Որոնել
Արխիվ
10.08.2016  10:13

Ռիո-2016. Օր5. Սպասվող իրադարձությունները

Օլիմպիական խաղերի 5-րդ օրը կխաղարկվի մեդալների 20 հավաքածու: Ոսկե մեդալի համար թեժ պայքարի կծավալվի մարմնամարզության դահլիճում, որտեղ տեղի է ունենալու տղամարդկանց բազմամարտի եզրափակիչը: Միանգամից 9-10 մարզիկներ հավակնում են մեդալների, իսկ գլխավոր ֆավորիտները աշխարհի չեմպիոն Կոհեի Ուչիմուրան ու որակավորման փուլում լավագույն արդյունք ցույց տված Օլեգ Վերնյաևն են:

Լողի մրցաշարում մեդալների հերթական 4 հավաքածուները կխաղարկվեն: Օրվա գլխավոր իրադարձություններից մեկը կլինի տղամարդկանց 100 մ ազատ ոճի եզրափակիչը, որտեղ թեժ պայքար կծավալվի ամերիկացիներ Նաթան Էդրիենի և Կալեբ Դրեսելի ու ավստրալացիներ Կայլ Չալմերսի և Քեմերոն Մաքէվոյի միջև: Օրը կեզրափակվի կանանց 4X200 ազատ ոճի փոխանցումալողով, որտեղ ֆավորիտը ԱՄՆ-ի հավաքականն է:

Իրենց ելույթները կավարտեն խճուղային հեծանվորդները, որոնք մեդալներ կխաղարկեն առանձին մեկնարկ մրցաձևում: Սեղանի թենիսի մրցաշարում տեղի կունենա կանանց մենախաղերի եզրափակիչը: Տեղի կունենան ակադեմիական թիավարության քառատեղ նավակների եզրափակիչները:

Մեդալների երկուական հավաքածու կխաղարկեն ձյուդոիստները, ծանրորդները, սուսերամարտիկները, հրաձիգները: Մեկական հավաքածու կխաղարկվի կանոե-սլալոմ ու ջրացատկ մարզաձևերում:

Թենիսի մրցաշարում Ռաֆայել Նադալը կհանդիպի Ժիլ Սիմոնին, Էնդի Մարեյը` Ֆաբիո Ֆոնյինիին: Տեղի կունենան ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները, որի արդյունքներով հայտնի կդառնան քառորդ եզրափակչի զույգերը:

Բասկետբոլի մրցաշարում ուշադրության կենտրոնում կլինեն Սերբիա - Ֆրանսիա ու ԱՄՆ - Ավստրալիա հանդիպումները: Հատկապես հետաքրքիր է, թե ինչպես կկարողանան դիմադրել ամերիկացիներին ավստրալացիները, որոնք առաջին երկու տուրերում հաղթել են սերբերին ու ֆրանսիացիներին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000