Որոնել
Արխիվ
15.07.2018  16:21

ԱԱ-2018. 20 տարի անց կամ նոր հրացանակիներն ու փոքր երկրի մեծ ֆուտբոլիստները

ԱԱ-2018-ի եզրափակչում այսօր՝ հուլիսի 15-ին, տեղի կունենա Ֆրանսիա – Խորվաթիա հանդիպումը։

Եթե մրցաշարի մեկնարկից առաջ Ֆրանսիան հանդիսանում էր ԱԱ-ում հաղթելու ֆավորիտ, ապա Խորվաթիայի հավաքականի եզրափակիչ հասնելն անսպասելի էր։ Շատերը հավատում էին, որ փոքր երկրի մեծ ֆուտբոլիստներով համալրված ընտրանին կկարողանա ԱԱ-ում լավ արդյունք գրանցել, բայց, որ կկարողանա հասնել եզրափակիչ ու պայքարել գավաթի համար՝ քչերն էին ակնկալում։ Խորվաթներն արդեն արել են սպասվածից ավելին, ինչը նշանակում է, որ կատարել են իրենց առջև դրված խնդիը։ Իհարկե, ախորժակը բացվում է ուտելիս, և հավաքականը ներդնելու է իր ողջ ուժն ու համառությունը, որպեսզի կատարի վերջին քայլն ու նվաճի գավաթը, բայց եզրափակչում ֆավորիտ չլինելը կարող է փոքր ինչ նվազեցնել լարվածությունը։ Հաճախ եզրափակիչները կորցնում են դիտարժանությունն ավելորդ զգուշության ու լարվածության դրսևորումների հետ կապված, ինչը ավելի հավանական է վառ արտահայտվի ֆրանսիացիների մոտ։ Եթե Խորվաթիան պարտվի՝ միևնույն է, նրանց հերոսի կարգավիճակը չի փոխվի, որովհետև արդեն զարմացրել են շատերին ու արել  անհնարինը։ Հոգեբանորեն դա միանշանակ առավելություն կտա նրանց։

Լրիվ հակառակն է ֆրանսիացիների մոտ, ովքեր, երիտասարդ լինելու հետ մեկտեղ խորվաթների համեմատ կրկնակի ճնշում են զգալու իրենց ուսերին։ Նրանք այդ խաղի  ֆավորիտն են, իսկ պարտության դեպքում շատերի կողմից կմոռացվի այն գրագետ ու հաշվարկված ֆուտբոլը, որը ցուցադրել են առաջնությունում։ Եզրափակիչ դուրս գալուց հետո Ֆրանսիայում տիրող ոգևորությունը կարող է րոպեների ընթացքում փոխարինվել հիասթափության։ Միայն այն միտքը, որ Եվրո 2016-ից հետո կարող են պարտվել երկրորդ խոշորագույն առաջնությունում, նրանց սարսափեցնելու է։ Հատկապես այն ժամանակ, եթե Խորվաթիան կարողանա առաջինն աչքի ընկնել։ Դա կարող է մեծ խուճապ առաջացնել ֆրանսիացիների մոտ և հանգեցնել անդառնալի հետևանքների։

Անկասկած, լարվածությունն ու վախը Ֆրանսիայի մոտ անհամեմատ շատ է լինելու։ Բոլորը Եվրո 2016-ի եզրափակչում տեսան, թե ինչպես ֆավորիտ լինելու ծանր բեռն անդրադարձավ նրանց խաղի վրա նույնիսկ առաջատարին կորցրած Պորտուգալիայի ընտրանու դեմ խաղի ընթացքում։ Այս Ֆրանսիան 2 տարով հասունացել է ու եզրափակչում խաղալու փորձ ունի, բայց դա կարող է թե՛ օգնել, թե՛ խանգարել նրանց։ Թե ինչպես կկարողանա Դեշամն առաջին հերթին իրեն տրամադրել ու քաջալերել, հետո դա փոխանցել սաներին՝ կիմանանք հաշված ժամեր անց։

