Որոնել
Արխիվ
22.12.2016  03:13

Եվրատեսիլյան քվեարկություններ հայկական սպորտում. ոչինչ չի փոխվել, ոչինչ չի փոխվի

Ավարտին է մոտենում 2016թ.-ը, և ավանդույթի համաձայն մարզաշխարհի ներկայացուցիչները որոշում են իրենց լավագույններին: Մարզասերներին առաջին հերթին հետաքրքրում է այդ քվեարկություններից երեքը` Հայաստանի տարվա լավագույն մարզիկը, Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստն ու տարվա լավագույն մարզիչը (ֆուտբոլ):

Դրանցից առաջինն անցկացնում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան (թեև մի քանի տարի առաջ այդ հարցում տարաձայնություններ եղան, բայց դա եղավ մեկ անգամ), մյուս երկուսը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Եվ երկու դեպքում էլ բազմաթիվ հարցեր են առաջանում:

Հայաստանի լավագույն մարզիկ

Այն որ Արթուր Ալեքսանյանը պետք է ճանաչվի Հայաստանի լավագույն մարզիկ, գրեթե ոչ մի կասկած չկար: 20 տարի անց Հայաստանը օլիմպիական չեմպիոն ունեցավ, և դեռևս օգոստոսին կարելի էր այս հարցը փակված համարել: Կարելի է ասել, այստեղ երկու ինտրիգ էր մնացել` ինչպես կդասավորվեն մյուս մարզիկները տասնյակում, և արդյոք այս անգամ տասնյակում կհայտնվի Հենրիխ Մխիթարյանը: Երկու դեպքում էլ անակնկալներ չեղան. օլիմպիական երեք արծաթե մեդալակիրներից ամենաբարձր տեղը ստացավ Միհրան Հարությունյանը, թեև, ի տարբերություն ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանի և Գոռ Մինասյանի, հունահռոմեական ոճի ըմբիշը տարվա մեջ այլ խոշոր հաջողություններ չէր արձանագրել, մինչդեռ Սիմոնն ու Գոռը մեդալներ էին նվաճել Եվրոպայի առաջնությունում: Հասկանալի է` այստեղ իր դերն ունեցավ այն, որ Միհրանը Ռիոյի խաղերի եզրափակչում պարտվել էր մրցավարական կողմնակալության պարագայում, և լրագրողների քվեարկությունում դա չէր կարող իր արտացոլումը չստանար: Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա այս անգամ նրա անունը անգամ թեկնածուների թվում չկար: Եթե նախորդ տարիներին մարզական լրագրողների ֆեդերացիան Մխիթարյանին երբեմն ընդգրկում էր թեկնածուների թվում, բայց քվեարկողներին խորհուրդ էր տրվում, երբեմն էլ պահանջվում, որ նրա օգտին չքվեարկեն, քանի որ կա լավագույններին որոշելու կանոնակարգ, ապա այս անգամ տասնյակում չհայտնվելու մասին «հոգ էր տարվել» նախապես: Ավելին, զուգահեռներ էր անցկացվել Մխիթարյանի և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ու Ռուսաստանը ներկայացնող սուսերամարտուհի Յանա Եգորյանի հետ` նշվելով, որ «նրանք իրենց արդյունքներով փայլում են Հայաստանից դուրս»:

Իհարկե, կարելի է անընդհատ նշել, որ Մխիթարյանին դա պետք էլ չէ: Պետք չէ այդ ճանաչումը, պետք չեն պարգևները: Այդպես է: Նույնիսկ ծիծաղելի կլինի, եթե Մխիթարյանին, ով Բրիտանիայում Լամբորջինի է քշում, տարվա վերջում Նիվա նվիրեն: Մխիթարյանին լավագույն մարզիկների թվում տեսնելը մեզ է պետք: Ի տարբերություն նույն Աբրահամի ու Եգորյանի, Մխիթարյանը Հայաստանն է ներկայացնում, ու եթե մի օր Մխիթարյանը հայտնվի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում, նրան առաջին հերթին որպես Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ են ներկայացնելու: Մրցանակի հետ էլ մի բան կարելի է անել: Կարելի է այն տալ բարեգործության, կամ էլ հանձնել 11-րդ տեղը գրաված մարզիկին… Համենայն դեպս, այսօր բոլոր մարզաձևերի ներկայացուցիչների համար նման խրախուսանքները ողջունելի են, դեռ մի բան էլ քիչ են:

Հայաստանի լավագույն մարզիկին որոշում է մարզական լրագրողների ֆեդերացիան, որը անկախ կառույց է համարվում, սակայն պարգևատրում է նրանց ՀԱՕԿ նախագահը: Միգուցե պետք է պարզապես վերջ դնել բոլոր ձևականություններին, պաշտոնապես հանձնել լավագույնը որոշելու իրավասությունը ՀԱՕԿ-ին, տասնյակին էլ «Լավագույն օլիմպիականների տասնյակ» անվանու՞մը տալ: Այդպես գոնե հասկանալի կլինի:  Հակառակ դեպքում միշտ էլ տարօրինակ է թվալու, թե ինչու մի մարզիկի, ով մյուսներից քիչ չի մարզվում, ամեն օր աշխատում է և դառնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, սեփական երկրում անվանում են «Հայաստանից դուրս փայլողներ»:

