Որոնել
Արխիվ
29.07.2018  20:34

Կարեն Բարսեղյան. «Սուտյեսկայի» հետ պատասխան խաղում պետք է առավելագույն նվիրումով խաղանք»

Երևանի «Ալաշկերտի» ավագ մարզիչ Կարեն Բարսեղյանը մեկնաբանել է իր թիմի տարած հաղթանակը «Գանձասար-Կապանի» նկատմամբ Հայաստանի սուպերգավաթի խաղում:

- Այն, որ այսօր Դուք էիք պահեստայինների նստարանին, այլ ոչ Վարուժան Սուքիասյանը,, նշանակում է՝ այս մրցաշրջանում Դու՞ք եք ղեկավարելու թիմի գործողությունները:

- Բացարձակապես: Վարուժան Սուքիասյանը վերևից էր ղեկավարում այսօրվա խաղը: 

- Եվրոպական ֆուտբոլում թիմերը շաբաթական երկու հանդիպում են անցկացնում: Որքանո՞վ էր ճիշտ այսօրվա խաղում երկրորդ կազմ դուրս բերել, հաշվի առնելով, որ մինչև մյուս խաղը դեռ 4 օր ժամանակ կա:

- Շատ դժվար ճանապարհ էինք անցել: Նպատակահարմար գտանք հանգստի հնարավորություն տալ հիմնական կազմի տղաներին: Հիմնական ասելով՝ նկատի ունեմ այն ֆուտբոլիստներին, ովքեր խաղացել էին Չեռնագորիայում: Այսօր խաղացած տղաներն իրենց արդարացրին: Իհարկե, ամսի 2-ի խաղը կենսական նշանակություն ունի:

- Այն, որ թիմը պահեստայինների երկար նստարան ունի՝ նշանակու՞մ է, որ առաջնության հենց սկզբից մտնելու եք չեմպիոնության համար պայքարի մեջ՝ անկախ նրանից, որ թիմը հանդես է գալիս եվրագավաթներում:

- Այսօրվա խաղին միայն Դաղբաշյանը մասնակցեց հիմնական կազմից: Սա վկայում է, որ մենք ունենք բավականաչափ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են առաջնության ժամանակ էլ մեծ օգուտ տալ թիմին:

- Էդգար Մանուչարյանը այսօր չկար հայտացուցակում: «Սուտյեսկայի» հետ պատասխան խաղին նա պատրաստ կլինի՞:

- Հույս ունենանք՝ կլինի: Նա նոր է միացել թիմին, ֆունկցիոնալ առումով դեռ պատրաստ չէ լիարժեք: Կարծում եմ՝ ի վիճակի կլինի 15-20 րոպե նրան տեսնել խաղադաշտում: Իհարկե, դա ինքնանպատակ չէ, կախված խաղի իրադրությունից՝ կորոշենք, կխաղա նա, թե ոչ:

- Թիմը համալրվա՞ծ է, թե՞ դեռ նորեկներ կլինեն:

- Մեկ կամ երկու նորեկ կլինեն: Արդեն կա ֆուտբոլիստ, ով մեզ միացել է, այդ մասին կհայտարարենք ավելի ուշ:

- Ամեն դեպքում, ինչո՞վ էր պայմանավորված, որ Վարուժան Սուքիասյանն այսօր պահեստայինների նստարանին չէր:

- Ճիշտ է, առաջին խաղում հաղթեցինք, բայց շատ ծանր հանդիպում էր, նույնիսկ մարզչի համար: Ճիշտ համարեցինք, որ նա այսօր հանգստանա, և վերևից ղեկավարի թիմի գործողությունները:

- Բրազիլացի Մարմենտինին շուտ փոխարինվեց: Արդյո՞ք նրան էլ եք դիտակում պատասխան խաղում որպես տարբերակ:

- Այո, քանի որ չգիտենք՝ ինչ է մեզ սպասում ամսի 2-ին: Փոխարինեցինք, որ նա էլ պատրաստ լինի պատասխան խաղի:

- Ռազմիկ Հակոբյանը առաջին թիմի ֆուտբոլի՞ստ է լինելու:

- Ռազմիկ Հակոբյանը դիտարկվում է որպես առաջին թիմի ֆուտբոլիստ, նա այսօր շատ ակտիվացրեց խաղը: Երկար ժամանակ էր ապաքինվում վնասվածքներից: Նա լիարժեք առաջին թիմի ֆուտբոլիստ է:

- Սեսար Ռոմերոն առայժմ նախկինին նման չէ...

- Սեսարին ժամանակ է պետք: Երկու տարի՝ չգիտեմ ինչ իրավիճակներում է եղել: Եթե հին Ռոմերոն լիներ, համոզված եմ՝ Հայաստանի առաջնություն չէր վերադառնա: Հուսով ենք՝ հետագայում ավելի լավ տեսք կունենա, ավելի շատ օգուտ կտա թիմին:

- Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ անցնելու հնարավորությունը 50 տոկոսից ավե՞լ եք գնահատում:

- Նման խաղերում, կարծում եմ, ցանկացած ելք վճռվում է երկրորդ խաղում: Չէի ցանական խոսել հնարավորություններից: Պարզապես, պետք է առավելագույն նվիրումով խաղանք: Մրցակիցը կորցնելու բան չունի, կփորձի ճնշել, պետք է պատրաստ լինենք, մենք էլ պետք է ագրեսիվ լինենք: Կորոշենք, թե ինչ մարտավարությամբ ենք գործելու: Հասկանալի է, որ պատմական շեմ է, թե մեր, թե «Փյունիկի» համար: Պետք է ամեն ինչ անենք, որ այդ շեմն անցնենք: Առիթից օգտվելով էլ, կխնդրեմ, որ երկրպագուները գան մարզադաշտ: Մեզ շատ են քննադատում՝ տեղի, կամ անտեղի: Իսկ հիմա մենք աջակցության կարիք ունենք, և կխնդրեի, որ գան ու աջակցեն թիմին մարզադաշտում:

- Ինչպե՞ս է թիմը պատրաստվում գործել պատասխան խաղում՝ խորքի՞ց, սպասելով, թե՞ ավելի ակտիվ գործելով:

- Մարտավարությունից եկեք հիմա չխոսենք: Դեռ մի քանի օր կա, կորոշենք, թե ինչպես կխաղանք:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000