Որոնել
Արխիվ
31.08.2018  23:58

Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա գլխավոր իրադարձությունները

Այսքանով ավարտում ենք մեր տրանսֆերային օնլայնը։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք։

_______________________________________________________________________________

03։05. Օրվա վերջում տրանսֆերներն ավելի աղմկալի են դառնում։ Սկանդալային մեկ օր անցկացնելուց հետո, որում նա ակումբին ստախոս լինելու մեջ մեղադրեց, «Սելթիկի» հարձակվող Մուսսա Դեմբելեն տեղափոխվեց «Լիոն»։ Տրանսֆերը կազմեց 22 միլիոն եվրո։ Հենց այդքան էր ֆրանսիական ակումբը ստացել Մարիանո Դիասի վաճառքից։ 

02։57. Հետևելով «Մանչեսթեր Սիթիի» օրինակին, «Չելսին» նույնպես իր «դուստր թիմ» ֆուտբոլիստ ուղարկեց։ «Վիտես» է տեղափոխվել հարձակվողական ոճի կիսապաշտպան Չարլի Մուսոնդան։ Լեոնիդ Սլուցկին գոհ կլինի։

02։19. Եվրոպական գրանդներից ամենաակտիվ վերջին օր անցկացրածը ՊՍԺ-ն էր։ Փարիզցիները հերթական գործարքի մասին հայտարարեցին։ Ազատ գործակալի կարգավիճակով ՊՍԺ-ին է միացել Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը։ Նրա վերջին թիմը «Սթոք Սիթին» էր։

02։11. Եվրոպական ֆուտբոլում ամենահետաքրքիր դրիբլինգներից մեկն ունեցող Ռիկարդո Կրիշնայի համար դա բավական չէր «Լացիոյում» ամրապնդվելու համար։ Վնասվածքներն էլ շատ խանգարեցին։ Այժմ Կրիշնան վարձակալությամբ վերադարձել է Հոլանդիա, որտեղ անուն է հանել «Այաքում» խաղալով։ Այս անգամ նա ուժերը փորձելու է «Դեն Հագում»։

01։55. Պաշտոնական. Կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն ՊՍԺ-ից վարձակալությամբ տեղափոխվեց «Սևիլյա»։ Մեկ տարվա համար փարիզցիները 2 միլիոն եվրո կստանան։ Անդալուզցիներն արգենտինացու տարբերակին անցան, երբ «Բարսելոնայի» հետ տապալվեցին Ռաֆինյա Ալկանտարիայի տրանսֆերի շուրջ երկարաժամկետ բանակցությունները։

01։44. Բոյան Կրկիչի փոխարեն «Ցրվենա Զվեզդայի» կազմում Չեմպիոնների լիգային կմասնակցի Մարկո Մարինը։ Մեծ ներուժ ունեցած ու այն մինչ օրս չբացահայտած Մարինը սերբերին է միացել «Օլիմպիակոսից»։

01։29. «Բորդոն» դրանով կանգ չառավ և վարձակալեց նաև «Ատալանտայի» ու Դանիայի հավաքականի բարձրահասակ հարձակվող Անդրեաս Կորնելիուսին։

01։28. «Ինտերում» ակտիվ փոխարինման մտնելով առանձնացած Յան Կարամոն կրկին վերադարձել է Ֆրանսիա։ Նա վարձավճարով տրվել է «Բորդոյին»։ Ուշագրավ է, որ ժիրոնդեցիները վերջին վայրկյանին փախցրել են «Սենտ-Էտիենի» ձեռքից։ Մալկոմի պատմությունը նրանց շատ բան է սովորեցրել։

00։33. ՊՍԺ-ն դեռ չի հայտարարել Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգի տրանսֆերի մասին։ Սպասում ենք փարիզցիներին։ Փոխարենը Ֆրանսիայի չեմպիոնը վայրկյաններ առաջ գրեց, որ հարձակվող Ժան-Կրիստոֆ Բաեբեկին ուղարկել է հոլանդական «Ուտրեխտ»։

