Ռիո-2016. Օր4. Ֆելփսը նորից անկասելի է. չորրորդ օրվա ամփոփումը
31-րդ ամառային օլիմպիական խաղերի 4-րդ օրը մեդալների 15 հավաքածու խաղարկվեց: Ոսկե մեդալներից 4-ը բաժին հասավ ԱՄՆ-ին, երեք` Չինաստանին:
Ամերիկացիները կրկին իրենց հավասարը չունեին օլիմպիական լողավազանում, խաղարկված 4 ոսկե մեդալներից երեքը կուղևորվեն ԱՄՆ: Նախ Քեթի Լեդեքին փայլուն ոճով հաղթեց 200մ ազատ ոճ մրցաձևում` իրենից հետ թողնելով Ռիոյի խաղերի ևս երկու չեմպիոնուհու` Սառա Շյոստրյոմին ու Էմմա Մաքկեոնին, ինչպես նաև աշխարհի ռեկորդակիր Ֆեդերիկա Պելեգրինիին:
Այնուհետև հերթը հասավ Մայքլ Ֆելփսին: Նա իր սիրած` 200մ բատերֆլյայ մրցաձևում 4 տարի առաջ պարտվել էր հարավաֆրիկացի Չադ լե Կլոյին, ու Ռիոյում լրջորեն էր մոտեցել այս մրցաձևին: Ճիշտ է, ճապոնացի Մասատո Սակային ու երիտասարդ հունգար Տամաշ Կենդերեշին ամեն ինչ արեցին լեգենդար ամերիկացուն խանգարելու համար, սակայն վերջինս կարողացավ առաջինը հասնել վերջնագծին ու նվաճել իր 20-րդ օլիմպիական ոսկին: Նախորդ խաղերի չեմպիոն լե Կլոն ու մրցաշրջանի լավագույն արդյունքն ունեցող Լասլո Չեխը մնացին պատվո պատվանդանից դուրս:
Իսկ մոտ մեկ ժամ անց Ֆելփսը արդեն ԱՄՆ-ի հավաքականի կազմում հանդես գալով 4X200 փոխանցումալողում, նվաճեց իր 21-րդ ոսկե մեդալը: Եզրափակչին ամերիկացները մոտեցել էին իրենց լավագույն կազմով` Քոնոր Դուայեր, Ֆրենսիս Հաաս, Ռայան Լոխտե, Մայքլ Ֆելփս, և մոտ 2,5 վայրկյանով գերազանցեցին Մեծ Բրիտանիայի հավաքականին:
Ինչպես և Ֆելփսը, այս խաղերում իր երրորդ ոսկե մեդալը նվաճեց հունգարուհի Կատինկա Հոսսուն, բայց եթե Ֆելփսը իր երեք մեդալներից երկուսը նվաճել է փոխանցումալողում, ապա Հոսսուն երեք անգամ էլ հաղթել է անհատական մրցաձևերում: Այսօր հունգարուհին հրաժարվեց մասնակցել կանանց 200մ բատերֆլյայ ոճի նախնական փուլին, որպեսզի լավագույնս պատրաստվի 200մ կոմպլեքս լողի եզրափակչին: Եվ դա արդարացրեց իրեն: «Երկաթե Լեդին» ոչ մի շանս չտվեց մրցակիցներին:
Չինաստանը իր հերթական ոսկե մեդալները նվաճեց ջրացատկում ու ծանրամարտում (երկու ոսկե մեդալ): Իրենց առաջին ոսկե մեդալները նվաճեցին գերմանացիներն ու հույները: Գերմանացի Միխայել Յունգը լավագույնն էր ձիասպորտի եռամարտում, իսկ Հունաստանը ներկայացնող Աննա Կարակակիսը հաղթեց հրաձգության 25 մ ատրճանակ մրցաձևում:
Դրամատիկ ընթացք ունեցավ սուսերամարտի տղամարդկանց խոցասուսերի եզրափակիչը: Կորեացի Պակ Սան Յունը 9-14 հաշվով պարտվում էր հունգար Իմրե Գեզային, ու վերջինիս միայն մեկ խոցում էր մնացել հաղթանակ տանելու համար, սակայն կորեացին գերկամային հատկանիշների շնորհիվ կարողացավ հավասարեցնել հաշիվը, հետո էլ վճռական խոցումը կատարել:
ԱՄՆ-ը ևս մեկ ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզությունում: Կանանց թիմային պայքարում ԱՄՆ-ի հավաքականը` Սիմոնա Բայլզի գլխավորությամբ բացահայտ առավելություն ուներ մրցակիցների նկատմամբ: Իսկ երկրորդ տեղը զբաղեցրած Ռուսաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալ նվաճեց նաև ծնունդով գյումրեցի 17-ամյա Սեդա Թութխալյանը:
Խաղային մարզաձևերում մի քանի անակնկալներ գրանցվեցին: Առաջինն ու ամենամեծը, իհարկե, աշխարհի թիվ մեկ ռակետ Սերենա Ուիլյամսի պարտությունն էր ուկրաինուհի Էլինա Սվիտոլինայից: Պայքարը լքեց նաև իսպանացի Դավիդ Ֆերերը, ով պարտվեց ռուս Դմիտրի Դոնսկոյին: Մյուս ֆավորիտները` Ռաֆայել Նադալը, Էնդի Մարին, Անգելիկ Կերբերը շարունակում են պայքարը:
Բասկետբոլի մրցաշարում չափազանց անհաջող է մեկնարկել Իսպանիայի հավաքականը, որը երկրորդ պարտությունը կրեց` այս անգամ 65-66 հաշվով զիջելով տանտերերի ընտրանուն: Արգենտինան հաղթեց Խորվաթիային, Լիտվան` Նիգերիային:
Վոլեյբոլի մրցաշարում իրենց երկրորդ հաղթանակները տարան Իտալիայի և Բրազիլիայի հավաքականները: Իտալացիները երկրորդ պարտությունը հասցրին ֆավորիտների թվին դասվող ԱՄՆ-ի ընտրանուն, տանտերերն էլ ուժեղ գտնվեցին առաջին տուրում ԱՄՆ-ին հաղթած Կանադայի հավաքականից: Իսկ ահա Լոնդոնի խաղերի չեմպիոն Ռուսաստանի հավաքականը 4 սեթում պարտվեց Արգենտինային:
Մեդալային հաշվարկում ԱՄՆ-ը պահպանեց առաջին հորիզոնականը` 9 ոսկե մեդալով: Չինաստանը հետ է մնում մեկ ոսկիով: Նրանց հաջորդում են Հունգարիան և Ավստրալիան` 4-ական ոսկե մեդալով: