Որոնել
Արխիվ
23.02.2014  04:38

Սոչի-2014. Օրագիր N15. Արման Սերեբրակյանը զբաղեցնում է 35-րդ տեղը, Հոլանդիան նվաճում է վերջին մեդալները չմշկավազքում, Ռուսաստանը գլխավորում է մեդալների հաշվարկը. այն ամենը ինչ պետք է իմանալ օլիմպիական խաղերի 14-րդ օրվա մասին (VIDEO)

Սոչիում ավարտին են մոտենում 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Նախավերջին` 15-րդ օրը մեդալների 7 հավաքածու խաղարկվեց:

Չմշկավազքում կրկին իրենց հավասարը չունեցան Հոլանդիայի ներկայացուցիչները: Թիմային հետապնդման թե' կանանց, թե' տղամարդկան մրցումներում հոլանդացիները հաղթեցին օլիմպիական նոր ռեկորդով: Ընդհանուր առմամբ, խաղարկված 12 ոսկե մեդալներից 8-ը բաժին հասավ «նարնջագույններին»: 12 մրցաձևերում նրանք 23 մեդալ նվաճեցին: Այսինքն` չմշկավազքում խաղարկված մեդալների մոտ 65 տոկոսը: Խաղերին ժամանած հոլանդացի 20 չմշկավազորդներից միայն 5-ը Սոչիից կհեռանան առանց մեդալների:

Բացի այդ, հոլանդուհի Իրեն Վյուստը բացարձակ առաջատարն է այս խաղերում վաստակած մեդալների քանակով: Նա նվաճել է 5 մեդալ` 2 ոսկե և 3 արծաթե:

Թիմային հետապնդում. Կանայք. Եզրափակիչ մրցավազքերը (VIDEO)

Թիմային հետապնդում. Տղամարդիկ. Եզրափակիչ մրցավազքերը (VIDEO)

Մեդալների վերջին երկու հավաքածուները խաղարկեցին նաև սնոուբորդիստները: Զուգահեռ ոլորավայրէջք մրցաձևում հաղթեցին ավստրուհի Յուլիա Դույմովիցն ու Ռուսաստանը ներկայացնող Վիկտոր Ուայլդը: Վերջինիս համար սա երկրորդ նմանատիպ հաջողությունն էր Սոչիում: Ընդամնեը 3 օր առաջ նա հաղթել էր հսկա ոլորավայրէջքում:

Սնոուբորդ. Զուգահեռ ոլորավայրէջք. Կանայք. Եզրափակիչ մրցավազքը (VIDEO)

Սնոուբորդ. Զուգահեռ ոլորավայրէջք. Տղամարդիկ. Եզրափակիչ մրցավազքերը (VIDEO)

Նորվեգուհիների տրիումֆով ավարտվեց դահուկավազքի մասս-ստարտը: Մարետ Բյորգենը, Թերեզա Յոհաուգն ու Կրիստին Ստյորմեր Ստեյրան զբաղեցրին բոլոր մրցանակային տեղերը: Բերգենի համար սա 3-րդ ոսկին էր այս խաղերում, իսկ ընդհանուր առմամբ, նա դարձավ օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն:

Դահուկավազք. Մասս-ստարտ. Կանայք. Նորվեգուհիները զբաղեցնում են ամբողջ պատվանդանը (VIDEO)

Փայլուն հաղթանակ տարան ռուս բիատլոնիստները: Ընդհանուր առմամբ, ամբողջ խաղերը ձախողած ռուսները կարողացան հավաքվել վերջին մրցաձևում` էստաֆետում, և հաղթեցին ֆավորիտներին` Նորվեգիայի, Գերմանիայի ու Ավստրիայի հավաքականներին: Նորվեգները մինչև վերջին կրակահերթը ֆավորիտ էին համարվում, սակայն օլիմպիական բազմակի չեմպիոն Էմիլ-Հեգլե Սվենդսենը ձախողվեց` թույլ տալով 4 վրիպում և մեկ տուգանային շրջան անցնելով, ու իրենից առաջ թողեց երեք հավաքականների` մնալով մրցանակային եռյակից դուրս:

Բիատլոն. Էստաֆետա. Տղամարդիկ. Մրցանակակիրների ֆինիշը (VIDEO)

Մեդալների վերջին հավաքածուն խաղարկեցին լեռնադահուկորդները: Վերջապես կարողավ օլիմպիական մեդալ նվաճել ավստրիացի հանրահայտ մարզիկ Մարիո Մատը: Աշխարհի եռակի չեմպիոնը ձախովել էր Թուրինում և չէր կարողացել Վանկուվերի խաղերի ուղեգիր ձեռք բերել, սակայն Սոչիում 34-ամյա մարզիկը կարողացավ «վրեժ լուծել» ճակատագրից: Երկու փորձերի արդյունքում Մատի արդյունքը լավագույնն էր:

Լեռնադահուկային սպորտ. Ոլորավայրէջք. Տղամարդիկ. Մրցանակային եռյակի ելույթը (VIDEO)

Այս մրցաձևում ելույթ ունեցավ նաև Հայաստանը ներկայացնող Արման Սերեբրակյանը, ով զբաղերցեց բավականին բարձր` 35-րդ հորիզոնականը: Ճիշտ է` այն բանի շնորհիվ, որ մարզիկներից շատերը Բավական է նշել, որ մեկնարկած 117 մարզիկներից միայն 43-ը կարողացան երկու անգամ հատել եզրագիծը: Ինքը` Սերեբրակյանը, ևս մոտ էր մրցատարածությունից դուրս մնալուն, երկրորդ փորձի սկզբում նա վայր ընկավ` անցնելով դարպասի կողքով, սակայն, կորցնելով մի քանի վայրկյան, բարձրացավ ու շրջանցեց այն և հասավ եզրագծին: Սխալի պատճառով նա մոտ 6-7 վայրկյան կորցրեց, ինչը խանգարեց ավելի բարձր տեղ գրավելուն:

Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանի ելույթը հատուկ ոլորավայրէջքում (VIDEO)

Հոկեյի մրցաշարում կայացավ երրորդ տեղի համար հանդիպումը: Սպասվածին հակառակ` ֆինները լուրջ դիմադրության չհանդիպեցին ամերիկացիների կողմից` 5-0: Ֆինլանդիայի հավաքականի կազմում բրոնզե մեդալ նվաճեց 43-ամյա լեգենդար Տեեմու Սելյանեն: Նա հիանալի կերպ ավարտեց միջազգային կարիերան` վճռորոշ խաղում երկու անգամ գրավելով ամերիկացիների դարպասը: Ընդհանուր առմամբ, Սելյանեն մասնակցեց 6 օլիմպիադաների, որոնցում մեկ անգամ դարձավ արծաթե, երեք անգամ էլ` բրոնզե մեդալակիր: Նա համարվում է ռեկորդակիր օլիմպիական խաղերում խփած տափօղակների քանակով:

ԱՄՆ - Ֆինլանդիա 0:5 (VIDEO)

Մեդալների ընդհանուր հաշվարկում առաջին հորիզոնական դուրս եկավ Ռուսաստանը: Նորվեգիան, ռուսների պես վաստակել է 11 ոսկե մեդալ, սակայն զիջում է արծաթե մեդալների թվով` 10-ը 5-ի դիմաց: Կանադան երրորդն է` 9 ոսկե և 10 արծաթե մեդալներով, ԱՄՆ` 4-րդը` 9 ոսկե և 7 արծաթե մեդալներով: Հոլանդացիների ու գերմանացիների ակտիվում 8-ական ոսկե մեդալ կա:

Խաղերի վերջին օրը մեդալների երեք հավաքածու կխաղարկվի: Հայտնի կդառնան բոբսլեյի քառյակների ու դահուկավազքի տղամարդկանց մարաթոնի հաղթողները, ինչպես նաև կկայանա հոկեյի եզրափակիչ հանդիպումը` Կանադայի ու Շվեդիայի հավաքականների միջև: Ի սկզբանե նախատեսվում էր, որ դահուկավազքի մասս-ստարտին պետք է մասնակցեն նաև Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը, սակայն մեր մարզիկների անունները հայտացուցակից բացակայում է: Պատճառներն առայժմ հայտնի չեն:

Փետրվարի 22

Դահուկավազք, մասս-ստարտ, 30 կմ, կանայք

1. Մարիտ Բյորգեն (Նորվեգիա)
2. Թերեզա Յոհաուգ (Նորվեգիա)
3. Կրիստին Ստյորմեր Ստեյրա (Նորվեգիա) 

Սնոուբորդ, զուգահեռ ոլորավայրէջք, կանայք

1. Յուլիա Դույմովից (Ավստրիա)
2. Անկե Կարստենս (Գերմանիա)
3. Ամելի Կոբեր (Գերմանիա)

Սնոուբորդ, զուգահեռ ոլորավայրէջք, տղամարդիկ

1. Վիկ Ուայլդ (Ռուսաստան)
2. Ժան Կոշիր (Սլովենիա)
3. Բենջամին Կառլ (Ավստրիա)

Չմշկավազք, թիմային հետապնդում, կանայք

1. Հոլանդիա
2. Լեհաստան
3. Ռուսաստան

Չմշկավազք, թիմային հետապնդում, տղամարդիկ

1. Հոլանդիա
2. Հարավային Կորեա
3. Լեհաստան

Բիատլոն, էստաֆետա, 4X7,5 կմ, տղամարդիկ

1. Ռուսաստան
2. Գերմանիա
3. Ավստրիա

Լեռնադահուկային սպորտ, ոլորավայրէջք, տղամարդիկ

1. Մարիո Մատ (Ավստրիա)
2. Մարսել Հիրշեր (Ավստրիա)
3. Հենրիկ Կրիստոֆերսեն (Նորվեգիա) 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000