Որոնել
Արխիվ
10.11.2016  10:40

«Մունդիալ-2018»-ի ընտրական փուլի 5 հանդիպումներ, որոնք չի կարելի բաց թողնել

Առաջիկա ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին ամբողջ մոլորակով մեկ տեղի են ունենալու 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումները: Բնականաբար, բոլորիս ուշադրության կենտրոնում Հայաստան - Չեռնոգորիա հանդիպումն է, ինչպես նաև մեր ենթախմբում կայանալիք մյուս խաղերը: Սակայն, դրանցից զատ, եվրոպական և մյուս աշխարհամասերի ընտրական մրցաշարերում կայանալու են այլ հետաքրքիր հանդիպումներ ևս:

ArmFootball.com-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 5 մրցավեճ, որոնց ընթացքին անպայման պետք է հետևել: Մտապահեք խաղերի օրերը և ժամերը:

 

Եվրոպական գոտի, F խումբ, 11-ը նոյեմբերի

Անգլիա - Շոտլանդիա (Մեկնարկը՝ 23:45-ին)

 

Կողմերի դիրքն ընտրական ենթախմբում. Անգլիա՝ 1-ին հորիզոնական (7 միավոր), Շոտլանդիա՝ 4-րդ հորիզոնական (4 միավոր)

Կողմերի վերջին 5 դիմակայություններում՝ Անգլիան հաղթել է 4 անգամ, Շոտլանդիան՝ մեկ

Կկայանա բրիտանական դերբին: Անգլիայի հավաքականը բավականին հաջող է մեկնարկել ընտրական մրցաշարում՝ 3 խաղում տոնելով 2 հաղթանակ և գրանցելով մեկ ոչ-ոքի: Սակայն «Երեք առյուծներն» առայժմ բավարարվում են համեստ հաշիվներով: Անգլիացիները Սլովակիայի դարպասն ուղարկել են մեկ, Մալթայի դարպասը՝ 2 անպատասխան գնդակ, իսկ նոյեմբերի 11-ին հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի են արձանագրել Սլովենիայի դեմ մրցավեճում:

Իսկ շոտլանդացիների մոտ գնալով նկատվում է արդյունքների վատթարացում: Մեկնարկը տպավորիչ էր: Շոտլանդացիները հյուրընկալվելիս 5:1 հաշվով պարտության մատնեցին Մալթային, հետագայում մեկական գնդակ փոխանակեցին Լիտվայի հետ, իսկ վերջին խաղում չափազանց անհաջող հանդես եկան: Բրիտանացիները մրցակցի հարկի տակ 0:3 հաշվով պարտություն կրեցին Սլովակիայի հավաքականից:

 

Հարավամերիկյան գոտի, 11-ը նոյեմբերի լույս 12-ի գիշերը

Բրազիլիա - Արգենտինա (Մեկնարկը՝ 03:45-ին)

Կողմերի դիրքն ընտրական մրցաշարում. Բրազիլիա՝ 1-ին հորիզոնական (21 միավոր), Արգենտինա՝ 6-րդ հորիզոնական (16 միավոր)

Կողմերի վերջին 5 դիմակայություններում՝ Բրազիլիան հաղթել է 2 անգամ, Արգենտինան՝ մեկ, գրանցվել է 2 ոչ-ոքի

Սա, կարելի է ասել, հարավամերիկյան կլասիկո է: Շատ բառեր չպետք է գործի դնել՝ նկարագրելու համար այս հանդիպման նշանակությունը, քանի որ ամեն ինչ արդեն պարզ է: Բրազիլացիներն անհամեմատ հաջող են ելույթ ունենում ընտրական մրցաշարում և 10 տուրից հետո միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Աշխարհի հնգակի չեմպիոնները տոնել են 4 անընդմեջ հաղթանակ՝ այդ խաղերում ընդհանուր խփելով 12 գոլ և բաց թողնելով միայն մեկը:

Իսկ արգենտինացիները որոշակի ճգնաժամի մեջ են: Դա մեծ մասամբ կապված է նաև նրա հետ, որ վերջին հանդիպումներին վնասվածքի պատճառով չմասնակցեց թիմի ավագն ու առաջատարը՝ Լիոնել Մեսսին: «Ալբիսելեստեն» վերջին 3 հանդիպումներում ոչ մի հաղթանակ չի տոնել՝ գրանցելով 2 ոչ-ոքի և մեկ պարտություն: Դրանով է պայմանավորված, որ արգենտինացիներն առայժմ զբաղեցնում են միայն 6-րդ հորիզոնականը: Բայց թիմերը շատ խիտ են դասավորված, և Արգենտինայի ու առաջատար Բրազիլիայի միջև միավորների տարբերությունը կազմում է ընդամենը 5 միավոր:

 

Հարավամերիկյան գոտի, 11-ը նոյեմբերի

Կոլումբիա - Չիլի (Մեկնարկը՝ 00:30)

Կողմերի դիրքն ընտրական մրցաշարում. Կոլումբիա՝ 4-րդ հորիզոնական (17 միավոր), Չիլի՝ 5-րդ հորիզոնական (16 միավոր)

Կողմերի վերջին 5 դիմակայություններում՝ Կոլումբիան հաղթել է մեկ անգամ, Չիլին՝ 2, գրանցվել է 2 ոչ-ոքի

Եվս մեկ դիմակայություն՝ Ատլանտյան օվկիանոսի այն ափից: Հարավային Ամերիկայի գործող գավաթակիր Չիլիի հավաքականն առայժմ աչքի է ընկնում անկայուն ելույթներով: Չիլիացիները 10 խաղերում տոնել են 5 հաղթանակ, կրել 4 պարտություն և գրանցել մեկ ոչ-ոքի: Թիմը սեպտեմբերի 7-ին Բոլիվիային 3:0 հաշվով հաղթելուց ուղիղ մեկ ամիս անց նույն հաշվով արդեն զիջեց Էկվադորին: Դրանից էլ 5 օր անց չիլիացիները 2:1 հաշվով պարտության մատնեցին Պերուի հավաքականին: Չիլին լուրջ կորուստ ունի, քանի որ Ալեքսիս Սանչեսը չի մասնակցելու առաջիկա խաղին:

Կոլումբիացիները նույնպես արձանագրում են հակասական արդյունքներ: Մասնավորապես, վերջին 3 հանդիպումներում թիմը գրանցել է մեկական հաղթանակ, ոչ-ոքի և պարտություն: Կոլումբիան սեպտեմբերի 7-ին 1:2 հաշվով պարտվել է Բրազիլիային, մեկ ամիս անց նվազագույն հաշվով հաղթել Պարագվային, իսկ հոկտեմբերի 12-ին 2-ական գնդակ փոխանակել Ուրուգվայի դեմ մրցավեճում:

 

Եվրոպական գոտի, A խումբ, 11-ը նոյեմբերի

Ֆրանսիա - Շվեդիա (Մեկնարկը՝ 23:45-ին)

Կողմերի դիրքն ընտրական խմբում. Ֆրանսիա՝ 2-րդ հորիզոնական (7 միավոր), Շվեդիա՝ 1-ին հորիզոնական (7 միավոր)

Կողմերի վերջին 5 դիմակայություններում՝ Ֆրանսիան հաղթել է 2 անգամ, Շվեդիան՝ մեկ, գրանցվել է 2 ոչ-ոքի

Կհանդիպեն Ա խմբի առաջատարները: Ընդ որում, նրանց՝ 1-ին կամ 2-րդ հորիզոնականներում նշելը պայմանական է, քանի որ նրանք ունեն հավասար միավորներ և նույնիսկ խփած ու բաց թողած գնդակների միևնույն տարբերությունը՝ 5:1: Այս խմբում է ընդգրկված նաև Հոլանդիայի հավաքականը, որը վաստակած 4 միավորով 3-րդ տեղում է: Ֆրանսիացիներն ընտրական փուլում մեկնարկեցին Բելառուսի դեմ խաղում գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ հետագայում 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին Բուլղարիայի նկատմամբ: Կարևոր էր հաղթանակը հոկտեմբերի 10-ին կայացած Հոլանդիայի հետ արտագնա խաղում (1:0): Վճռորոշ գոլը խփեց Պոլ Պոգբան:

Շվեդները հոլանդացիների հետ հանդիպել են ընտրական փուլի մեկնարկային տուրում: Գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1: Դրան հաջորդեցին հաղթանակները Լյուքսեմբուրգի (1:0) և Բուլղարիայի հետ (3:0) հետ մրցավեճերում: Առաջիկա հանդիպումը կարևոր նշանակություն կունենա խմբի հաղթողի համար պայքարում:

 

Եվրոպական գոտի, I խումբ, 12-ը նոյեմբերի

Խորվաթիա - Իսլանդիա (Մեկնարկը՝ 21:00-ին)

Կողմերի դիրքն ընտրական խմբում. Խորվաթիա՝ 1-ին հորիզոնական (7 միավոր), Իսլանդիա՝ 2-րդ հորիզոնական (7 միավոր)

Կողմերի 4 դիմակայություններում՝ Խորվաթիան հաղթել է 3 անգամ, գրանցվել է մեկ ոչ-ոքի

Ինչպես և Ֆրանսիայի ու Շվեդիայի դեպքում, այստեղ էլ Խորվաթիան ու Իսլանդիան իրենց ենթախմբի առայժմ ուժեղագույն թիմերն են: Ի սկզբանե սա բավականին հավասարազոր թիմերի խումբ էր համարվում՝ հաշվի առնելով նաև Ուկրաինայի, Թուրքիայի և Ֆինլանդիայի հավաքականների ներկայությունը: Ուկրաինացիները 5 միավոր են վաստակել և եզրափակում են լավագույն եռյակը: Խորվաթիան ընտրական փուլի առաջին տուրում ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ (1:1), որին հաջորդեցին հաղթանակները Կոսովոյի (6:0) և Ֆինլանդիայի (1:0) նկատմամբ:

Իսկ Իսլանդիայի հավաքականը «Եվրո-2016»-ի բացահայտումը դառնալուց հետո շարունակում է հաջող ելույթները նաև այս ընտրական մրցաշարում: Կղզիաբնակները նույնպես մեկնարկեցին ոչ-ոքիով՝ հյուրընկալվելիս մեկական գնդակ փոխանակելով ուկրաինացիների հետ: Փոխարենը թիմը 6 միավոր վաստակեց հաջորդ 2 հանդիպումներում՝ պարտության մատնելով Ֆինլանդիային (3:2) և Թուրքիային (2:0):

Ուշադրության է արժանի նաև Հայաստանի հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված հավաքականների ելույթների ժամանակացույցը՝ Դանիա - Ղազախստան (11-ը նոյեմբերի, 23:45), Ռումինիա - Լեհաստան (11-ը նոյեմբերի, 23:45): Կկայանան նաև հետևյալ հետաքրքիր խաղերը՝ Սան Մարինո - Գերմանիա (եվրոպական գոտի, C խումբ, 11-ը նոյեմբերի, 23:45), Լիխտենշտեյն - Իտալիա (եվրոպական գոտի, G խումբ, 12-ը նոյեմբերի, 23:45), Ուելս - Սերբիա (եվրոպական գոտի, D խումբ, 12-ը նոյեմբերի, 23:45), Իսպանիա - Մակեդոնիա (եվրոպական գոտի, G խումբ, 12-ը նոյեմբերի, 23:45), ԱՄՆ - Մեքսիկա (հյուսիսամերիկյան գոտի, 12-ը նոյեմբերի լույս 13-ի գիշերը, 04:45), Պորտուգալիա - Լատվիա (եվրոպական գոտի, B խումբ, 13-ը նոյեմբերի, 23:45):

 

Արման ԱԲԵԼՅԱՆ


 

 

 

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000