00։18. Այն բանից հետո, երբ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հրաժարվեց աշխատանքային վիզա տալ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսին, «քաղաքայինները» ստիպված էին բրազիլացուն ևս մեկ տարով վարձակալության ուղարկել իրենց դուստր թիմ` «Ժիրոնա»։ «Սիթին» պաշտոնապես հաստատեց այդ գործարքը։

00։05. Մոսկվայի ԲԿՄԱ-ն մեկ օրում երրորդ տրանսֆերը կատարեց։ 4 միլիոն եվրոյի դիմաց ձեռք է բերվել «Ուֆայի» կիսապաշտպան Իվան Օբլյակովը։

23։41. Ահա և «Էյբարի» երկրորդ հետաքրքիր տրանսֆերը, բայց անգամ մուտքի տեսքով։ «Բարսելոնայից» վարձակալվել է ձախ պաշտպան Մարկ Կուկուրելյան։

23։17. «Էյբարի» հարձակվող Բեբեն վարձակալությամբ միացել է Պրիմերա վերադարձած «Ռայո Վալեկանոյին»։

23։29. Թվում էր, թե Գանսոն «Սևիլյայում» գտել է իր թիմը, բայց կարճ ժամանակ հետո նա դարձավ պահեստային։ Այժմ բրազիլացին վարձակալությամբ ուժերը կփորձի «Ամիենում» և կկարողանա Ֆրանսիայում հանդիպել իր նախկին լավագույն թիմակից Նեյմարին։

22։40. Ջեքսոն Մարտինեսը, ում համար մի քանի տարի առաջ «Ատլետիկոն» ու չինացիները հսկայական գումարներ էին վճարում, դարձել է պորտուգալական «Պորտիմոնենսեի» ֆուտբոլիստ։ Կոլումբացի հարձակվողը մեծ անուն էր հանել հենց Պորտուգալիայում` «Պորտուի» կազմում։

22։09. Եվս մեկ տրանսֆեր Մադրիդի «Ռեալից»։ Հարձակվող Բորխա Մայորալը վարձավճարով միացավ «Լևանտեին»։ Ահա և նրա հպարտ լուսանկարը։

22։00. Ֆաբիու Կոենտրաուն վերջնականապես հեռացավ «Ռեալից»։ Պաշտպանը դարձել է պորտուգալական «Ռիու Ավեի» ֆուտբոլիստ։ Գործարքի մանրամասները դեռ հայտնի չեն։

21։57. Մի քանի տարի առաջ «Այաքսում» հեռանկարային էր համարվում Ռիխեդլի Բազուր անունով ֆուտբոլիստ, ով 2017 թվականի սկզբում տեղափոխվեց «Վոլֆսբուրգ», որի մոտ անկում էր սկսվել։ Հիմա Բազուրը փորձելու է կարիերան վերականգնել «Պորտուի» կազմում։ Վարձակալություն։

21։40. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Բավարիայի» ձախ պաշտպան Խուան Բերնատը տեղափոխվեց ՊՍԺ։ Տրանսֆերն արժեցել է 14 միլիոն եվրո։ Փարիզցիներն իսպանացու տարբերակին անցան, երբ չկարողացան ձևակերպել Ֆիլիպե Լուիսի («Ատլետիկո») գործարքը։

21։08. «Լոռին» հայտարարել է, որ երկու շաբաթ տևած ծանր բանակցություններից հետո կարողացել է ստանալ հարձակվող Ստեֆան Ադջումանիի տրանսֆերը։ Փաստաթղթերի ձգձգման մեջ ակումբը մեղադրել է Կոտ Դ՛Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիային։

20։59. «Չելսիի» հարձակվող Թամի Աբրահամի դեգերումները շարունակվում են։ Այս անգամ նա վարձակալությամբ կխաղա «Ասթոն Վիլայում»։

