Որոնել
Արխիվ
08.11.2016  10:00

Լավագույնը ճանաչված Ռոնալդուն և Բիբերին նմանվող Մեսսին. Օրվա գլխավոր լուրերը՝ մեկ տողով

Երեկ՝ նոյեմբերի 7-ին ֆուտբոլային աշխարհում տեղի ունեցած իրադարձություններից ArmFootball.com-ն առանձնացրել է կարևորագույնները և դրանք ներկայացնում է մեկ տողով:

ՀԱՅԱՍՏԱՆ

Ավարտվեց Առաջին խմբի առաջնության 12-րդ տուրը: Վերջին մրցավեճում «Արարատ-2»-ն Աշտարակում նվազագույն հաշվով պարտվեց «Գանձասար-Կապանին»: Հաղթական գոլի հեղինակ դարձավ Վարդան Բակալյանը:

Պորտուգալիայի առաջնության 10-րդ տուրում «Մարիտիմուն» սեփական հարկի տակ 1:0 հաշվով պարտության է մատնել «Բրագային»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը եղել է դաշտի տերերի մեկնարկային կազմում և փոխարինվել 70-րդ րոպեին:

Կիպրոսի առաջնության 10-րդ տուրում «Կարմիոտիսան» հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվել է «ԱՊՕԵԼ»-ին: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Տարոն Ոսկանյանը և Դավիթ Մանոյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը:

ԻՍՊԱՆԻԱ

Marca պարբերականն ընտրել է Լա Լիգայի 2015/16թթ. առաջնության իր լավագույններին: Լավագույն ռմբարկուին տրվող «Պիչիչի» մրցանակին արժանացել է Լուիս Սուարեսը («Բարսելոնա»), Լուիս Արագոնեսի անվան մրցանակին (տրվում է Իսպանիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստին)՝ Ալվարո Մորատան («Ռեալ»): Լավագույն դարպասապահ է ճանաչվել Յան Օբլակը, իսկ լավագույն մարզիչ՝ Դիեգո Սիմեոնեն (2-ն էլ՝ «Ատլետիկո»):


Ըստ հայտնի լրատվամիջոցի՝ Լա Լիգայի նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին այդ մրցաշարում մասնակցել էր 36 հանդիպման և դարձել 35 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

Խերարդ Պիկե. «Եթե «Ոսկե գնդակը» յուրաքանչյուր տարի հանձնեին աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, ապա Մեսսին, սկսած 2009 թվականից, պետք է ամեն տարի ստանար այն: Նա այլ մակարդակի վրա է»:

«Սևիլյայի» հարձակվող Վիտոլո. «Մեսսին մեզ ոչնչով չզարմացրեց: Մենք առանց այդ էլ գիտեինք, որ նա ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողն է: Մեսսին գիտե՝ ինչպես փոխել խաղերի ընթացքը»:


ԱՆԳԼԻԱ

Ժոզե Մոուրինյո. «Այո, խաղացողները ստիպված են լինում փոխվել, որպեսզի կարողանան խաղալ իմ ղեկավարությամբ: Բայց ավելի կարևոր է, որ նրանք արժանի լինեն հանդես գալու «Մանչեսթեր Յունայթեդի» համար»:

Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղը: Նա «Սուոնսիի» հետ վերջին մրցավեճում ստացավ մրցաշրջանում իր 5-րդ զգուշացումը և ավտոմատ կերպով չի մասնակցի մեկ հանդիպման:

Daily Mail. «Չելսին» ձմռանը մտադիր է վարձավճարով «Միլանին» զիջելու կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին: Փոխարենը լոնդոնցիների դիտակետում են կիսապաշտպաններ Խավիեր Պաստորեն («ՊՍԺ») և Մարսելո Բրոզովիչը («Ինտեր»):

«Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Ջան. «Շվայնշտայգերը հիանալի տղա է, իսկական լեգենդ: Չգիտեմ, թե նա ինչ խնդիրներ ունի «Մանչեսթեր Յունայթեդում», բայց կարծում եմ, որ Բաստիանին այնտեղ չեն հարգում: Նա ինձ օգնել է «Բավարիայում» առաջին իսկ համատեղ մարզումից, և դա ես երբեք չեմ մոռանա»:

