Որոնել
Արխիվ
02.09.2016  15:55

10 ֆուտբոլիստ, որոնք բախտ են ունեցել լինելու և Մեսսիի, և Ռոնալդուի թիմակիցը

ArmFootball.com-ը ներկայացնում է անցյալի և գործող 10 ֆուտբոլիստի, որոնց բախտ է վիճակվել միևնույն թիմում հանդես գալու Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

ԴԵԿՈՒ

Ռոնալդուի թիմակիցը. Պորտուգալիայի հավաքական (2003-2010)

Մեսսիի թիմակիցը. «Բարսելոնա»(2004-2008)

Ազգությամբ բրազիլացի կիսապաշտպանը երկու ֆուտբոլիստի հետ խաղացել է այն ժամանակ, երբ նրանք դեռ բավականին երիտասարդ էին: Նա խաղադաշտի կենտրոնից իր հաշվենկատ փոխանցումներով փորձում էր օգնել հարվածային դիրք դուրս գալու արգենտինացուն և պորտուգալացուն: Իհարկե, օրերից մի օր Դեկուին պետք է հարցնեին, թե ո՞ւմ է համարում այս զույգից ուժեղագույնը, բայց նա ընտրեց երրորդ տարբերակը. «Ռոնալդուն երիտասարդ էր, ատլետիկ տվյալներ ուներ և միշտ ցանկանում էր հաղթել: Մեսսին անընդհատ աշխատում էր գնդակով, որպեսզի կարողանար տիրապետել այն ամենին, ինչ այժմ անում է: Բայց ես կարծում եմ, որ Ռոնալդինյոն այդ երկուսից էլ տաղանդավոր է: Նրան ամեն բարդ գործողություն շատ հեշտությամբ էր տրվում: Երբ նա գնդակ էր ստանում, կարելի էր որևէ յուրահատուկ բան սպասել»:

ԳԱԲՐԻԵԼ ՀԱՅՆՑԵ

Ռոնալդուի թիմակիցը. «Մանչեսթեր Յունայթեդ» (2004-2007)

Մեսսիի թիմակիցը. Արգենտինայի հավաքական (2005-2010)

Հայնցեն և Ռոնալդուն միասին հանդես են եկել «Օլդ Թրաֆորդում» և համատեղ նվաճել են Պրեմիեր լիգայի և Անգլիայի գավաթի չեմպիոնական տիտղոսները: Նրանք թիմակիցներ կարող էին լինել նաև Մադրիդի «Ռեալում», բայց 2009 թվականին, երբ Կրիշտիանուն տեղափոխվեց Իսպանիայի մայրաքաղաք, արգենտինացին այդ ամռանը Պիրենեյան թերակղզուց հեռանալու որոշում կայացրեց: Հայնցեն և Մեսսին 5 տարի հանդես են եկել Արգենտինայի հավաքականում, և երկուսն էլ մեկնարկային կազմում են եղել այն օրը, երբ Լեոն պարտվեց իր առաջին միջազգային եզրափակչում՝ Ամերիկայի գավաթ-2007-ի վճռորոշ խաղում զիջելով բրազիլացիներին: Նրանց միավորում է նաև այն, որ երկուսն էլ ֆուտբոլային առաջին քայլերը կատարել են արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզ» ակումբում: Պաշտպանը 15-ամյա եվրոպական կարիերայից հետո այժմ վերադարձել է հարազատ թիմ և վստահ է, որ Մեսսին նույնպես ժամանակին կհետևի իր օրինակին:

ՀԵՆՐԻԿ ԼԱՐՍՈՆ

Ռոնալդուի թիմակիցը.«Մանչեսթեր Յունայթեդ» (2007)

Մեսսի թիմակիցը.«Բարսելոնա» (2004-2006)

Շվեդ հանրահայտ հարձակվողն ու Մեսսին ժամանակին պայքարում էին «Բարսելոնայի» հիմնական կազմում հայտնվելու համար և հաճախ նրանցից միայն մեկն էր խաղադաշտում հայտնվելու հնարավորություն ստանում: Օրինակ՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 2006 թվականի եզրափակիչը, երբ Լարսոնը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում, իսկ Լեոն մնաց պահեստայինների նստարանին: Լարսոնը Ռոնալդուի կողքին մանկունյական ակումբում մեկ մրցաշրջան անցկացրեց՝ 35 տարեկան հասակում օգնելով թիմին պահպանելու Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը: Ի վերջո, Մեսսի՞, թե՞ Ռոնալդու. «Չեմ կարծում, թե որակական մեծ տարբերության կա նրանց միջև: Կրիշտիանու շատ լավ ֆուտբոլիստ է, բայց, ամեն դեպքում, Լեոն գերազանցում է նրան: Նա այս մոլորակից չէ: Արգենտինացին այնքան լավն է, որ անգամ դժվար է հավատալ դրան: Կրիշտիանուի բախտը չի բերել, որ նրա հետ խաղում է նույն ժամանակաշրջանում»:

ԽԵՐԱՐԴ ՊԻԿԵ

Ռոնալդուի թիմակիցը. «Մանչեսթեր Յունայթեդ» (2004-2008)

