Վարդան Մինասյան. «VAR-ն օգնում է, բայց մյուս կողմից խաղը կորցնում է իր դրայվը, «համն ու հոտը»»

11:36   19 ապրիլի, 2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Արարատ-Արմենիա» - «Լոռի» հանդիպումից առաջ, երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` թիմի ֆունկցիոնալ վիճակի, Դմիտրի Աբակումովի մարզավիճակի և VAR համակարգի մասին։

- Ինչպե՞ս կգնահատեք թիմի ֆունկցիոնալ վիճակը` վերջին 16 օրերի ընթացքում արդեն 5-րդ խաղն եք անցկացնելու վաղը: Հարմարվե՞լ են ֆուտբոլիստները այս խիտ գրաֆիկին:

- Բոլոր թիմերի համար էլ դժվար է, ինչ խոսք: Նման գրաֆիկով խաղալն իսկապես շատ բարդ է: Խաղերի ժամանակ նկատելի է դառնում, որ ֆուտբոլիստներն իրենց բոլոր հնարավորությունները չեն ցուցադրում և, կարելի է ասել, թարմ ուժերով չեն հանդես գալիս: Նման դեպքերում ֆուտբոլիստների խաղը կախված է լինում իրենց հոգեբանական վիճակից: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ բոլոր թիմերն էլ հավասար պայմաններում են, և նման խիտ գրաֆիկը վնասում է առաջնության դիտարժանությունը:

- Դմիտրի Աբակումովը բացակայում էր նախորդ երկու հանդիպումների ժամանակ: Ինչպե՞ս կգնահատեք ֆուտբոլիստի մարզավիճակը: Կտեսնե՞նք արդյոք իրեն դաշտում վաղը կայանալիք հանդիպման ժամանակ:

- Դմիտրիի նախորդ երկու խաղերի բացակայությունը հույս ունեմ բացասական ազդեցություն չի ունեցել իր վրա: Կարծում եմ, որ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես լավ վիճակում է գտնվում: Նա շատ լավ ֆուտբոլիստ է և գիտի թե ինչպես պետք է հանդես գալ:

- Այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը VAR համակարգն է: Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք այս համակարգի մասին:

- Միանշանակ դժվար է պատասխանել, սակայն կարող եմ ասել, որ VAR համակարգն ունի երկու կողմ: Մի կողմից, իսկապես մրցավարներին տալիս է հնարավորություն ավելի արդար դատելու, իսկ մյուս կողմից խաղը կարծես, թե կորցնում է իր դրայվը, «համն ու հոտը»: Մենք ականատես եղանք, թե Աշարհի առաջնության խաղերի ժամանակ ինչքան օգնեց և հեշտացրեց մրցավարների գործը որոշում կայացնելիս: Սակայն, ֆուտբոլը հենց այդ փոքր սխալներով է հետաքրքիր և դիտարժան: Հստակ չեմ կարող ասել, թե ընդհանուր առմամբ ինչ ազդեցություն կունենա համակարգը: Հուսով եմ առաջիկա խաղերի ժամանակ միայն արդար և դրական ազդեցություն կունենա այդ համակարգը:

 



© ARMFOOTBALL.COM