11:24   8 մայիսի, 2019

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» Անգլիայում 0:4 հաշվով պարտվել է «Լիվերպուլին» ու դուրս մնացել մրցաշարից: Առաջին մրցավեճում կատալոնական թիմը հաղթել էր 3:0 հաշվով:

Իսպանացի վիճակագիր Պեդրո Մարտինը հաշվարկել է, որ վերջին երեք տարիներին «բլաուգրանան» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի արտագնա խաղերում ընդամենը 1 հաղթանակ է տարել: Դա եղել է ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ մրցավեճում (1:0):

Մյուս 6 հանդիպումներում «Բարսելոնան» 2 ոչ-ոքի է գրանցել ու 4 պարտություն կրել:

Էլ ավելի վատ ցուցանիշներ են խփած գոլերի հաշվարկում: Նույն այդ խաղերում «Բարսելոնան» ընդամենը 2 գոլ է խփել, իսկ բաց է թողել 15-ը:

Վերջին 6 տարիներին «կապտանռնագույնները» ՉԼ-ի արտագնա խաղերում 0:4 հաշվով պարտվել են արդեն երրորդ անգամ: 2013 թվականին «Բարսելոնան» զիջել է «Բավարիային», 2017-ին` ՊՍԺ-ին, իսկ 2019-ին` «Լիվերպուլին»:



© ARMFOOTBALL.COM