Հավաքականների հոգեբանական տրամադրվածությունից պակաս կարևոր չեն մարտավարությունն ու ֆուտբոլիստների ճիշտ ընտրությունը։ Եթե Դալիչն առանձնապես մեծ ընտրություն չունի, հատկապես, որ հարցականի տակ է Պերիշիչի մասնակցությունը, ապա Դեշամը հսկայական ընտրության հնարավորություն ունի։ Խմբային փուլի մեկնարկում նա ձախ եզրում օգտագործում էր Ուսման Դեմբելեին։ Ստացվում էր, որ Ժիրուն խաղում էր հարձակման գծում, Գրիզմանը ենթահարձակվողի դիրքում, իսկ աջ և ձախ եզրերում խաղում էին հարձակվողական ոճի ևս 2 ֆուտբոլիստներ՝ Մբապեն ու Դեմբելեն։ Այդպիսով, կազմը դառնում էր գերհարձակողական, որը միշտ էլ Դեշամը չի սիրել։ Մարզիչը զգույշ և հաշվարկված ֆուտբոլի կողմնակից է, և նրան ձեռք չի տալիս այդքան հարձակվողների միանգամից դաշտ դուրս բերել։ Իսկ, թե ում զոհաբերեց՝ իմացանք առաջին մի քանի խաղից հետո։

Դեմբելեի փոխարեն Մատյուիդիի տարբերակը սկզբում արժանացավ վերլուծաբանների քննադատությանը, սակայն այդ փոփոխությունը «ցեմենտեց» դաշտի կենտրոնը, որն ակտիվացրեց թե՛ հարձակման, թե՛ կիսապաշտպանական գիծը։ Ֆրանսիայի հավաքականը որոշ չափով նաև ապահովագրվեց հակագրոհների վտանգից՝ Մատյուիդիի աշխատասիրության, նահանջելու ու խաղընկերներին փոխօգնության հասնելու ունակությունների շնորհիվ։ Հատկանշական է, որ Բլեզ Մատյուիդին վնասվածք ունի ու վերջին խաղերում թիմի առանցքային ֆուտբոլիստը դառնալուց հետո, հնարավոր է, չկարողանա օգնել իր հավաքականին ամենակարևոր պահին։ Եթե նույնիսկ նա կարողանա դաշտ դուրս գալ, հարց է՝ կկարողանա՞ կատարել նույն հսկայական ծավալի աշխատանքը, թե՝ ոչ։ Շատ հետաքրքիր է, թե ինչ կանի այս իրավիճակում Դեշամը։ Մի՞թե նորից դաշտ դուրս կբերի Դեմբելեին ու կխաղա 4 հարձակվողով։ Դեմբելեն կարող է նաև նահանջել, բայց չի կարող Մատյուիդիի պես ունիվերսալ լինել։ Դեմբելեի տարբերակը խաղակցված է, սակայն, ինչպես արդեն նշվեց, մարզիչը գերհարձակողական ֆուտբոլի ջատագովը չէ։

Ֆրանսիացիները կարող են ինչպես նախաձեռնողի, այնպես էլ պաշտպանվողի դերում հանդես գալ։ Թիմը գիտի համբերել ու կրակել այն ժամանակ, երբ մրցակիցը կորցնում է զգոնությունը։ 

Դալիչի ընտրությունն անհամեմատ ավելի սուղ է։ Ինչպես նշվել էր՝ Պերիշիչի մասնակցությունը հարցականի տակ է։ Պերիշիչին համարժեք փոխարինելը գրեթե անհնար է, որովհետև վերջինս հանդիսանում է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Դա լուրջ կորուստ կլինի, բայց չի քանդի մարզչի մարտավարությունը, ինչպես Մատյուիդիի բացակայության դեպքում՝ Ֆրանսիայինը։

