Որոնել
Արխիվ
11.08.2016  12:28

Ռիո-2016. Օր5. Լեդեկին 4-րդ մեդալն է նվաճում Ռիոյում. 5-րդ օրվա ամփոփումը (VIDEO)

31-րդ օլիմպիական խաղերի հինգերորդ օրը մեդալների նախատեսված 20 հավաքածուների փոխարեն խաղարկվեց 18-ը: Ակադեմիական թիավարության թիմային եզրափակիչները եղանակային վատ պայմանների պատճառով տեղափոխվեցին ու տեղի կունենան այսօր:

Մարմնամարզության բազմամարտում մինչև վերջին վայրկյանը համառ պայքար ծավալվեց աշխարհի գործող չեմպիոն Կոհեի Ուչիմուրայի և որակավորման փուլում լավագույն արդյունքը ցույց տված Օլեգ Վերյնաևի միջև: Գրեթե ամբողջ ընթացքում ուկրաինացին առաջ էր, սակայն վերջին վարժությունում` պտտաձողի վրա, Ուչիմուրան փայլուն հանդես եկավ, իսկ Վերնյաևը փոքրիկ վրիպում թույլ տվեց, ինչից հետո ճապոնացին շրջանցեց մրցակցին ու թիմային ոսկուն գումարեց նաև անհատական բազմամարտի ոսկին:

Քուվեյթցի Ֆեհաիդ Ալ-Դիհանին լավագույնը ճանաչվեց ստենդային հրաձգության դաբլ-թրեփ մրցաձևում: Քանի որ ՄՕԿ-ը արգելել է Քուվեյթին մասնակցել այս խաղերին, Ալ-Դիհանին ներկայացնում էր Անկախ օլիմպիականների հավաքականը: Շվեյցարացի լեգենդար հեծանվորդ Ֆաբիան Կանչելարան, ով պատրաստվում է շուտով ավարտել կարիերան, լավագույնն էր տղամարդկանց առանձին մեկնարկում:

Անակնկալ գրանցվեց լողի 200մ բրաս մրցաձևում: Բոլորից արագ վերջնագծին հասավ Ղազախստանի ներկայացուցիչ Դմիտրի Բալանդինը: Իսպանուհի Միրեյ Բելմոնտե Գարսիան իր երրորդ օլիմպիական խաղերում վերջապես կարողացավ ոսկե մեդալ նվաճել` հաղթելով 200մ բատերֆլյայ մրցատարածությունում: «Արքայական» մրցաձևում` տղամարդկանց 100մ ազատ ոճով պայքարում բոլորից արագ գտնվեց 18-ամյա ավստրալացի Քայլ Չալմերսը, ով նաև պատանիների նոր ռեկորդ սահմանեց: Կանանց 4X200 փոխանցումալողում իրենց հավասարը չունեցան ամերիկուհիները, իսկ Քեթի Լեդեքին Ռիոյի խաղերի ևս մեկ ոսկի գումարեց իր երկու ոսկիներին ու արծաթին:

ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քրիսթին Արմսթրոնգը լավագույն ժամանակը ցույց տվեց խճուղային հեծանվասպորտի առանձին մեկնարկում: Այդ երկու ոսկիների շնորհիվ ԱՄՆ-ը շարունակում է գլխավորել մեդալային հաշվարկի աղյուսակը` 11 ոսկե մեդալներով: Չինաստանը, որը խաղերի 5-րդ օրը երկու ոսկե մեդալ նվաճեց` ծանրամարտում ու սեղանի թենիսում, երկրորդն է (10 ոսկե մեդալ): Ճապոնիան ձյուդոյում նվաճած երկու ոսկիների շնորհիվ այժմ ունի 6 ոսկե մեդալ ու երրորդ տեղում է: Ավստրալիան 5 ոսկով 4-րդն է:

Թենիսի մրցաշարի բոլոր հանդիպումները հետաձգվեցին: Բասկետբոլի մրցաշարում Ավստրալիայի հավաքականը կարողացավ երկար ժամանակ հավասար խաղալ ԱՄՆ-ի ընտրանու հետ, սակայն վերջնամասում չկարողացան դիմադրել ու պարտվեց 88-98 հաշվով: Ֆրանսիայի հավաքականն ուժեղ գտնվեց Սերբիայից: Ֆուտբոլի մրցաշարի հանդիպումներին անդրադարձել ենք այստեղ:

Խճուղային հեծանվասպորտ. կանայք, առանձին մեկնարկ (VIDEO)
1. Քրիսթին Արմսթրոնգ (ԱՄՆ)
2. Օլգա Զաբելինսկայա (Ռուսաստան)
3. Աննա վան դեր Բրեգեն (Հոլանդիա)

