Որոնել
Արխիվ
20.02.2014  04:37

Սոչի-2014. Օրագիր N12. Բյորնդալենը նվաճում է պատմական` 8-րդ ոսկե մեդալը, Ռուսաստանը դուրս է մնում հոկեյի մրցաշարից. այն ամենը ինչ պետք է իմանալ օլիմպիական խաղերի 12-րդ օրվա մասին (VIDEO)

Ձմեռային օլիմպիական խաղերի 12-րդ օրը մեդալների 8 հավաքածու խաղարկվեց:

Իր անունը ձմեռային խաղերի պատմության մեջ հերթական անգամ գրեց լեգենդար Ուլե-Այնե Բյորնդալենը: 40-ամյա բիատլոնիստը Նորվեգիայի հավաքականի կազմում հաղթեց խառը էստաֆետում և իր կարիերայի ընթացքում նվաճեց 8-րդ ոսկե մեդալը` այդ ցուցանիշով հավասարվելով մեկ այլ լեգենդար նորվեգացու` դահուկորդ Բյորն Դելիին: Սակայն Բյորնդալենը ավելի շատ մեդալներ է նվաճել, քան Դելին (13 մեդալ) և այժմ համարվում է ձմեռային օլիմպիական խաղերի ամենատիտղոսակիր մարզիկը:

Բյորնդալենի հետ միասին չեմպիոն հռրակվեցին նաև Էմիլ-Հեգլե Սվենդսենը, Տուրա Բերգերը և Տիրիլ Էկհոֆը: Յուրաքանչյուրի համար սա երկրորդ մեդալն էր այս խաղերում:

Բիատլոն. Նորվեգիան հաղթում է խառը էստաֆետում (VIDEO)

Նորվեգիայի հավաքականը ևս մեկ ոսկե մեդալ նվաճեց դահուկավազքում: Կանանց թիմային սպրինտում Իգվիլդ Էստբերգն ու Մարիտ Բերգենը բոլորից արագ գտնվեցին: էստբերգն իր արծաթին գումարեց ոսկե մեդալը, իսկ Բերգենը հռչակվեց Սոչիի խաղերի կրկնակի չեմպիոնուհի:

Դահուկավազք. Թիմային սպրինտ. Կանայք (VIDEO)

Իսկ ահա տղամարդկանց թիմային սպրինտում նորվեգները անհաջողության մատնվեցին: Այստեղ ոսկե մեդալը խաղարկում էին Գերմանիան, Ֆինլանդիան ու Ռուսաստանը: Եզրագծին մոտ ֆինն մարզիկը խանգարեց գերմանացուն, ով վայր ընկավ` դիպչելով ռուս մարզիկին: Վերջինս կարողավ պահել հավասարակշռությունը, սակայն այդ ընթացքում ֆինն մարզիկը պոկվեց առաջ ու առաջինը հատեց եզրագիծը: Ռուսները երկրորդն էին, իսկ ահա գերմանացիները ընդհանրապես դուրս մնացին եռյակից` զիջելով երրորդ տեղը շվեդներին: Գերմանացիները բողոքարկեցին ֆինն մարզիկի արարքը, սակայն բողոքը մերժվեց:

Դահուկավազք. Տղամարդիկ. Սպրինտ. Եզրափակիչ (VIDEO)

Սնոուբորդիստները մեդալներ խաղարկեցին հսկայական ոլորավայրէջքում: Այստեղ հիանալի հանդես եկան Ռուսաստանի ու Շվեյցարիայի ներկայացուցիչները: Ռուսաստանը երկու մեդալ նվաճեց. տղամարդկանց պայքարում ուժեղագույնը ճանաչվեց Ռուսաստանը ներկայացնող ամերիկացի Վիկ Ուայլդը, իսկ կանանց պայքարում բրոնզե մեդալի արժանացավ նրա կինը` Ալյոնա Զավարզինան:

Շվեյցարացի Նևին Գալմարինին եզրափակչում պարտվեց Ուայլդին, փոխարենը` նրա հայրենակցուհի Պատրիցիա Կումերը գերազանցեց բոլորին կանանց պայքարում:

Սնոուբորդ. Զուգահեռ հսկա ոլորավայրէջք. Կանայք. Եզրափակիչ մրցավազքերը (VIDEO)

Սնոուբորդ. Զուգահեռ հսկա ոլորավայրէջք. Տղամարդիկ. Եզրափակիչ մրցավազքերը (VIDEO)

Լեռնադահուկորդները պարզեցին ուժեղագույնին հսկա ոլորավայրէջքում: Երկու փորձերի արդյունքում լավագույն ժամանակը ցույց տվեց ամերիկացի Թեդ Լիգետին: Ֆրանսիացիներ Ստիվ Միսիրյեն ու Ալեկսիս Պենտուրյոն հիանալի կատարեցին երկրորդ փորձը ու նվաճեցին համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալները:

Լեռնադահուկային սպորտ. Հսկա ոլորավայրէջք. Տղամարդկանց մրցանակային եռյակի ելույթները (VIDEO)

Հայաստանը ներկայացնող Արման Սերեբրակյանը 107 մարզիկների պայքարում զբաղեցրեց 46-րդ տեղը: Առաջին փորձից հետո մեր մարզիկը 54-րդն էր: Երկրորդ փորձը նրա մոտ ավելի հաջող էր` 42-րդ տեղ, իսկ ընդհանուր հաշվարկում մեր մարզիկը զբաղեցրեց 46-րդ տեղը, ինչը վատ արդյունք նրա: Նշենք, որ Սերեբրակյանը նաև անձնական նոր ռեկորդ սահմանեց:

Արման Սերեբրակյանի ելույթը օլիմպիական խաղերում (VIDEO)

Չմշկավազքում կայացավ չեխ Մարտինա Սաբլիկովայի և հոլանդուհի Իրեն Վյուստի հերթական դուելը: 3000 մ տարածությունում Վյուստը կարողացել էր գերազանցել իր գլխավոր մրցակցուհուն, սակայն 5000 մ տարածությունում Սաբլիկովան կարողացավ ռևանշի հասնել ու կատարել կորեուհի Սանգ Հվա Լիի, չինուհի Հոն Չժանի և լեհ Զբիգնև Բրոդկայի սխրանքը, ովքեր այս խաղերի ընթացքում կարողացել են հաղթել Հոլանդիայի չմշկորդներին:

Իսկ Իրեն Վյուստի համար այս արծաթե մեդալը երրորդն էր Սոչիում: Ընդհանուր առմամբ նա 4 մեդալ է նվաճել, և այդ ցուցանիշով առաջինն է խաղերի բոլոր մասնակիցների մեջ:

Չմշկավազք. 5000մ. Կանայք. Կանանց մրցանակային եռյակի ելույթները (VIDEO)

Որոշակի դադարից հետո կրկին ոսկե մեդալ նվաճեցին Կանադայի ներկայացուցիչները: Բոբսլեիստուհիներ Հեզոր Մոյսն ու Քելլի Համֆրիսը կարողացան հաղթել ամերիկյան երկու էկիպաժների ու 5-րդ ոսկե մեդալը բերեցին իրենց երկրին:

Բոբսլեյ. Կանայք. Երկյակներ. Մրցանակային եռյակի ելույթները (VIDEO)

Գեղասահքի մրցաշարում կայացան կանանց մրցաշարի կարճ ծրագրի ելույթները: Միանգամից երեք մարզուհի` կորեուհի Յունա Կիմը, ռուս Ադելինա Սոտնիկովան և իտալուհի Կարոլինա Կոստները հավակնում են ոսկե մեդալին: Երրորդ տեղում գտնվող Կոստները ընդամենը 0,8 միավորով է զիջում առաջատար Կիմին: Իսկ ահա 15-ամյա Յուլյա Լիպնիցկայան, ով հիանալի էր կատարել իր ծրագրերը թիմային պայքարում, և արդեն այս խաղերի չեմպիոն է, մեկ անգամ վայր ընկավ, ինչը թույլ չտվեց նրան բարձր արդյունք ունենալ: Այնուամենայնիվ, մյուս տարրերի հիանալի կատարումը դեռ թույլ է տալիս Լիպնիցկակային մեդալի հույսեր ունենալ: Նա այժմ մոտ 9 միավորով է զիջում առաջատար եռյակին` զբաղեցնելով 5-րդ տեղը:

Գեղասահք. Կանայք. Կարճ ծրագրի լավագույն կատարումները (VIDEO)

Հոկեյի մրցաշարում պայքարից դուրս մնաց տանտերերի հավաքականը: Ռուսները 1-3 հաշվով զիջեցին ֆիններին ու հերթական անգամ հոկեյի մրցաշարում կմնան առանց մեդալի: Շվեդները առանձնակի խնդիրների չունեցան սլովենների դեմ խաղում` 5-0: Իսկ ահա Կանադան մեծ դժվարությունների հանդիպեց Լատվիայի հավաքականի դեմ խաղում: Կանադացիները հաղթական տափօղակը խփեցին հանդիպման ավարտից միայն 6 րոպե առաջ: Ամերիկացիներն էլ 5-2 հաշվով պարտության մատնեցին այս մրցաշարում անհաջող հանդես եկած չեխերին:

Այժմ կիսաեզրափակչում Շվեդիան կխաղա Ֆինլանդիայի, իսկ ԱՄՆ` Կանադայի դեմ:

Շվեդիա - Սլովենիա 5:0 (VIDEO)

Ֆինլանդիա - Ռուսաստան 3:1 (VIDEO)

Կանադա - Լատվիա 2:1 (VIDEO)

ԱՄՆ - Չեխիա 5:2 (VIDEO)

Մեդալների ընդհանուր հաշվարկում առաջին տեղ դուրս եկավ Նորվեգիան` 9 ոսկե մեդալ: Գերմանիան ունի 8 ոսկե մեդալ, ԱՄՆ` 7. Ռուսաստանը, Հոլանդիան ու Շվեյցարիան` 6-ական:

Փետրվարի 19

Սնոուբորդ, հսկա ոլորավայրէջք, կանայք

1. Պատրիցիա Կումեր (Շվեյցարիա)
2. Տոմոկա Տակեուշի (Ճապոնիա)
3. Ալյոնա Զավարզինա (Ռուսաստան)

Սնոուբորդ, հսկա ոլորավայրէջք, տղամարդիկ

1. Վիկ Ուայլդ (Ռուսաստան)
2. Նևին Գալմարինի (Շվեյցարիա)
3. Ժան Կոշիր (Սլովենիա)

Լեռնադահուկային սպորտ, հսկա ոլորավայրէջք, տղամարդիկ

1. Թեդ Լիգետի (ԱՄՆ)
2. Ստիվ Միսիլյե (Ֆրանսիա)
3. Ալեկսիս Պենտյուրո (Ֆրանսիա)

Դահուկավազք, թիմային սպրինտ, կանայք

1. Իգվիլդ Ֆլուկստադ Էստբերգ/ Մարիտ Բյորգեն (Նորվեգիա)
2. Կերտու Նիսկանեն/ Կայսա Սաարինեն (Ֆինլանդիա)
3. Իդա Ինգեմարսդոտեր/ Ստինա Նիլսոն (Շվեդիա)

Դահուկավազք, թիմային սպրինտ, տղամարդիկ

1. Լիվո Նիսկանեն/ Սամի Յաուհոյարվի (Ֆինլանդիա)
2. Մաքսիմ Վիլեդժանին/ Նիկիտա Կրյուկով (Ռուսաստան)
3. Էմիլ Յոնսոն/ Թեոդոր Պետերսոն (Շվեդիա)

Չմշկավազք, 5000 մ, կանայք

1. Մարտինա Սաբլիկովա (Չեխիա)
2. Իրեն Վյուստ (Հոլանդիա)
3. Կարին Կլեյբեկեր (Հոլանդիա)

Բիատլոն. խառը էստաֆետ, 4X7,5 կմ

1. Նորվեգիա
2. Չեխիա
3. Իտալիա

Բոբսլեյ. երկյակներ, կանայք

1. Հեզեր Մոյս/ Քեյլի Համֆրիս (Կանադա)
2. Իլանա Մայերս/ Բեատրիս Ուիլյամս (ԱՄՆ)
3. Ջեյմի Գրյուբել/ Էյջի Էվանս (ԱՄՆ) 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000