Մեսսիի թիմակիցը. «Բարսելոնա» (2008-մինչ օրս)

Այժմ դժվար է հավատալ, որ «Բարսելոնայի առաջատար պաշտպաններից մեկը ժամանակին եղել է Ռոնալդուի թիմակիցը և օգնել է նրան գոլեր հեղինակելու, թեև իսպանացին այդպես էլ չամրապնդվեց անգլիական ակումբում: Իսկ ահա Մեսսիի հետ «Բարսելոնայում» նրանք համատեղ 24 տիտղոս են նվաճել: Պիկեն չի մոռանում Ռոնալդուի հետ նախկին ընկերության մասին, բայց նաև առիթը բաց չի թողնում վատ կողմով հիշելու կատալոնական ակումբի ամենասկզբունքային մրցակցի առաջատարին. Լա Լիգայի նախավերջին չեմպիոնական տիտղոսի նվաճումից հետո պաշտպանն ամբողջ աշխարհին հիշեցրեց, թե Ռոնալդուն ծննդյան օրվա ինչպիսի շքեղ տոնակատարություն էր կազմակերպել, մինչդեռ իր թիմը օրեր առաջ 0:4 հաշվով պարտվել էր մադրիդյան դերբիում: Պիկեն նույնպես իր կարծիքն ունի Մեսսի-Ռոնալդու դիմակայության շուրջ. «Նրանք մեծագույն ֆուտբոլիստներ են, ուժեղագույնները ոչ միայն մեր օրերի ֆուտբոլի, այլև առհասարակ մարզաձևի պատմության մեջ: Ես միշտ ասել եմ, որ Լեոն վեր է բոլորից, իսկ Ռոնալդուն՝ լավագույնն է մնացածի մեջ»:

ԿԱՌԼՈՍ ՏԵՎԵՍ

Ռոնալդուի թիմակիցը. «Մանչեսթեր Յունայթեդ» (2007-2009)

Մեսսիի թիմակիցը. Արգենտինայի հավաքական (2005-մինչ օրս)

Տևեսը և Ռոնալդուն ծնվել են նույն օրը՝ փետրվարի 5-ին, միայն թե արգենտինացին լույս աշխարհ է եկել մեկ տարի շուտ: Նրանք միասին երկու հիանալի մրցաշրջան են անցկացրել Անգլիայում՝ հաղթելով Պրեմիեր լիգայի երկու առաջնություններում և Չեմպիոնների լիգայի գավաթը: Կառլոսը նշում էր, որ իրեն հաճելի է մարզվել և միևնույն թիմում խաղալ Ռոնալդուի հետ, թեև վերջերս հայտարարեց, որ իր երազանքի թիմում պորտուգալացին տեղ չէր գտնի. «Այնտեղ հանդես կգային ինչպես Մեսսին, այնպես էլ Ռունին: Իսկ Ռոնալդուն այդ թիմում չէր լինի, քանի որ այդքանս մեկ տեղում չէինք կարողանա հանդես գալ»:

ՖԵՐՆԱՆԴՈ ԳԱԳՈ

Ռոնալդուի թիմակիցը. «Ռեալ Մադրիդ» (2009-2011)

Մեսսիի թիմակիցը. Արգենտինայի հավաքական (2005-մինչ օրս)

Արգենտինայի ազգային հավաքականում Գագոն և Մեսսին հանդիպեցին 2007 թվականին, թեև դեռ 2005-ին միասին հաղթել էին աշխարհի երիտասարդական առաջնությունում, իսկ 2008-ին նվաճել Պեկինի Օլիմպիական խաղերի ոսկին: Գագոն Ռոնալդուի հետ «Ռեալում» հանդես եկավ երկու մրցաշրջան, թեև այդ տարիներին նա վնասվածքի պատճառով կորցրեց տեղը թիմի հիմնական կազմում և հազվադեպ էր հայտնվում խաղադաշտում: Հետաքրքիր է, որ մինչ Կրիշտիանուի՝ Մադրիդ տեղափոխությունը Գագոն հայտարարել էր, որ Մեսսին գերազանցում է նրան, բայց «Ռեալում» պորտուգալացու ելույթներից հետո ֆուտբոլիստի կարծիքը որոշակիորեն փոխվեց. «Նրանք տարբեր են: Ռոնալդուն ֆիզիկապես ուժեղ է, նա իսկական ատլետ է, իսկ Մեսսին պարզապես անհավանական է վարվում գնդակի հետ»:

ԱՆԽԵԼ ԴԻ ՄԱՐԻԱ

Ռոնալդուի թիմակիցը. «Ռեալ Մադրիդ» (2010-2014)

Մեսսիի թիմակիցը. Արգենտինայի հավաքական (2008-մինչ օրս)