Խճուղային հեծանվասպորտ. տղամարդիկ, առանձին մեկնարկ (VIDEO)
1. Ֆաբիան Կանչելարա (Շվեյցարիա)
2. Թոմ Դյումուլեն (Հոլանդիա)
3. Քրիստոֆեր Ֆրում (Մեծ Բրիտանիա)

Հրաձգություն. տղամարդիկ, 50մ ատրճանակ (VIDEO)
1. Օ Չեն Չժին (Հարավային Կորեա)
2. Վին Սյուան Հոանգ (Վյետնամ)
3. Կիմ Սոն Գուկ (ԿԺԴՀ)

Ծանրամարտ. կանայք, 69 կգ (VIDEO)
1. Քսյան Յանմեյ (Չինաստան)
2. Ժազիրա Ժապարկուլ (Ղազախստան)
3. Սարա Ահմեդ (Եգիպտոս)

Թիավարություն. Կանոե-սլալոմ. տղամարդիկ, մեկտեղանոց կայակ (VIDEO)
1. Ջոզեֆ Քլարք (Մեծ Բրիտանիա)
2. Պետեր Կաուցեր (Սլովենիա)
3. Իրժի Պրսկավեց (Չեխիա)

Ստենդային հրաձգություն. տղամարդիկ, դաբլ-տրապ (VIDEO)
1. Ֆեհաիդ Ալ-Դիհանի (Անկախ օլիմպիականներ)
2. Մարկո Ինոչենտի (Իտալիա)
3. Սթիվեն Սքոթ (Մեծ Բրիտանիա)

Ջրացատկ. տղամարդիկ, 3մ սինքրոն ցատկ (VIDEO)
1. Ջեք Լո/ Քրիստոֆեր Միքս (Մեծ Բրիտանիա)
2. Սեմ Դորմեն/ Մայքլ Հիքսոն (ԱՄՆ)
3. Յուան Ցաո/ Ցին Կայ (Չինաստան)

Ձյուդո. կանայք, 70կգ (VIDEO)
1. Հարուկա Տաչիմոտո (Ճապոնիա)
2. Յուրի Ալվեար (Կոլումբիա)
3. Լաուրա Վարգաս Կոխ (Գերմանիա)
3. Սալի Կոնվեյ (Մեծ Բրիտանիա)

Ձյուդո. տղամարդիկ, 90 կգ (VIDEO)
1. Մասու Բակեր (Ճապոնիա)
2. Վերլամ Լիպարտելիանի (Վրաստան)
3. Կվակ Դոն Հան (Հարավային Կորեա)
3. Չենք Քսյուն Չժաո (Չինաստան)

Մարմնամարզություն. տղամարդիկ, անհատական բազմամարտ (VIDEO)
1. Կոհեի Ուչիմուրա (Ճապոնիա)
2. Օլեգ Վերնյաև (Ուկրաինա)
3. Մաքս Ուիթլոք (Մեծ Բրիտանիա)

Ծանրամարտ. տղամարդիկ, 77 կգ (VIDEO)
1. Նիջատ Ռահիմով (Ղազախստան)
2. Լու Սյաո Ցզյուն (Չինաստան)
3. Մուհամեդ Մահմուդ (Եգիպտոս)

Սուսերամարտ. կանայք,  ճկասուսեր (VIDEO)
1. Իննա Դերիգլազովա (Ռուսաստան)
2. Էլիզա դի Ֆրանչիսկա (Իտալիա)
3. Ինես Բուբաքրի (Թունիս)

Սուսերամարտ. տղամարդիկ, թրասուսեր (VIDEO)
1. Արոն Սիլադյի (Հունգարիա)
2. Դերիլ Գոմեր (ԱՄՆ)
3. Կիմ Ջոն-Հվան (Հարավային Կորեա)

Սեղանի թենիս. կանայք, մենախաղ (VIDEO)
1. Դին Նին (Չինաստան)
2. Լի Սյաո Սյա (Չինաստան)
3. Կիմ Սոն Ի (ԿԺԴՀ)

Լող. տղամարդիկ, 200մ բրաս (VIDEO)
1. Դմիտրի Բալանդին (Ղազախստան)
2. Ջոշ Փրենոթ (ԱՄՆ)
3. Անտոն Չուպկով (Ռուսաստան)

Լող. կանայք, 200մ բատերֆլյայ (VIDEO)
1. Միրեյ Բելմոնտե-Գարսիա (Իսպանիա)
2. Մեդլին Գրուվս (Ավստրալիա)
3. Նացումի Հոշի (Ճապոնիա)

Լող. տղամարդիկ, 100մ ազատ ոճ (VIDEO)
1. Քայլ Չալմերս (Ավստրալիա)
2. Պիտեր Տիմերս (Բելգիա)
3. Նաթան Էդրիեն (ԱՄՆ)

Լող. կանայք, 4X200 փոխանցումալող (VIDEO)
1. ԱՄՆ
2. Ավստրալիա
3. Կանադա

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000