Որոնել
Արխիվ
10.11.2016  10:00

Մխիթարյանի անփոփոխ երազանքը և «ԱՄՆ-ի նախագահ» Մեսսին. Օրվա գլխավոր լուրերը՝ մեկ տողով

Երեկ՝ նոյեմբերի 9-ին ֆուտբոլային աշխարհում տեղի ունեցած իրադարձություններից ArmFootball.com-ն առանձնացրել է կարևորագույնները և դրանք ներկայացնում է մեկ տողով:

ՀԱՅԱՍՏԱՆ

Հենրիխ Մխիթարյանը դարձել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) բարի կամքի ազգային դեսպանը: Նա կօժանդակի այդ կազմակերպության մի շարք ծրագրերի, որոնք առնչվում են երեխաների կրթությանը և իրավունքների պաշտպանությանը:

Հենրիխ Մխիթարյան. «Միշտ հպարտացել եմ Արթուր Պետրոսյանով: Շատ ուրախ եմ նրա նշանակման կապակցությամբ, քանի որ գիտեմ, որ կարող ենք հաջողության հասնել նրա հետ: Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդին», ապա, թեև քիչ խաղաժամանակ եմ ստանում, ես կշարունակեմ պայքարել: Երկար ճանապարհ եմ անցել՝ այնտեղ հայտնվելու համար: Ոչինչ չի կարող խանգարել ինձ՝ երազանքս իրականացնելու և նպատակիս հասնելու համար»:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այցելել է ֆուտբոլի ակադեմիայում հավաք անցկացնող Հայաստանի ընտրանուն: Նա զրուցել է ֆուտբոլիստների և մարզչական շտաբի ներկայացուցիչների հետ և Հենրիխ Մխիթարյանից ստացել անվանական մարզաշապիկ:

«Ալաշկերտը» և «Բանանցը» կանցկացնեն ստուգողական հանդիպում: Այն տեղի կունենա նոյեմբերի 12-ին, ժամը 12:00-ին:

ԻՍՊԱՆԻԱ

ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկողներից մեկը քվեաթերթիկում թեկնածուների կողքին ավելացրել է Լիոնել Մեսսիի անունը և իր «ձայնը տվել» արգենտինացուն:

«Բարսելոնան» ձմռանը կարող է պայմանագիր ստորագրել «Պալմեյրասի» պաշտպան Յիերի Մինայի հետ: Նրա տրանսֆերին հավակնում են նաև «Միլանը» և «Բավարիան»: Կատալոնական ակումբն ունի 9 մլն եվրոյի դիմաց կոլումբիացու տրանսֆերը գնելու առաջնահերթ իրավունք, բայց այդ կետն ուժի մեջ կմտնի միայն հաջորդ տարվա հուլիսին:

Կրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկներն ամենամեծ մասսայականությունն են վայելում «Ռեալի» երկրպագուների շրջանում: Սկսած 2009 թվականից՝ մադրիդյան ակումբի վաճառված մարզաշապիկների 40 տոկոսը եղել է հենց Ռոնալդուի անունով:

Լուիս Սուարես. «Ես իսկապես բանակցում եմ «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր կնքելու առիթով: Եվ ես, և ակումբը նույն նպատակն ունենք: Սա այն ակումբն է, որտեղ միշտ ցանկացել եմ լինել և որտեղ այժմ երջանիկ եմ:

ԱՆԳԼԻԱ

Գարի Նևիլ. «Ես զարմացած եմ Մոուրինյոյի՝ Սմոլինգի նկատմամբ վերաբերմունքից: Չեմ կարողանում հավատալ, որ Քրիսն ամեն օր չի մտածում աշխատանքի մասին, քրտնաջան չի մարզվում: Ես նրա հետ 4 տարի եմ աշխատել: Միշտ հիացել եմ Սմոլինգի աշխատասիրությամբ»:

Լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը կհեռանա «Լոս-Անջելես Գելեքսիից», բայց չի ավարտի մարզական կարիերան: Նա շուտով կվերադառնա Մեծ Բրիտանիա և կդիտարկի ստացած առաջարկները:

Զլատան Իբրահիմովիչ. «Մինչ Մանչեսթերում լինելը շատ էի դժգոհություն լսում դրա մասին, բայց ինձ մոտ առայժմ ամեն ինչ լավ է: Այն լավագույն քաղաքն է ինձ համար: Ես միշտ ցանկանում եմ լինել ընտանիքիս կողքին: Այն ինձ համար առաջին տեղում է, իսկ մնացյալը պակաս կարևոր են»:

Ուեյն Ռունին ամռանը հրաժարվել է տեղափոխվել չինական «Բեյցզին Գուոան»: Այդ մասին հայտնել է ակումբի նախագահ Լուո Նինգը: Ռունին վերջինիս հայտնել է, որ կխաղա Անգլիայում այնքան, քանի դեռ իրեն թույլ է տալիս առողջությունը:

ԻՏԱԼԻԱ

«Յուվենթուսը» կշարունակի պայքարել «Զենիթի» կիսապաշտպան Ակսել Վիտցելին ձեռք բերելու համար: Թուրինյան ակումբը նրա տրանսֆերի դիմաց կառաջարկի 6-8 մլն եվրո: Բացի այդ, «Յուվենթուսի» դիտակետում է նաև «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Բլեյզ Մատույդին:

«Ինտերի» նախկին պաշտպան Վալտեր Սամուելը կվերադառնա միլանյան ակումբ: Նա կընդգրկվի թիմի մարզչական շտաբում, որն օրերս գլխավորել է Ստեֆանո Պիոլին:

«Ռոմայի» դարպասապահ Վոյցեխ Շեսնի. «Մենք պայքարելու ենք Սկուդետոն նվաճելու համար: Չեմ կարծում, թե «Յուվենթուսն» ինչ-որ բանով գերազանցում է «Ռոմային»: Իսկ նրանց դարպասապահ Ջիջի Բուֆոնն ուղղակի բացառիկ ֆուտբոլիստ է: Նա լավագույններից մեկն է մարզաձևի պատմության մեջ»:

Խոսե Կալյեխոն. «Երբ Իգուաինը «Նապոլիում» էր, ամեն ինչ հիանալի էր: Այնուհետև նա ընտրեց «Յուվենթուսը», և, բնականաբար, երկրպագուները չէին կարող նորմալ ընդունել դա: Նեապոլցիները ցանկանում են, որ իրենց թիմում խաղան ազնիվ և նվիրված մարդիկ»:

ԳԵՐՄԱՆԻԱ

Կարլո Անչելոտի. «Գոնսալո Իգուաինը, Ռոբերտ Լևանդովսկին և Լուիս Սուարեսն աշխարհի 3 լավագույն կենտրոնական հարձակվողներն են»:

Ֆիլիպ Լամ. «Ցանկանում եմ գտնել ճիշտ պահը, երբ կգա հեռանալուս ժամանակը: Կփորձեմ լսել սրտիս ձայնին: Միաժամանակ, պետք է հաշվի առնեմ իմ ֆիզիկական պատրաստվածության մակարդակը»:

Բեռլինի «Հերտան» Թվիթերյան իր պաշտոնական էջում այսպիսի հայտարարություն է տարածել. «Ռոնալդուն հայտարարել է, որ իր վերջին պայմանագիրը ցանկանում է կնքել «Ռեալի» հե՞տ. վերջինը նա կստորագրի մեզ հետ»:

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նևեն Սուբոտիչը վերջապես վերսկսել է մարզումները: Նա խաղադաշտ դուրս չի եկել սկսած այս տարվա մարտից:

ԱՅԼ

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆիզպատրաստության նախկին մարզիչ Թոնի Ստրադվիկ. «Կրիշտիանու Ռոնալդուի ֆիզիկական հնարավորությունները նրան թույլ են տալիս խաղալ այնքան, որքան ինքը կցանկանա»:

Լիոնել Մեսսին թարմացված դաջվածքով է ներկայացել Արգենտինայի հավաքականի մարզմանը: 29-ամյա ֆուտբոլիստը որոշակի փոփոխություններ է կատարել նախկին դաջվածքի վրա, որն արվել էր իր ձախ ոտքին:

«Ֆենոմեն» Ռոնալդո. «Ես այս տարվա «Ոսկե գնդակը» կհանձնեի Կրիշտիանու Ռոնալդուին: Դա նրա համար, ինչ նա հաղթել է այս տարվա ընթացքում»:

Դավիդ Վիլյա. «Հպարտ եմ, որ աշխատել եմ Գվարդիոլայի հետ: Պեպը ֆուտբոլի պատմության մեջ լավագույն մարզիչներից մեկն է: Նրա փիլիսոփայությունն է՝ մշտապես վերահսկել գնդակը և խաղալ հարձակողական ֆուտբոլ: Եթե կորցնում ես գնդակը, ապա պետք է այն վերադարձնել որքան հնարավոր է շուտ»:

 

Արման ԱԲԵԼՅԱՆ

 


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Շալկե - Մանչեսթեր Սիթի հանդիպումը
Շալկեի հաղթանակով
Մանչեսթեր Սիթիի հաղթանակով
Ոչ-ոքի
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000