ԻՏԱԼԻԱ

«Զենիթի» կիսապաշտպան Ակսել Վիտցել. «Ես անպայման տեղափոխվելու եմ «Յուվենթուս», բայց դեռ չգիտեմ՝ հունվարի՞ն, թե՞ հուլիսին»:

Լեոնարդո Բոնուչի. «Ես ոչ մի շփում չեմ ունեցել «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ: Նրանք ինձ երբեք չեն դիմել: Ինչ վերաբերում է «Յուվենթուսին», ապա մեր նպատակը բոլոր խաղերում հաղթելն է»:

«Միլանի» 26-ամյա հարձակվող Ջիանլուկա Լապադուլան կարիերայում առաջին անգամ հրավեր է ստացել Իտալիայի հավաքականից: Պատճառն այն է, որ նախապես հրապարակված կազմից դուրս է մնացել վնասվածք ստացած Մանոլո Գաբիադինին:

«Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկ. «Շարունակում եմ վերականգվել ծանր վնասվածքից: Ճիշտն ասած, երբ ես լսեցի բժիշկների ախտորոշումը, որ միայն հաջորդ տարի կարող եմ վերադառնալ խաղադաշտ, չկարողացա թաքցնել արցունքներս»:

ԳԵՐՄԱՆԻԱ

Հանս-Յոահիմ Վացկե. «Երբ Օբամեյանգն ուշադրության կենտրոնում է, նա դրանից հաճույք է ստանում: Կան այդպիսի տղաներ: Ես այդ առումով նրան նմանեցնում եմ Ռոնալդուին»:

Ժերոմ Բոատենգը վնասվածքի պատճառով չի միացել Գերմանիայի հավաքականին, բայց պատրաստ կլինի «Բավարիայի» կազմում մասնակցելու Բունդեսլիգայի առաջիկա տուրում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կարևոր հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին:

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ռաֆայել Գերեյրո. «Նախորդ ամռանը դժվար էր մերժել «Բարսելոնային»: Բայց կատալոնական ակումբն ինձ հետ կապվեց այն ժամանակ, երբ արդեն ընտրություն էի կատարել «Բորուսիայի» օգտին: Այստեղ ես ավելի շատ շանսեր ունեմ՝ խաղալու հիմնական կազմում»:

Daily Express. «Բավարիան»՝ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի նախաձեռնությամբ, կպայքարի Իսկոյի տրանսֆերը ձեռք բերելու համար: 24-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմը»:

ԱՅԼ

Կրիշտիանու Ռոնալդու. «Երջանիկ եմ «Ռեալում» և հուսով եմ, որ սա վերջին դեպքը չէ, երբ նոր պայմանագիր եմ կնքում ակումբի հետ: Ցանկանում եմ խաղալ մինչև 41 տարեկանը: Հիշում եմ՝ մի օր Դի Ստեֆանոն ասաց ինձ. «Շարունակիր այդպես, չեմպիոն, դու մեծագույն ֆուտբոլիստ ես» »:

Էրիկ Կանտոնա. «Ինչ է կատարվում Լիոնել Մեսսիի հե՞տ, նրա մազերի գո՞ւյնը, մորո՞ւքը: Նա դարձել է երեխաների համար ոճ թելադրո՞ղը: Ես անհանգստացա, երբ նա սկսեց դաջվածքներ անել, իսկ հիմա... Նա, ով դրդել է նրան անելու այսպես, պետք է ամաչի: Դուք նմանվեցիք մեր ժամանակների հերոս Ջասթին Բիբերին»:

Մարիո Բալոտելի. «Ես այս տարվա «Ոսկե գնդակը» կշնորհեի Լուիս Սուարեսին»:

Մարկո Վերատի. «Մենք վերջին ժամանակներս կորցրել ենք վախի զգացումն այլ թիմերի կողմից: Երբ մրցակիցները խաղում են «ՊՍԺ»-ի դեմ, նրանք վստահ են իրենց ուժերին: Պետք է հասնել նրան, որ բոլորի համար կրկին շատ բարդ լինի Փարիզում միավորներ վաստակելը»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000