19։40. «Արսենալի» հարձակվող Ռիս Նելսոնն այսօր նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ, ապա վարձակալությամբ ուղարկվեց «Հոֆֆենհայմ»։ Գերմանիայում նա խաղալու է հարձակվողի համար կարևոր` 9 համարի մարզաշապիկով։ 

19։00. Գերմանիայում փակվեց տրանսֆերային պատուհանը, բայց ձևակերպված գործարքների մասին կարող են ակումբներն հայտարարել ավելի ուշ։

18։47. «Էվերթոնը» հրաժարվել է «ՌԲ Լեյպցիգին» վաճառել հարձակվող Ադեմոլե Լուկմանի տրանսֆերը։ Գերմանացիները 20-ամյա ֆուտբոլիստի դիմաց մոտ 30 միլիոն եվրո են առաջարկել, սակայն մերժում ստացել։ Լուկմանը նախորդ մրցաշրջանում վարձակալությամբ հենց «Լեյպցիգում» էր խաղում, որտեղ 11 խաղում 5 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել։

18։22. «Բանանցի» վերջին տրանսֆերներց մեկը, եթե ոչ վերջինը։ «Տամբովից» երևանյան թիմին է միանալու 29-ամյա պաշտպան Իլյա Գուլտյաևը, հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։ Մի փոքր զարմանալի է, որ Անդրեյ Տալալաևի նախկին թիմից տրանսֆերը «Փյունիկի» ուղղությամբ չէ։

17։52. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Նուրի Շահինը Դորտմունդի «Բորուսսիայից» տեղափոխվեց «Վերդեր»։ Բրեմենում նա հանդես է գալու 17 համարի մարզաշապիկով։ Տրանսֆերը կազմել է 1 միլիոն եվրո։


17։42. Պաշտոնական. «Բեշիկթաշը» վարձակալեց հարձակվողական ոճի կիսապաշտպան Ադեմ Լյայիչին։ Մեկ տարվա գործարքի համար «Տորինոն» 1,25 միլիոն եվրո կստանա։

17։33. Արաս Օզբիլիսի թիմը` «Վիլլեմ II»-ը շարունակում է ուժեղանալ։ Հոլանդացիները վարձակալել են «Լիդսի» հենակտեային կիսապաշտպան Վուրնոն Անիտային։ Եվրագավաթների ճանապարհ են բռնել։

17։18. Կհիշեք Թել-Ավիվի «Մաքքաբիի» հարձակվող Վիդար Կյարտանսսոնին։ «Փյունիկի» դեմ Եվրոպա լիգայում խաղացած ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ռոստով»։ 

16։55. Այսօր տրանսֆեր է կատարել նաև համաշխարհային ֆուտբոլը։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին խաղն է անցկացրել պատմության ամենաարագ մարդը` Ուսեին Բոլտը։ Նա ելույթ է ունենում ավստրալական «Ցենտրալ Կոստ Մերիներսում»։

16։47. Ավելի վաղ  Sky Sports-ը գրել էր, որ «Ատլետիկոն» տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին փորձելու է «Ֆիորենտինայից» գնել Դիեգո Սիմեոնեի որդուն` Ջիովանի Սիմեոնեին։ Գործելու ժամանակն է։

16։22. Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինը ժամեր անց պետք է դառնա «Վերդերի» ֆուտբոլիստ, գրում է Bild-ը։ Թուրքն արդեն ժամանել է Բրեմեն, որպեսզի բուժզննում անցնի։

15։58. Մադրիդի «Ռեալը» ներկայացրեց Մարիանո Դիասին։ Նա խաղալու է լեգենդար` 7 համարի մարզաշապիկով։

15։49. Կայացավ Եվրոպա լիգայի վիճակահանությունը։ Տեսնենք, թե դա ինչպես կազդի ակումբների տրանսֆերային ծրագրերի վրա։

15։18. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Քուինսի Պրոմեսը «Սպարտակից» տեղափոխվեց «Սևիլյա»։ 5 տարվա պայմանագիր։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերը կազմելու է 21 միլիոն եվրո։

14։56. «Բարսելոնայի» ձախ պաշտպան Մարկ Կուկուրելյան մեկ ոտքով «Էյբարում» է։ Գործարքը վարձակալություն է նախատեսում, գրում է sport.es-ը։ Լյուկա Դինի հեռանալուց հետո կատալոնացիների պահեստային ձախ պաշտպանի համար պայքարում մրցակցում էին ակումբի սաներ Կուկուրելյան ու Խուան Միրանդան, որում հաղթեց վերջինս։

14։49. Իսլանդացիների հոսքը Ռուսաստանի առաջնություն շարունակվում է։ Հերթական ֆուտբոլիստը կիսապաշտպան Արնոր Սիգուրդսոնն է, ով պայմանագիր է կնքել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ։ Նրա նախկին թիմը շվեդական «Նորչեպինգն» էր։

14:38. «Ռեալ Սոսյեդադը» ներկայացրել է հարձակվող Սանդրո Ռամիրեսին, ում վարձակալել է «Էվերթոնից»։ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը հարազատ թիմից հեռանալուց հետո դեռ հաջող է խաղացել միայն «Մալագայում»։

14:20. Փաստացի այսօր է կայացել նաև «Մոնակոյի» ձախ պաշտպան ժորժեի վարձակալական տեղափոխությունը «Պորտու»։

14։02. Հիշո՞ւմ եք «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Հարրի Քյուելին։ Նա նշանակվել է աշխարհի ամենահին ակումբի` անգլիական «Նոթս Քաունթիի» գլխավոր մարզիչ։

13։50. Տրանսֆերային շուկայում տևական դադար է։ Հիմա բոլորը քննարկում են Լուիս Էնրիկեի` Իսպանիայի հավաքականի հայտացուցակը, որում բացակայում են Ժորդի Ալբան, Կոկեն և ԱԱ-2018-ի այլ մասնակիցներ։

13։33. Անակնկալ հայտարարություն sport.es-ի կողմից։ Ռաֆինյա Ալկանտարան մնում է «Բարսելոնայում»։ «Բետիս» տեղափոխվելու բանակցությունները տապալվել են։ Անդալուզցիները նրա փոխարեն վարձակալելու են ՊՍԺ-ի կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոյին։

13։29. Նույն աղբյուրը գրում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Բորխա Մայորալը վարձավճարով տեղափոխվելու է «Լևանտե»։ Հավանաբար, Մարիանո Դիասի տրանսֆերից հետո հասկացել է, որ մեկնարկային կազմի դռները վերջնականապես փակ են։

13։22. Football Espana-ն հաղորդում է, որ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած «Ցերվենա Զվեզդան» մոտ է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Բոյան Կրկիչին վարձակալելուն։ Սերբական արմատներով ֆուտբոլիստի ներկայիս թիմը «Սթոք Սիթին» է, որն այս մրցաշրջանից խաղում է անգլիական Չեմպպիոնշիփում։ «Ցրվենա Զվեզդայում» է նախկին խաղացել Բոյանի հայրը։

13։16. Լրագրող Ջանլուկա Դի Մարցոյի կայքը գրում է, որ «Տորինոյի» կիսապաշտպան Ադեմ Լյայիչն այսօր մեկնելու է Ստամբուլ, որպեսզի ավարտի «Բեշիկթաշ» տեղափոխությունը։ Գործարքը կձևակերպվի որպես վարձակալություն։

13։08. Երեկ երեկոյան ՊՍԺ-ն 40 միլիոն եվրոյով «Վալենսիային» վաճառել է Գոնսալու Գեդեշին, իսկ այսօր վարձակալության ուղարկել Կևին Տրապին։ Սակայն այսօր փարիզցիները միայն վաճառողի դերում չեն լինելու։ Թոմաս Տուխելը հաստատել է, որ շուտով ՊՍԺ-ին են միանալու «Բավարիայի» ձախ պաշտպան Խուան Բերնատը և «Սթոք Սիթիի» հարձակվողական ոճի ֆուտբոլիստ Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը։