Խորվաթիան ունի ընդգծված առաջատար, ով կապում է խաղային բոլոր օղակները՝ դաշտում կատարելով թե՛ սևագործ աշխատանք, թե՛ հարձակման գծի ֆուտբոլիստներին գնդակները պարզապես սկուտեղի վրա մատուցում, թե՛, երբեմն, իր վրա եզրափակողի պարտականությունները վերցնում։ Լուկա Մոդրիչն այն շարժիչն է, որի բացակայության դեպքում խորվաթները կվերածվեն միջին կարգի ու հեշտանցանելի, խարխլված կիսահամակարգի։ Մոդրիչի բացակայությունը նույնիսկ երազում տեսնելու դեպքում խորվաթներն, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա շոկից դուրս գալ։ Սա չափազանցված չէ։ «Ռեալի» կիսապաշտպանը Խորվաթիայի հավաքականի ամեն ինչն է։ Նրանց առավելությունը միշտ հանդիսացել է կիսապաշտպանությունը։ Այդ դիրքում խաղում են համաշխարհային կարգի աստղեր, ովքեր մարզչի հաջող տակտիկական դասավորության դեպքում խնդիրներ կարող են առաջացնել յուրաքանչյուր թիմի համար։

Պաշտպանությունը նույնպես ամուր է։ Վիդան և Լովրենը լավ են համագործակցում, դիրքային սխալները հասցրել են մինիմալի, երկրորդ հարկում հաջող են պայքարում ու աքցանների մեջ են առնում մրցակցի ֆուտբոլիստներին։ Եթե Պերիշիչը չհասցնի վերականգնվել, ապա նրա փոխարեն ձախ եզրում կարող է խաղալ Մանջուկիչը, իսկ հարձակման կենտրոնում՝ Կրամարիչը։ Պարզապես այդ ժամանակ, Դալիչը խաղի ընթացքում հարձակման գիծն ուժեղացնելու ավելի քիչ տարբերակներ կունենա, քանի որ Կալինիչի՝ հավաքականի ճամբարը լքելուց հետո պահեստայինների նստարանին հարձակվողներից մնում է միայն Մարկո Պյացան։ Խորվաթիայի ընտրանուն առավելագույնս կարող է խանգարել հոգնածությունը, որովհետև փլեյ օֆֆի 3 խաղերում նրանք գործը հասցրել են լրացուցիչ ժամանակի։ Չնայած, կիսաեզրափակչում նույնպես նախապատվությունը շատերը տալիս էին Անգլիային՝ նշելով, որ Խորվաթիան ավելի մեծ աշխատանք է կատարել, վերջին 2 հանդիպումներում գործը հասել է լրացուցիչ ժամանակի ու հոգնածությունն անկասկած կզգացվի։ Այդ հանդիպմանը խորվաթները բացվեցին հատկապես երկրորդ խաղակեսում ու մրցակցից ավելի թարմ տեսք ունեին։ Նման կամային հատկանիշներով օժտված թիմերը միշտ են վտանգավոր՝ անկախ ամեն ինչից։

Մի բան պարզ է․ այս հավաքականներն արժանիորեն հասել են եզրափակիչ։ Նրանց մնում է վերջին ու ամենակարևոր քայլը կատարել ու պատմություն կերտել՝ երկրպագուներին պարգևելով անսահման ուրախություն ու նույնքան հիասթափություն։ Ֆուտբոլը հեռու է միայն խաղ լինելուց։ Այն շատերի ապրելակերպն է, հույսը, հավատը, կյանքի իմաստն ու նպատակը։

20 տարի առաջ Խորվաթիայի հավաքականը պատմական հաջողության հասավ՝ դուրս գալով աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, ու այնտեղ պարտվեց տանտերերի հավաքականին՝ աշխարհի ապագա չեմպիոն ֆրանսիացիներին։ Լիլիան Թյուրամը այսօր խաղադաշտում չի լինելու, այնպես որ խորվաթները կարող են հանգիստ շունչ քաշել։ Բայց այսօր էլ խաղադաշտ դուրս եկող ֆրանսիացիները լի են վճռականությամբ կրկնելու իրենց ավագ գործընկերների հաջողությունը։ Խորվաթներն արդեն գերազանցեցին 20 տարի առաջվա ցուցանիշը։ Նրանք արդեն նոր պատմություն են գրել, բայց կարող են այդ պատմության նաև ոսկե երանգներ տալ։

Անզիջում պայքարի սպասելիքով․․․

ArmFootball-ն Աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում է Ucom-ի աջակցությամբ։


 

Ջիվան ՕՀԱՆՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000