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության առանձնահատկությունների մասին խոսել էինք դեռևս երկու տարի առաջ, ոչինչ չի փոխվել, և ավելացնելու ոչինչ էլ չկա: Հասկանալի է, որ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը վերջին տարիներին անփոփոխ է ու դեռ որոշ ժամանակ այդպիսին էլ կմնա, բայց նման պարագայում Հայաստանի առաջնության ավարտին լավագույններին որոշելը անհրաժեշտություն է դարձել: Ցանկացած նման մրցանակ շանս է ֆուտբոլիստի համար արտասահմանյան ակումբների ուշադրություն գրավելու համար:

Հայաստանի լավագույն մարզիչ

Լավագույն մարզչի թեկնածուների թվում Հայաստանում աշխատող մարզիչներն են, ու այս պարագայում ընտրության սուբյեկտիվությունը տարեց տարի ավելանում է ու վերածվում «Եվրատեսիլ» երգի հայտնի մրցույթի քվեարկությանը: Ֆավորիտները միմյանց օգտին չեն քվեարկում, հարևաններն իրար են ձայն տալիս, վերջում էլ հաղթում է նա, ով հենց սկզբից որոշված էր:

Այս տարի Հայաստանի լավագույն մարզիչ ճանաչվեց Վարդան Բիչախչյանը: Երկրորդ տեղում, ինչպես և նախորդ տարի Աբրահամ Խաշմանյանն էր: Ընդ որում, երկու դեպքում էլ Խաշմանյանի անունը ավելի շատ էր հիշատակվում առաջին հորիզոնականում, բայց բանն այն է, որ նրա անունը ոչ բոլորի եռյակներում էր առկա, և հենց դա էլ վճռական դեր է խաղաց: Մասնավորապես, ՀՖՖ գործկոմի 6 անդամներ, «Շիրակ» ու «Արարատ» ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչները, ինչպես նաև «Փյունիկ» ՖԱ-ի նախագահը:

Հարցը այստեղ Վարդան Բիչախչյանի լավագույնը ճանաչվելը չէ: «Շիրակը» նրա գլխավորությամբ այս տարի հաջող հանդես եկավ եվրագավաթներում ու առաջնության առաջին հատվածն էլ եզրափակեց առաջին հորիզոնականում: Ավելին, այս մրցանակը Բիչախչյանի համար գուցե և ուշացած է, նա արժանի էր այն ստանալ դեռևս մի քանի տարի առաջ: Պարզապես երկու տարի անընդմեջ ականատես ենք լինում գրեթե նույն սցենարին: Գլխավոր հավակնորդ Աբրահամ Խաշմանյանը բացահայտ առաջատար է լրագրողների քվեարկությունում, սակայն գործկոմի ու մի քանի ակումբների (հիմնականում «Փյունիկ» և «Արարատ») քվեարկության արդյունքում հետ է մնում, և արդյունքում ճանաչվում երկրորդը:

2004թ.-ից Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզչի քվեարկությունն անցկացնում է ՀՖՖ-ն (մինչ այդ դա կատարում էր «Ֆուտբոլ+» շաբաթաթերթը, հարցմանը մասնակցում էին միայն լրագրողները), ու այդ օրվանից գրեթե միշտ նույն պատկերն է: Հետաքրքիր զուգադիպությամբ գործկոմի անդամներ Սամվել Ալեքսանյանն ու Տարոն Մարգարյանը մի քանի տարի շարունակ ճիշտ նույն ձև են քվեարկում թե’ լավագույն ֆուտբոլիստ, թե’ լավագույն մարզիչ անվանակարգերում: Իհարկե, ցանկացած քվեարկություն սուբյեկտիվ է, քանի որ յուրաքանչյուր քվեարկող իր սուբյեկտիվ կարծիքն է հայտնում: Բայց երբ Հայաստանի չեմպիոն դարձած ու եվրագավաթներում քիչ թե շատ հաջող հանդես եկած թիմի մարզչի ու այդ տարի ոչ մի տիտղոս չնվաճած, եվրագավաթում էլ Ջիբրալթարի թիմից դուրս մնացած թիմի մարզչի միջև քվեարկողներից շատերը նախապատվությունը տալիս են երկրորդին, հասկանում ես, որ սուբյեկտիվ մարդկանց թիվը քվեարկողների շարքում չափից շատ է: Իսկ դա արդեն անլուրջ է դարձնում քվեարկության արդյունքները: Ինչպես ասում էր «Բլեֆ» ֆիլմում Ադրիանո Չելենտանոյի հերոսը` «Ուզում ես կարմիրի վրա դիր, ուզում ես` սևի, միևնույն է, հաղթելու է 0-ն...»: 

 

Ռաֆայել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000