Ռոնալդուն բազմիցս է հայտարարել, որ իրեն խաղադաշտում շատ ավելի հարմարավետ է զգում, երբ Դի Մարիան լինում է իր թիմակիցը: Հայտնի է, որ «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը չափազանց դժգոհ էր, երբ «Ռեալի» ղեկավարությունը որոշեց վաճառել արգենտինացու տրանսֆերային իրավունքները: Դի Մարիան նույնպես խոսել է հավերժ դիմակայության մասին. «Ռոնալդուն և Մեսսին տարբեր խաղաոճեր ունեն: Կարելի է ասել, որ նրանք ընդհանուր ոչինչ չունեն: Մեսսին չափազանց արագ է և կարող է կարճ տարածության վրա շրջանցել մի քանի մրցակիցների: Կրիշտիանուն կարողանում է բարձր արագություն զարգացնել երկար տարածության վրա: Նա կարող է ընդունել գնդակը և հեռու տարածությունից դիպուկ հարված կատարել: Հետևաբար, նրա գոլերն ավելի դիտարժան են ստացվում, քան Լեոյի կատարած դիպուկ հարվածները: Բոլոր դեպքերում խոսքը գնում է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստների մասին և դժվար է ընտրել նրանցից մեկին»:

ԳՈՆՍԱԼՈ ԻԳՈՒԱԻՆ

Ռոնալդուի թիմակիցը .«Ռեալ Մադրիդ» (2009-2013)

Մեսսիի թիմակիցը. Արգենտինայի հավաքական (2009-մինչ օրս)

Իգուաինը Ռոնալդուի հետ չորս մրցաշրջան անցկացրեց և իրեն թույլ տվեց դառնալ ակումբի այդ տարիների ամենաարդյունավետ երկրորդ ֆուտբոլիստը՝ զիջելով միայն պորտուգալացուն: Այսերկուսը միասին նվաճել են Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, ինչպես նաև Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսը՝ Ժոզե Մոուրինյոյի օրոք: Չեմպիոնների լիգայում«Ռեալի» սպասված հաղթանակից մեկ տարի առաջ Իգուաինը տեղափոխվեց «Նապոլի»: Մեսսիի համար Իգուաինն այդքան էլ հաջողակ թիմակից չէ, քանի որ նրանք «ալբիսելեստեի» կազմում վերջին երկու տարիներին պարտվել են երեք տարբեր եզրափակիչներում, որոնցից յուրաքանչյուրում «Պիպիտան» չէր իրացնում իր գոլային բազմաթիվ հնարավորությունները:

ԷԶԵԿՅԻԵԼ ԳԱՐԱՅ

Ռոնալդուի թիմակիցը. «Ռեալ Մադրիդ»(2009-2011)

Մեսսիի թիմակիցը. Արգենտինայի հավաքական (2005-մինչ օրս)

Ինչպես և Գագոն, Գարայը նույնպես Մեսսիի հաղթել է Օլիմպիական խաղերում և աշխարհի երիտարդական առաջնությունում, իսկ 2007-ից «Զենիթի» ներկայիս ֆուտբոլիստը հրավիրվում է ազգային հավաքական, որտեղ Լեոն հայտնվել էր ավելի վաղ: Ռոնալդուի հետ «Ռեալում» անցկացրած երկու մրցաշրջանները Գարայի համար անցան հիմնական կազմում հայտնվելու փորձերով, որոնք ապարդյուն էին: Կրիշտիանուն ու Էյզեկիելը ընկերներ չդարձան, իսկ վերջինս դեռ «Արքայական» ակումբում խաղալու տարիներին չէր թաքցնում Մեսսիի հանդեպ իր համակրանքը. «Երբ մարդիկ ինձ հարցնում են, թե ո՞վ է նրանցից լավագույնը, ես միանշանակ պատասխանում եմ, որ Լեոն: Ես լավ եմ հիշում, թե նա ինչպես էր խաղում դեռ Արգենտինայի Մ-15 հավաքականում: Այդ ժամանակվանից նրա ելույթները ֆենոմենալ են: Նրա տաղանդը պարզապես սահման չունի»:

ԱՆԴՐԵ ԳՈՄԵՇ

Ռոնալդուի թիմակիցը. Պորտուգալիայի հավաքական (2014-մինչ օրս)

Մեսսիի թիմակիցը. «Բարսելոնա»(2016-մինչ օրս)

Անդրե Գոմեշը գործող ֆուտբոլիստներից միակն է, ով հնարավորություն ունի խաղալու և՛ Մեսսիի, և՛ Ռոնալդուի հետ: «Բարսելոնայի» նորեկը մինչ տեղափոխությունը հայտարարել էր, որ նման հնարավորությունը մեծագույն պատիվ է իր համար: Անդրեն Պորտուգալիայի հավաքականի հետ հաղթել է Եվրոպայի առաջնությունում, իսկ կատալոնական ակումբին արդեն հասցրել է օգնել նվաճելու Իսպանիայի Սուպերգավաթը: Տեսնենք, թե ինչպես կդասավորվի այս ֆուտբոլիստի կարիերան «Կամպ Նոու» մարզադաշտում:

Եվ հետաքրքիր է՝ դեռ քանի՞ ֆուտբոլիստի կհաջողվի հայտնվել այս ցուցակում, քանի դեռ Մեսսին և Ռոնալդուն շարունակում են իրենց մրցելույթները: 

Արման ԱԲԵԼՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000