Որոնել
Արխիվ
05.10.2016  20:55

Ըմբշամարտ. Ստեփան Մարյանյան. «Եթե Հայաստանից առաջարկ լինի, կմտածեմ»

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 2015թ.-ի Եվրոպական խաղերի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանը հավակնում էր մեկնել 2016թ.-ի օլիմպիական խաղերին, սակայն վերջին պահին նրա փոխարեն Ռիո մեկնեց Իբրահիմ Լաբազանովը: Վերջինիս Մարյանյանը երկու անգամ պարտվել էր 2016թ.-ին. նախ Ռուսաստանի առաջնության եզրափակչում, հետո ստուգողական գոտեմարտում, ընդ որում, երկու գոտեմարտերում էլ մրցավարական կասկածելի որոշումներ կային` ի օգուտ Լաբազանովի:

Օրերս Ստեփան Մարյանյանը Հայաստանում էր: ArmFootball.com-ը զրուցել է 25-ամյա ըմբիշի հետ Օլիմպիական խաղերից առաջ տեղի ունեցած իրադարձությունների և Երևան կատարած այցի մասին:

- Ստեփան, ինչպիսի՞ն էր տարին քեզ համար, ի՞նչ ծրագրեր ունեիր, ի՞նչը ստացվեց, ի՞նչը` ոչ:

- Տարվա սկզբում Իվան Պադդուբնու միջազգային մրցաշարն էր, որը նախընտրական էր Եվրոպայի առաջնության համար: Այդ մրցաշարից առաջ ուժեղ հիվանդացա ու չկարողացա Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար պայքարել: Հետո ապաքինվեցի, պատրաստվում էի Ռուսաստանի առաջնությանը: Այստեղ զբաղեցրի երկրորդ տեղը, հավակնում էի Օլիմպիական խաղերի մեկնելուն: Մեզ ուղարկեցին Իսպանիա` միջազգային մրցաշարի. ով այնտեղ հաղթեր, պետք է մեկներ Օլիմպիական խաղերի: Երեք հավակնորդ էինք` ես, Սեմյոնովն ու Լաբազանովը: Մեկնեցինք միայն ես ու Սեմյոնովը: Ես հաղթեցի մրցաշարը, ընթացքում հանդիպեցի Սեմյոնովին, նրան պարտության մատնեցի: Իսկ երբ հետ եկանք, ևս մեկ ստուգողական գոտեմարտ նշանակեցին Լաբազանովի հետ: Ես այն պարտվեցի ու չմեկնեցի Օլիմպիական խաղերի:

- Այդ գոտեմարտում վիճելի պահեր կային: Քո կարծիքով` Լաբազանովի հաղթանակ մաքու՞ր էր, թե՞…

- Չեմ կարծում, թե` մաքուր էր: Կան ֆոտո ապացույցներ. ես ուզում էի հետադարձ գցում անել, իսկ նա ձեռքով բռնել էր ոտքս, ինչն արգելված է: Դա վճռորոշ եղավ: Ես չելենջ գցեցի` բողոքեցի, բայց այն չբավարարեցին, մեկ միավոր էլ տվեցին Լաբազանովին, ու նա հաղթեց:

- Մինչև վերջին պահը Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում նշված էր քո անունը…

- Երբ հավաքականի կազմը հայտարարեցին, հետո էլ սկսվեց դոպինգի հետ կապված այդ իրարանցումը, պարզվեց, որ Լաբազանովը անհրաժեշտ քանակի դոպինգ թեստեր չի հանձնել միջազգային մրցաշարերի ժամանակ: Ես այդ առումով խնդիր չունեի, այդ պատճառով ինձ հայտավորեցին, բոլոր կայքերում իմ անունն էր: Սկզբում WADA-ն թույլ չէր տալիս նրան մասնակցել խաղերին, բայց այդ որոշումը բողոքարկեցին, այն բավարարեցին, վերջին օրը իմ փոխարեն մեկնեց Լաբազանովը:

- Յուրաքանչյուր մարզիկ երազում է մասնակցել օլիմպիական խաղերին: Ինչպե՞ս քեզ վրա ազդեց այդ որոշումը:

- Դե, ծանր հարված էր: Երբ արդար գոտեմարտում ես պարտվում, այդ ժամանակ միայն ինքդ քեզ կարող ես մեղադրել, շարունակել մարզվել, ավելի ուժեղ դառնալ, բայց երբ քթիդ տակից գողանում են, այն էլ այսպես աներեսորեն, ցավալի կերպով, այդ ժամանակ թուլաթափ ես լինում: Միևնույն է, չեմ կանգնելու, շարունակելու եմ ապացուցել: Իհարկե, դժվար կլինի չորս տարի սպասել, ես արդեն 25 տարեկան եմ: Իսկ թեթև քաշային կարգում չես կարող մինչև 30-35 տարեկան գոտեմարտել: Մեր քաշային կարգում չես կարողա երկար տարիներ լավագույն մարզավիճակդ պահել: Սա իմ ժամանակն էր, բայց, ցավոք, չստացվեց Օլիմպիական խաղեր մեկնել:

- Կարծում ես` հոգեբանորեն պատրա՞ստ էիր:

- Ոչ միայն հոգեբանորեն, այլև բոլոր մյուս պարամետրերով, սա իմ Օլիմպիական խաղերն էր: Ես պետք է առնվազն մեդալի համար պայքարեի, իսկ ընդհանրապես, տրամադրված էի միայն ոսկե մեդալ նվաճելուն: Արդեն բոլոր իրերս հավաքել էի, քաշ էի գցել, մնացել էր միայն մեկ կիլոգրամ էլ գցել նորմայի համար:

- Հետաքրքիր է, ինչ-որ անձնական դրդապատճառներ կայի՞ն: Ինչու՞ էին նրանք այդքան համառորեն ուզում Ռիո ուղարկել Լաբազանովին, այլ ոչ քեզ: Թիմում ինչ-որ մի բան այն չէ՞:

- (Ծիծաղում է) Սուր հարց է… Կարծում եմ` նրա մեջքին բարձրաստիճան մարդիկ են կանգնած, հնարավոր է` ֆեդերացիայից, իսկ ես սովորական տղա եմ, ոչ ոք չկա հետևս կանգնած, միշտ ինքս եմ ինձ համար ճանապարհ հարթում, միայն գորգի վրա եմ փորձում ինչ-որ բանի հասնել: Գորգի վրա ապացուցում եմ, բայց դա էլ բավարար չէ, ինչ-որ բաներ են մտածում, մրցավարական պահեր հորինում… Ես հենց այնպես չեմ ասում, ինտերնետում կան ֆոտո, վիդեո ապացույցներ, կարող եք նայել:

- Լաբազանովն Օլիմպիական խաղերի ընթացքում ոչնչի չհասավ, պարտվեց հենց առաջին գոտեմարտում: Ի՞նչ էին խոսում թիմում դրանից հետո, ինչպե՞ս էին արդարացնում այն, որ նրան ուղարկեցին, այլ ոչ քեզ:

- Խաղերից հետո դեռ ոչ մի հավաք չի եղել, չենք հավաքվել: Հասկանում եք, գոտեմարտել այստեղ, ստուգողական գոտեմարտի ընթացքում մի բան է, Օլիմպիական խաղերում գոտեմարտելը` մեկ այ բան: Կարևոր էլ չէ, թե ինչպես նա այնտեղ գոտեմարտեց, կարևորը` հենց նա մեկնեց խաղերին:

- Օրերս Երևանում էիր: Instagram-ում նկար էիր դրել, որտեղ մեկբանություններից մեկում քեզ հարցրել էին` կգոտեմարտե՞ս Հայաստանից, դու էլ պատասխանել էիր` ամեն ինչ հնարավոր է: Ո՞րն էր ժամանելուդ նպատակը:

- Երկու տարի առաջ առաջին անգամ եկել էի Հայաստան: Հիմա էլ արդեն ավանդույթ է դարձել: Սիրում եմ Հայաստան գալ: Եկել էի հարազատներիս տեսնելու, շատ հարազատներ ունեմ այստեղ: Հայաստանում շատ տեսարժան վայրեր կան:

- Գործնական հանդիպումներ չես ունեցե՞լ:

- Ոչ, ոչ ոքի հետ չեմ հանդիպել, միայն ըմբիշ ընկերներիս:

- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Ռիոյի խաղերից հետո կարծես ակնարկում էր, որ նույնպես հետաքրքրված է քո ծառայություններով: Եթե առաջարկ լինի, կընդունե՞ս:

- Չեմ կարող հիմա պատասխանել: Պետք է մտածել: Դա այնպիսի քայլ է, որ պետք է որոշում կայացնել: Ինչպես, օրինակ, Միհրան Հարությունյանը որոշեց, ու չզջղաց իր որոշման համար, հիմա, կարելի է ասել, նրան ձեռքերի վրա են տանում: Չգիտեմ… Եթե առաջարկեն, կմտածեմ: Անկեղծ ասած, հիմա ինձ մոտ անորոշ վիճակ է, ու ես դեռ հետ չեմ եկել կատարվածից: Մինչև մյուս Օլիմպիական խաղերը դեռ շատ ժամանակ կա:

- Իսկ մինչև այդ տարվա ավարտը ինչ-որ ծրագրեր ունե՞ս: Թե՞ պատրաստվում ես հանգստանալ:

- Մինչև տարվա վերջ կուզենայի մասնակցել Բաքվում կայանալիք Ալի Ալիևի գրան-պրիին, եթե թույլ տան (ծիծաղում է): Լավ մրցաշար է, լավ պարգևավճարներ կան, մրցակիցներն էլ` համաշխարհային դասակարգման առաջատարները: Եթե ֆեդերացիան, մարզիչները թույլ տան, ուրախ կլինեմ այնտեղ գոտեմարտել: Եթե ոչ` կպատրաստվեմ մյուս մրցաշրջանին` Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:

 

Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000