Սուլշերի վերադարձը Չեմպիոնների լիգա և Տուխելի հանելուկները. մեկնարկում է 1/8 եզրափակիչը

18:40   12 փետրվարի, 2019

Չեմպիոնների լիգան վերադառնում է․․․

1/8 եզրափակչի վիճակահանության օրվանից ի վեր բազմաթիվ երկրպագուներ սրտատրոփ սպասում են հանդիպումներին, որովհետև շատ հետաքրքիր զույգեր են ձևավորվել։

Այսօր՝ փետրվարի 12-ի կեսգիշերին, 2 հանդիպում է նախատեսված։ «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի ՊՍԺ-ի, իսկ «Ռոման»՝ «Պորտուի» հետ։

«Մանչեսթեր Յունայթեդ» - ՊՍԺ․

Այս խաղն ամենասպասվածներից է ՉԼ-ում։ Առաջին հայացքից տպավորություն կա, որ սուպերկազմով ու Թոմաս Տուխելի գլխավորությամբ ՊՍԺ-ն դիմակայության ֆավորիտն է։ Տուխելը կարողանում է իր սաներին տրամադրել կարևորագույն խաղերին։ Դրա վառ օրինակը խմբային փուլում «Լիվերպուլի» դեմ երկրորդ հանդիպումն էր։ Այդ խաղում պարտվելու դեպքում փարիզեցիները կկորցնեին խմբից դուրս գալու շանսը, բայց ամենապատասխանատու պահին նրանք լուծեցին իրենց առջև դրված խնդիրը։ Սովորաբար, «մեծ» խաղերում, որոնք պահանջում են գերմոտիվացիա ու անսխալականություն, ՊՍԺ-ի ֆուտբոլիստների նյարդերը տեղի էին տալիս և նրանք խաղում էին հնարավորությունների 50-60 տոկոսի չափով։ Դա պատճառներից մեկն է, որ տարիներ ի վեր նրանք, ունենալով հիանալի կատարողներ, չեն կարողացել միջազգային ամենահեղինակավոր մրցաշարում հաղթանակի հասնել։

Այնուամենայնիվ, «Լիվերպուլին» հաղթած թիմի ու ներկայիս ՊՍԺ-ի մեջ մեծ տարբերություն կա։ Նախ, վնասվածք ունեն 3 առանցքային ֆուտբոլիստներ։ ՄՅՈւ-ի դեմ խաղին չեն մասնակցի առաջատար հարձակվողներից երկուսը՝ Նեյմարն ու Էդինսոն Կավանին և եզրային պաշտպան Տոմա Մենյեն։ ՊՍԺ-ի համար Նեյմարի և Կավանիի վնասվածքների բացասական հետևանքները բացատրելն ավելորդ է։ Աշխարհի լավագույն հարձակվողական եռյակից 2-ը բացակայում են ու դա չի կարող բացասաբար չանդրադառնալ թիմի վրա։ Տուխելը շատ բարդ իրավիճակում է հայտնվել, որովհետև վնասվածքենրը ենթադրում են մարտավարական լրջագույն փոփոխություններ։ Այստեղ հարց է առաջանում․ կարողացե՞լ է արդյոք թիմը յուրացնել տակտիկական նոր, լիովին տարբերվող սխեման։ Յուրաքանչյուր կտրուկ փոփոխություն ֆուտբոլում սովորաբար ենթադրում է ադապտացիոն երկար շրջան։ Թիմը նաև խնդիր ունի հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Փորձ կատարվեց ձմռանն այդ դիրքը հզորացնել, բայց այդպես էլ ակումբին չհաջողվեց համաձայնության հասնել թոփ ֆուտբոլիստի հետ, ով կկատարեր «սևագործ» աշխատանք դաշտի կենտրոնում՝ դրա հետ մեկտեղ ունենալով նաև փոխանցումների վարպետություն ու ֆունկցիոնալ լավ պատրաստվածություն։ Տուխելն այդ դիքում փորձարկում է կենտրոնական պաշտպան Մարկինյոսին, վետերան Դիարային և այլոց, բայց բարձրակարգ թիմերի հետ հանդիպումներում ակնառու է, որ նրանք չեն կարողանում լիարժեք կատարել հենակետայինի պարտականությունները թիմի ընհանուր մակարդակին համապատասխան։ Թիմը դուրս մնաց Ֆրանսիայի գավաթի խաղարկությունից, Լիգա 1-ում պարտվեց «Լիոնին» և, հավանաբար, ոչ այնքան բարձր տրամադրությամբ է մոտեցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը։ Այս խնդիրների հետ մեկտեղ, ֆրանսիական ակումբը չի դադարում մնալ լավագույններից մեկն աշխարհում։ Նորից առաջին պլան է գալիս գլխավոր մարզիչը, ով պետք է կարողանա համակարգել ու տրամադրել իր սաներին, նրանց հաղորդել վստահություն ու երկրորդ շնչառություն, որը նա կարողանում է շատ լավ անել։ Թե որքանով կհաջողվի ՊՍԺ-ին վերադասավորվել ու համագործակցել դաշտում բարձր մակարդակով՝ կիմանանք առաջիկայում։

Վերադասավորվելն ու երկրորդ շնչառության վառ օրինակն արդեն ցուցադրել է փարիզեցիների մրցակիցը՝ «Մանչեսթեր Յունայթեդը»։ Մոուրինյուի հեռանալուց հետո թիմը վերակենդանացավ և ֆուտբոլիստների մեծամասնությունը սկսեց ավելի թեթև, ազատ ու մտածված գործել դաշտում։ Օլե Գունար-Սուլշերը ստանձնեց թիմի ղեկը և 1-2 հանդիպումներից հետո, որոնք ՄՅՈւ-ն հաղթեց, թվում էր, թե սա ընդամենը ոգևորվածության արդյունք է և շուտով նրանք կսկսեն միավորներ կորցնել։ Վատատեսներն այդպես էլ մնացին սպասելով, որովհետև թիմը շարունակեց նույն ոգով։ Թվում էր, թե «կարմիր սատանաները» ձախողվել են ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում, բայց արդյունքը եղավ այն, որ այժմ նրանք բարձրացել են լավագույն քառյակ։ Ստացվում է, որ համընկել են ՊՍԺ-ի խնդիրներն ու անգլիական ակումբի վերելքը։ Եթե փարիզեցիներին հաջողվի նույնիսկ ոչ-ոքի կորզել մրցակցի դաշտում, ապա դա չի կարող համարվել ձախողում ներկայիս ՊՍԺ-ի համար։ ՄՅՈւ-ն 2,5 տարի սովորել է, թե ինչպես բաց չթողնել հակագրոհներ Մոուրինյուի գլխավորությամբ, իսկ հիմա Սուլշերը նրանց սովորեցրել է ազատ գործել նաև հարձակման գծում։ Եթե առանձին ֆուտբոլիստների նյարդերը տեղի չտան, ապա այս խաղում նվազագույնը չեն պարտվի։

«Ռոմա» - «Պորտու»

Եվս մեկ դիմակայություն, որտեղ հաղթողին գուշակելը դժվար կլինի։ Իհարկե, իտալական ակումբի մի շարք ֆուտբոլիստներ շատ ավելի փորձված են, թրծված Չեմպիոնների լիգայում ու ճնշումների բեռն իրենց ուսերին զգացած, բայց «Պորտուն» այն թիմն է, որը կարող է ցանկացած պահի միացնել շարժիչն ու փոխել խաղի ընթացքը։ Պորտուգալիայի առաջնությունում թիմն առաջատարն է։ Նրանք առաջին տեղը գրավեցին նաև ՉԼ-ի խմբային փուլում՝ ընդամենը մեկ ոչ-ոքի գրանցելով։ Մնացած բոլոր խաղերում Սերժիու Կոնսեյսաուի թիմը վստահ հաղթանակ է տարել։ Իհարկե, արդարության համար նշենք, որ խումբն այնքան էլ հզոր չէր, բայց միևնույն է, արդյունքը տպավորիչ է ու կարող է լրացուցիչ վստահություն հաղորդել թիմին։

«Ռոման» վայրիվերումներով է խաղում ընթացիկ մրցաշրջանում։ Նույնիսկ միջազգային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ թիմի գլխավոր մարզիչ Դի Ֆրանչեսկոն կարող է հեռացվել պաշտոնից։ Թիմն ընդամենը 6-րդն է Իտալիայի առաջնությունում և սկսել է միավորներ կորցնել նույնիսկ հետնապահների հետ խաղերում։ Տպավորություն է ստեղծվել, որ մարզիչը կամ ֆուտբոլիստների մի մասը սպառել են իրենց և ակումբը ռեստարտի կարիք ունի։ Այնուամենայիիվ, խնդիրների հետ մեկտեղ, «Ռոման» մնում է «Ռոմա»։ Չմոռանանք, թե նախորդ մրցաշրջանում թիմն ինչպես հավաքվեց ու սեփական հարկի տակ «Բարսելոնային» դաս տվեց՝ դուրս թողնելով հետագա պայքարից։ «Պորտուն» այն թիմն է, որը, ուժեղ կողմեր ունենալու հետ մեկտեղ, ունի նաև շատ թույլ կողմեր։ Եթե «Ռոման» կարողանա խաղի ընթացքում հասկանալ, թե որոնք են դրանք՝ կկարողանա փորձի և վարպետության, երկրպագուների աջակցության ու տանը տիրող մթնոլորտի հաշվին հաղթանակել։ Կարևորն այն է, որ հռոմեացիները միանգամից չնետվեն գրոհների և համբերություն դրսևորեն։ «Պորտուն» կարող է պատժել ցանկացած մրցակցին։ Այնպես որ, անկախ նրանից, թե իտալական ակումբը սեփական դաշտում է խաղալու ու հաղթանակը կարևոր պայման է՝ պետք է բալանսավորված գործեն ու խուսափեն հախուռն գործողություններից։

Օրվա դիմակայություններում թիմերը հավասար են գրեթե բոլոր առումներով։ Չի բացառվում, որ դիմակայությունների հիմնական իրադարձությունները ծավալվեն պատասխան խաղերում և այսօր որևէ մրցակից խոշոր հաշվով չզիջի։ Հավասար մրցակիցները միշտ բարձրացնում են երկրպագուների ադրենալինն ու առաջանում է անկանխատեսելիության սուր զգացումը, որը կրկնակի լարում է նյարդերն ու ֆուտբոլի էությունն ավելի է ընդգծում:

Գուշակեք հանդիպումների արդյունքները քվեարկության միջոցով կայքի աջ հատվածում՝ ՀԱՐՑՈՒՄ բաժնում։

 

Ջիվան Օհանյան



© ARMFOOTBALL.COM