13։01. Այսօր մեծ ակտիվություն է սպասվում Մոսկվայի ԲԿՄԱ-ի կողմից, որն այս ամռանը զրկվեց գրեթե բոլոր առաջատարներից։ «Բանակայինների» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 4 տարվա պայմանագիր է ստորագրվել ճապոնացի հարձակվող Տակումա Նիսիմուրայի հետ։ «Վեգալտա Սենդայի» արդեն նախկին ֆուտբոլիստը Ճապոնիայի ընթացիկ առաջնության 24 խաղում հասցրել է 11 գոլ խփել։

12։56. Ահա և օրվա առաջին տրանսֆերը Հայաստանից։ «Երևանի» ֆուտբոլիստ է դարձել լատվիացի կիսապաշտպան Կիրիլս Գրիգորովսը։

 

12։49. Sky Sports-ը հաղորդում է, որ «Լիվերպուլի» կիսապաշտպան Լազար Մարկովիչը շատ մոտ է կրկին ակումբից հեռանալուն։ Նրա համար պայքարում են ՊԱՕԿ-ն ու «Անդերլեխտը»։

12։42. Ի՞նչ սպասել «Բարսելոնայից»։ Marca-ն գրում է, որ կատալոնացիներն այլ նորեկներ չեն ունենա, քանի որ նրանց տրանսֆերային նպատկների` Ադրիեն Ռաբյոյի, Ֆրենկի դե Յոնգի և Պոլ Պոգբայի գործարքներն ակումբը մեկ տարի հետո է ծրագրում ձևակերպել։ Փոխարենը, սպասվում է, որ թիմը կլքի Ռաֆինյա Ալկանտարան։ Goal.com-ից տեղեկանում ենք, որ բրազիլացու հետ նոր պայմանագիր է ստորագրվելու, ապա նա մեկ տարվա վարձակալությամբ տրվելու է «Բետիսին»։

12։37. Եվս մեկ պաշտոնական հայտարարություն։ ՊՍԺ-ի դարպասապահ Կևին Տրապը վարձավճարով տեղափոխվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»։ Ջիջի Բուֆֆոնի ժամանելուց հետո շատերը սպասում էին, որ թիմը կլքի Ալֆոնս Արեոլան, սակայն ֆրանսիացին մնաց թիմում և կմրցակցի իտալացի լեգենդի հետ։

12։35. «Միլանի» նախկին հարակվող Մբայե Նիանգն այդպես էլ չկարողացավ հարմարվել «Տորինոյին» և փորձելու է վստահությունը վերականգնել Ֆրանսիայում։ Սենեգալցուն վարձակալել է «Ռենը»։

12։30. «Սևիլյան» իր պաշտոնական թվիթերյան էջում հրապարակեց բուժզննում անցնող Կուինսի Պրոմեսի լուսանկարը։ Սպասվում է, որ «Սպարտակի» առաջատարը 21 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի Իսպանիա։

____________________________________________________________________

Բարև Ձեզ հարգելի ընթերցողներ։ Այսօր՚ օգոստոսի 31-ին եվրոպական շատ երկրներում տրանսֆերային պատուհանի վերջին օրն է։ Վերջին գործարքները կատարելու հնարավորություններն ունեն իսպանական, գերմանական, ֆրանսիական, հայկական, ռուսական և այլ երկրների ակումբները։ Տրանսֆերային պատուհանը վաղուց փակված է անգլիական (միայն ԱՊԼ) ու իտալական (Ա սերիա) ակումբների համար, սակայն նրանք կարող են այլ երկրներ ուղարկել իրենց ֆուտբոլիստներին։

ArmFootball.com-ը ներկայացնում է օրվա ամենահետաքրքիր գործաքրներն ու նրանց նախորդող տեղեկությունները։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000