Որոնել
Արխիվ
11.07.2016  01:31

Եվրո-2016. Եզրափակիչ. Պորտուգալիա - Ֆրանսիա. Պորտուգալիան պատմության մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն (VIDEO)

Եվրո-2016-ի եզրափակիչ խաղում հանդիպեցին Պորտուգալիայի ու Ֆրանսիայի հավաքականները: Խաղը տեղի ունեցավ Սեն Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում:

Առաջին վտանգավոր պահը ստեղծեցին պորտուգալացիները, Նանին 4-րդ րոպեին վտանգավոր հարված կատարեց տուգանայինի մատույցներից:

3 րոպե անց Անտուան Գրիզմանը ձախ եզրից մտավ տուգանային հրապարակ, բայց անհաջող հարվածեց: 10-րդ րոպեին կրկին հարվածային դիրքում հայտնվեց Գրիզմանը, նրա գեղեցիկ հարվածոց հետո Ռուի Պատրիսիուն գերազանց ցատկով գնդակը հանեց անկյունային: Դրա խաղարկումից հետո Օլիվիե Ժիրուն հարվածեց, Պատրիսիուն որսաց գնդակը:

Պատրիսիուի սեյվը Գրիզմանի հարվածից հետո

Հանդիպման 24-րդ րոպեին խաղադաշտը լքեց պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Մի քանի րոպե առաջ Ռոնալդուն խաղային դրվագում բախվել էր Դիմիտրի Պայետին ու վնասվածք էր ստացել: Մի քանի րոպե վնասվածքով խաղալուց հետո Ռոնալդուին դուրս բերեցին խաղադաշտից պատգարակով, ու նրան փոխարինեց Ռիկարդու Կուարեժման:

Ռոնալդուի վնասվածքը

34-րդ րոպեին Մուսա Սիսոկոն մտավ տուգանային հրապարակ ու հարվածեց, Պատրիսիուն կրկին ուշադիր էր: 5 րոպե անց Ժոզե Ֆոնտեն անկյունայինի փոխանցումից հետո բարձր հարվածեց:

Առաջին կեսի մնացած ժամանակն անցավ ֆրանսիացիների փոքր առավելությամբ, նոր վտանգավոր պահեր չեղան:

Երկրորդ կեսը սկսվեց նույն սցենարով: 59-րդ րոպեին Գրիզմանը աջ եզրից մտավ տուգանային հրապարակ, հարվածեց, Սեդրիկ Սոարեշը սահանկումով փակեց հարվածը, ու Պատրիսիուն հեշտությամբ որսաց գնդակը: 66-րդ րոպեին իրական գոլային պահ բաց թողեց Գրիզմանը: Քինգսլի Կոմանը եզրից գնդակը կախեց տուգանային հրապարակ, Գրիզմանը դարպասային հրապարակի գծից  հարվածեց գլխով, գնդակը մի փոքր բարձր ընթացավ:

75-րդ րոպեին Օլիվիե Ժիրուն ձախ եզրից մտավ տուգանային հրապարակ, գրեթե մեն մենակ մնաց Պատրիսիուի հետ և առանց առաջ շարժվելու հարվածեց, դարպասապահը հերթական անգամ գերազանց խաղաց: 5 րոպե անց Նանին աջ եզրից փոխանցում էր կատարում, բայց գնդակն ընթացավ դեպի դարպասը: Ուգո Լյորիսը կարողացավ հանել գնդակը հորիզոնական դարպասաձողի մոտից, վրա հասած Կուարեժման շրջադարձ հարվածով փորձեց գրավել դարպասը, բայց Լյորիսը կրկին ուշադիր էր:

84-րդ րոպեին Մուսա Սիսոկոն հեռահար հարվածով փորձեց գրավել դարպասը, նորից հրաշալի խաղաց Պատրիսիուն: Հիմնական ժամանակին ավելացրած 2-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Պյեռ-Անդրե Ժինյակը, ստանալով գնդակը դարպասային հրապարակի մատույցներում, շրջանցեց Պեպեին ու հարվածեց դարպասի մոտակա անկյունը, գնդակը հետ մղվեց դարպասաձողից: Երկրորդ կեսում էլ գոլեր չեղան, հաղթողին որոշելու համար պահանջվեց լրացուցիչ ժամանակ:

Ժինյակի հարվածը դարպասափողին

Լրացուցիչ ժամանակի առաջին կեսում ֆրանսիացիները առավելություն ունեին, սուր գրոհներ էին անցկացնում, բայց վտանգավոր հարվածի գործը չէր հասնում: Իսկ ահա պորտուգալացիները 114-րդ րոպեին գերազանց հնարավորություն ունեին հաշիվը բացելու համար: Անկյունայինից եկած փոխանցումցի հետո Ժոզե Ֆոնտեն գլխով հարվածեց, Լյորիսը փրկեց թիմին:

108-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականը վտանգավոր գոտում տուգանային հարվածի իրավունք ստացավ, Ռաֆայել Գերերոն շատ լավ հարվածեց, բայց Լյորիսը մատների ծայրերով դարպասաձողի օգնությամբ հետ մղեց գնդակը: Ընդամենը մեկ րոպե անց Էդերը հիանալի անցումից հետո հեռահար հարվածով խոցեց Լյորիսի դարպասը ու բացեց հաշիվը:

Էդերի բացում է հաշիվը

Բաց թողած գոլից հետո ֆրանսիացիները առաջ նետվեցին, բայց վտանգավոր հարվածներ չկային: Պորտուգալացիները պատասխանում էին վտանգավոր հակագրոհներով: Մնացած ժամանակում նոր գոլեր չեղան, Պորտուգալիայի հավաքականը հաղթեց 1-0 հաշվով ու պատմության մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000