Որոնել
Արխիվ
07.11.2016  10:00

Հայ պատանիների սխրանքը և անկասելի «Լիվերպուլը». Օրվա գլխավոր լուրերը՝ մեկ տողով

Երեկ՝ նոյեմբերի 6-ին ֆուտբոլային աշխարհում տեղի ունեցած իրադարձություններից ArmFootball.com-ն առանձնացրել է կարևորագույնները և դրանք ներկայացնում է մեկ տողով:

ՀԱՅԱՍՏԱՆ

Փայլուն արդյունքի հասավ մինչև 17 տարեկանների հավաքականը: Մեր պատանիները հաղթանակ տոնեցին «Եվրո-2017»-ի ընտրական փուլի խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրում՝ 3:2 հաշվով պարտության մատնելով Իսլանդիայի իրենց հասակակիցներին: Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Գերման Կուրբաշյանը, ևս մեկ անգամ հաջողության հասավ Մարտին Գրիգորյանը:

Մեր ընտրանին Իսրայելում կայացած մրցաշարում վաստակած 4 միավորվ խմբում գրավեց 3-րդ տեղը և, ընդգրկվելով այդ տեղը զբաղեցրած լավագույն ցուցանիշ ունեցող 5 թիմերի շարքում, ձեռք բերեց հաջորդ՝ էլիտ ռաունդի ուղեգիր:

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը Երևանի ֆուտբոլի ակադեմիայում: Երեկվա մարզմանը մասնակցել են 18 ֆուտբոլիստներ, ևս 5 ֆուտբոլիստներ Արթուր Պետրոսյանի տրամադրության տակ կլինեն արդեն այսօր, իսկ Գևորգ Ղազարյանը՝ վաղը: Պետրոս Ավետիսյանը վնասվածքի պատճառով չի միանա ընտրանուն:

ԻՍՊԱՆԻԱ

Լա Լիգայի 11-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան»: «Արքայական» ակումբը պարտության մատնեց «Լեգանեսին» (3:0), իսկ «Բարսելոնան» հյուրընկալվելիս՝ «Սևիլյային» (2:1):

Կրիշտիանու Ռոնալդուն նոր պայմանագիր է ստորագրել «Ռեալի» հետ, որն ուժի մեջ կլինի մինչև 2021 թվականի ամառը: Այսօր ակումբն այդ թեմայով հատուկ մամուլի ասուլիս կհրավիրի, որին կմասնակցեն ֆուտբոլիստը և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

«Բարսելոնան» ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով չի կարողանում երկարաձգել պայմանագիրը Լիոնել Մեսսիի հետ, ում համաձայնագրի ժամկետը լրանում է 2018 թվականի ամռանը: Արգենտինացու աշխատավարձն առանց հարկային վճարումների կազմում է տարեկան 48 մլն եվրո, իսկ ՈՒԵՖԱ-ի օրենքները պահանջում են, որ ակումբի ընդհանուր վճարային հաշվետվությունը չգերազանցի նրա եկամտի 65% գումարը:

Ռոնալդուն գոլի հեղինակ չդարձավ «Լեգանեսի» հետ խաղում: Այդպիսով, նա առաջին անգամ իր հաշվին գոլ չի գրանցում «Ռեալի» 5 տնային մրցավեճում անընդմեջ:

Դիեգո Սիմեոնե. «Այո, Գրիզմանը գոլ չի խփել Լա Լիգայի վերջին 4 տուրերում, բայց այդպես կարող է լինել: Փոխարենը նա 2 գոլ է հեղինակել Չեմպիոնների լիգայի վերջին խաղում: Վստահ եմ՝ այդ տղայի մոտ շուտով կրկին ամեն ինչ կստացվի»:

ԱՆԳԼԻԱ

Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» և «Տոտենհեմը» ոչ-ոքի խաղացին (1:1), իսկ «Լիվերպուլը» ջախջախեց «Ուոտֆորդին» (6:1)՝ դառնալով աղյուսակի միանձնյա առաջատար:

Յուրգեն Կլոպ. «Ես շատ ուրախ եմ: Մենք հաղթեցինք ուժեղ մրցակցի: Դեռ 11 տուր է անցել, և ես չեմ կարող որևէ երաշխիքներ տալ: Ես հիանալի թիմ ունեմ, որը կարող է էլ ավելի լավ խաղալ: Մենք դեռևս զարգացման փուլում ենք»:

«Լիվերպուլը» վաստակած 26 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Մերսիսայդցիները վերջին անգամ ամենավերին հորիզոնականում հայտնվել էին 2014 թվականի մայիսի 6-ին, թեև այդ մրցաշրջանն ավարտեցին 2-րդ տեղում:

Զլատան Իբրահիմովիչի խփած առաջին գոլը «Սուոնսիի» դարպասը Պրեմիեր լիգայի պատմության մեջ 25000-րդ գնդակն էր: Բացի այդ, Զլատանը վերջ դրեց Անգլիայի առաջնությունում իր գոլային երաշտին, որը տևեց 7 հանդիպում (609 րոպե):

ԻՏԱԼԻԱ

Ա Սերիայի 12-րդ տուրում բոլոր անվանի թիմերը հաղթանակներ տոնեցին: «Յուվենթուսը» պարտության մատնեց «Կիևոյին» (2:1), «Միլանը»՝ «Պալերմոյին» (2:1), «Ինտերը»՝ «Կրոտոնեին» (3:0), իսկ «Ռոման»՝ «Բոլոնյային» (3:0):

Իտալական ԶԼՄ-ները վստահորեն հաղորդում են, որ «Ինտերը» մոտ օրերս պաշտոնապես կհայտարարի գլխավոր մարզչի պաշտոնում Ստեֆանո Պիոլիի նշանակման մասին:

Մասնակցելով «Կիևոյի» դեմ խաղին՝ Ջիանլուիջի Բուֆոնն իր 600-րդ հանդիպումն անցկացրեց Իտալիայի Ա Սերիայում: Նա այս մրցաշարում այդ քանակի խաղերի մասնակցած առաջին դարպասապահն է:

Սիմոնե Ինձագի. « «Նապոլին» և «Յուվենթուսն» Իտալիայի ուժեղագույն թիմերն են: Նրանց հաջորդում են «Ռոման» և «Միլանը», որոնց երբեք չպետք է հաշվից դուրս թողնել: «Լացիոն» պետք է կայունություն ձեռք բերի»:

ԳԵՐՄԱՆԻԱ

Ավարտվեց Բունդեսլիգայի 10-րդ տուրը: Հերթական հաղթանակը տոնեց առաջնության բացահայտում «Լայպցիգը»՝ պարտության մատնելով «Մայնցին» (3:1), իսկ «Շալկե-04»-ը նույն հաշվով առավելության հասավ «Վերդերի» նկատմամբ:

«Լայպցիգն» այս հաղթանակի շնորհիվ վաստակեց 24 միավոր և «Բավարիայի» հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մյունխենցիներն այս տուրում միավորներ էին կորցրել «Հոֆենհայմի» դեմ խաղում (1:1):

«Վոլֆսբուրգը» պաշտոնապես հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել ֆրանսիացի Վալերյեն Իսմաելը:

Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. «Հաջորդ տուրում պարզապես ֆանտաստիկ խաղ է լինելու «Բավարիայի» դեմ: Նրանք վերջին հանդիպումներում միավորներ են կորցնում, և կարևոր էր, որ մենք այդ ընթացքում հաղթանակներ տոնեցինք: Հավաքականների խաղերից հետո կկենտրոնանանք այդ հանդիպման վրա, որը շատ բարդ է լինելու»:

ԱՅԼ

Զլատան Իբրահիմովիչ. «Ես չէի անհանգստնում վերջին 7 խաղերում գոլ չխփելու համար: Գիտեի, որ դրանք գալու են: Քանի դեռ շարունակում եմ վտանգավոր պահեր ստեղծել, գտնվել տուգանային հրապարակում և օգնել թիմակիցներիս, հաջողությունը հատուցելու է գոլերով»:

Ուսեյն Բոլտ. «Եթե կարողանայի Մեսսիի և Ռոնալդուի տաղանդին միացնել իմ արագությունը և սիրտը, ապա ես մեծագույն անձնավորություն կլինեի»:

Ուեյն Ռունին կատարեց իր 100-րդ գոլային փոխանցումը Պրեմիեր լիգայում: Նա դարձավ այդպիսի ցուցանիշի հասած երրորդ ֆուտբոլիստը՝ Ռայան Գիգզից և Ֆրենկ Լեմպարդից հետո:

Գրավելով «Սևիլյայի» դարպասը՝ Լիոնել Մեսսին իր 500-րդ գոլը խփեց «Բարսելոնայի» կազմում: Եթե հաշվի առնենք միայն պաշտոնական խաղերը, ապա Լեոն անցկացրած 545 մրցավեճում դարձել է 469 գոլի հեղինակ:


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000