Որոնել
Արխիվ
21.02.2014  03:56

Սոչի-2014. Օրագիր N13. Ադելինա Սոտնիկովան գերազանցում է Յունա Կիմին, կանադուհիները հաղթում են կյորլինգում և հոկեյում. այն ամենը ինչ պետք է իմանալ օլիմպիական խաղերի 13-րդ օրվա մասին (VIDEO)

22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի 13-րդ օրը մեդալների 6 հավաքածու խաղարկվեց:

Ֆրիսթայլիստները առաջին անգամ մեդալներ խաղարկեցին կրոսս մրցաձևում: Այստեղ իրենց հավասարը չունեցան ֆրանսիացիները, ովքեր «գրավեցին» ամբողջ պատվո պատվանդանը:

Ֆրիսթայլ. Կրոսս. Տղամարդիկ. Եզրափակիչ (VIDEO)

Երեկոյան պարզ դարձավ նաև ֆրիսթայլի կանանց հալֆփայպ մրցաձևի հաղթողը: Ամերիկուհի Մեդի Բոումենը դարձավ առաջին մարզուհին, ով ոսկե մեդալ նվաճեց ձմեռային օլիմպիական խաղերի այս մրցաձևում:

Ֆրիսթայլ. Հալֆփայպ. Կանանց մրցանակային եռյակի լավագույն ելույթները (VIDEO)

Երկամարտի էստաֆետայում ոսկե մեդալի համար պայքարում էին Ավստրիան, Գերմանիան ու Նորվեգիան: Բարձր տրամպլինից թռիչքի արդյունքներով գերմանացիները դահուկավազքը սկսեցին` ավստրիացիների նկատմամբ ունենալով 7, իսկ նորվեգացիների նկատմամբ` 25 վայրկյանի առավելություն: Սակայն սկանդինավները կարողացան արագորեն հետ բերել այդ տարբերությունը, և գրեթե ամբողջ տարածությունը երեք հավաքականներն անցնում էին կողք կողքի: Վերջնամասում ավելի շատ ուժեր էին պահել հենց նորվեգացիները: Ֆինիշում այս խաղերի արդեն կրկնակի չեմպիոն Յորգեն Գրաաբակը կարողացավ առաջին հատել եզրագիծը:

Երկամարտ. Էստաֆետ. Մեծ տրամպլին + 4X5 կմ. Դահուկավազքի ֆինիշը (VIDEO)

Թիմային մրցաձևերում միանգամից երկու ոսկե մեդալ նվաճեցին կանադուհիները: Նախ նրանք կյորլինգի մրցաշարի եզրափակչում կարողացան հաղթել վերջին երկու խաղերի չեմպիոն Շվեդիայի հավաքականին, իսկ օրվա վերջում կայացած հոկեյի եզրափակչում Կանադայի հավաքականն անհավանական հաղթանակի հասավ ԱՄՆ-ի նկատմամբ: Հանդիպման ավարտից 3.30 վայրկյան առաջ նրանք պարտվում էին 0-2 հաշվով, սակայն կարողացան կրճատել տարբերությունը, իսկ վերջնամասում էլ` փոխարինելով դարպասապահին հարձակվողով, հիմնական ժամանակի ավարտից 55 վայրկյան առաջ հավասարեցրին հաշիվը:

Լրացուցիչ ժամանակում էլ հենց կանադուհիները խփեցին «ոսկե տափօղակը»: Եզրափակչի իսկական հերոսուհի դարձավ Մարի-Ֆիլիպ Պուլենը, ով խփեց իր թիմի 2-րդ ու 3-րդ տափօղակները:

Բրոնզե մեդալը բաժին հասավ շվեյցարուհիներին, ովքեր շվեդուհիների դեմ խաղում ևս հիանալի կամային հատկանիշներ ցուցաբերեցին: Երրորդ խաղափուլի սկզբում նրանք պարտվում էին 0-2 հաշվով, սակայն կարողացան 4 տափօղակ խփել, և արդյունքում հաղթեցին 4-3 հաշվով:

Բրոնզե մեդալի հանդիպում. Շվեդիա - Շվեյցարիա 3:4 (VIDEO)

Եզրափակիչ. Կանադա - ԱՄՆ 3:2 (VIDEO)

Դիտարժան պայքար ծավալվեց գեղասահքի կանանց մրցաշարում: Կարճ ծրագրից հետո երեք առաջատարները` կորեուհի Յունա Կիմը, ռուս Ադելինա Սոտնիկովան և իտալուհի Կարոլինա Կոստները մոտեցել էին գրեթե հավասար միավորներով: Ազատ ծրագրում ևս երեքն էլ հրաշալի ելույթ ունեցան: Սոտնիկովայի ծրագիրը տեխնիկապես մի փոքր ավելի բարդ էր, քան մրցակցուհիներին, ինչի շնորհիվ 17-ամյա գեղասահորդուհին հռչակվեց չեմպիոնուհի: Կիմը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Կոստները` երրորդ:

Գեղասահք. Կանայք. Ազատ ծրագիր (VIDEO)

Մեդալների ընդհանուր հաշվարկում առաջատարը Նորվեգիան է` 10 ոսկե մեդալ: ԱՄՆ և Գերմանիան վաստակել են 8-ական, իսկ Ռուսաստանն ու Կանադան` 7-ական ոսկե մեդալ:

Փետրվարի 20

Ֆրիսթայլ, կրոսս, տղամարդիկ

1. Ժան Ֆրեդերիկ Շապյուի (Ֆրանսիա)
2. Արնո Բովոլենտա (Ֆրանսիա)
3. Ջոնատան Միդոլ (Ֆրանսիա)

Երկամարտ, էստաֆետա (մեծ տրամպլին + 4X5 կմ), տղամարդիկ

1. Նորվեգիա
2. Գերմանիա
3. Ավստրիա

Կյորլինգ, կանայք

1. Կանադա
2. Շվեդիա
3. Մեծ Բրիտանիա

Գեղասահք, կանայք

1. Ադելինա Սոտնիկովա (Ռուսաստան)
2. Յունա Կիմ (Հարավային Կորեա)
3. Կարոլինա Կոստներ (Իտալիա)

Ֆրիսթայլ, հալֆփայպ, կանայք

1. Մեդի Բոումեն (ԱՄՆ)
2. Մարի Մարտինո (Ֆրանսիա)
3. Այանա Օոնոզուկա (Ճապոնիա)

Հոկեյ, կանայք

1. Կանադա
2. ԱՄՆ
3. Շվեյցարիա 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000