Որոնել
Արխիվ
06.09.2017  20:19

Աթլետիկա. Ռոբերտ Էմմիյան. «Երևանում միջազգային չափորոշիչների աթլետիկական ստադիոնի խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծված է»

Լեգենդար հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը հայտարարել է, որ հնարավոր է՝ շուտով Երևանում միջազգային չափորոշիչների աթլետիկական ստադիոն լինի:

- Այս մի քանի օրերն ինձ համար շատ կարևոր են: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայում գործընկերներս ինձ կրկին ընտրեցին նախագահ: Շատ շնորհակալ եմ վստահության համար: Շնորհակալ եմ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին, փոխնախարար Գաբրիել Ղազարյանին, երկրի ղեկավարներին, որ ըստ ամենայնի աջակցում են մեր «թագուհի» մարզաձևին:

Հայաստանում աթլետիկական ծածկույթի խնդիր կա: Հայաստանը, թերևս, աշխարհի միակ երկիրն է, որ տաղանդավոր մարզիկներ, բանիմաց մարզիչներ ունի, սակայն մարզաձևով լրջորեն զբաղվելու պայմաններ չկան: Ես մի մեծ երազանք ունեմ՝ Երևանում միջազգային չափորոշիչներին համապատասխանող աթլետիկական ծածկույթով ստադիոն  ունենալու երազանքը, որը շատ թանկ հաճույք է: Խնդիրը ներկայացրել եմ Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությանը, անձամբ բազմիցս զրուցել դրա նախագահի հետ, Երևան եմ հրավիրել մարզաձևի միջազգային ու եվրոպական ֆեդերացիայի ղեկավար կազմերին:

Աթլետիկական ամբողջական ծածկույթը շատ թանկ արժե, բայց միջազգային ֆեդերացիան ինձ ճանաչելով և հարգելով, զգալի զեղչ էր արել՝ սահմանելով $ 380 հազար գին, ընդորում, դրանից $ 160 հազարն ինքն է տրամադրում: Բայց մնացած 220 հազարն էլ մեր երկրի համար խնդիր է: Բոլորովին վերջերս Լոնդոնում, որտեղ ընթանում էր աշխարհի առաջնությունը, ես կարողացա կրկին մեկտեղ հավաքել մեր մարզաձևի համաշխարհային ու եվրոպական ֆեդերացիաների ղեկավարներին, իմ ընկերներին, ներկայացնել Հայաստանի քաղաքական և տնտեսական բարդ իրավիճակը: Եվ «Հերկուլան» հանրահայտ ընկերությունը, որի ղեկավարն ինձ լավ ճանաչում է, համաձայնեց ամբողջ աշխատանքը կատարել 170 հազար եվրոյով:

Այսպիսով, Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխանող աթլետիկական ստադիոն ունենալու խնդիրը, կարելի է ասել, գրեթե ամբողջությամբ լուծված է: Ուզում եմ, որ այն Երևանում լինի,- Էմմիյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000