Որոնել
Արխիվ
19.02.2014  05:00

Սոչի-2014. Օրագիր N11. Սվենսենը կանգնեցնում է Ֆուրկադին, իսկ հոլանդացիները շարունակում են իշխել չմշկավազքում. այն ամենը ինչ պետք է իմանալ օլիմպիական խաղերի 11-րդ օրվա մասին (VIDEO)

22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի 11-րդ օրը մեդալների 7 հավաքածու խաղարկվեց:

Վերջապես կայացավ բիատլոնի տղամարդկանց մասս-ստարտը: Երկու օր անընդմեջ մրցումները հետաձգվում էին ուժեղ մառախուղի պատճառով: Երեքշաբթի օրը եղանակային պայմանները ևս իդեալական չէին, բավականին ուժեղ ձյուն էր տեղում, սակայն դա չխանգարեց նորվեգացի Էմիլ-Հեգլե Սվենդսենին կրակել առանց վրիպումների ու ֆինիշին մոտենալ կողք-կողքի այս խաղերի արդեն կրկնակի չեմպիոն Մարտեն Ֆուրկադի հետ: Սվենդսենը ձախողել էր նախորդ երեք մեկնարկները, և այս անգամ իրավունք չուներ ձեռքից բաց թողնել հնարավորությունը: Չնայած ֆրանսիացի բիատլոնիստի վերջին` հուսահատ քայլին, Սվենդսենը ընդամենը մի քանի հարյուրերորդական վայրկյան ավելի շուտ հատեց եզրագիծը:

Էմիլ Սվենդսենը ֆինիշում հաղթում է Ֆուրկադին (VIDEO)

Մեկ օր ուշացումով ուժեղագույնին պարզեցին սնոուբորդիստները: Կրոսս մրցաձևում անակնկալ էր հասունանում, ռուս Նիկոլայ Օլյունինը լավագույն արդյունքն էր ցույց տալիս նախնական փուլերում, մոտ էր ոսկե մեդալ նվաճելուն, սակայն ֆրանսիացի Պյեր Վոլտիեն կարողացավ վերջին թռիչքի ժամանակ առաջ պոկվել ու եզրագիծը հատել առաջինը:

Սնոուբորդ. Կրոսս. Տղամարդիկ. Եզրափակիչ (VIDEO)

Փոխարեն խոշոր անակնկալ տեղի ունեցավ չմշկավազքի 10000 մ տարածության մրցավազքում: Բացահայտ ֆավորիտ, 5000 մ տարածության հաղթող հոլանդացի Սվեն Կրամերը պարտվեց իր հայրենակից Յորիտ Բերգսմային, ով 5000 մ տարածությունում երրորդն էր: Երրորդ տեղը զբաղեցրեց մեկ այլ հոլանդացի Բոբ դե Յոնգը, ինչը բավականին սպասելի էր` հաշվի առնելով հոլանդացի չմշկորդների հիանալի ելույթները այս խաղերում: Սա արդեն երրորդ դեպքն է, երբ մեկ մրցաձևում պատվո պատվանդանի բոլոր երեք աստիճաններին կանգնում են «նարնջագույնները»: Պետք է նշել, որ բրոնզե մեդալակիր դե Յոնգը օլիմպիական խաղերի իր առաջին մեդալը նվաճել է դեռևս 1998թ.-ին` Նագանոյում` դառնալով փոխչեմպիոն: Բացի այդ 37-ամյա մարզիկը ուժեղագույնն է ճանաչվել Թուրինում (2006թ.) և բրոնզե մեդալակիր դարձել Վանկուվերում (2010թ):

Դե իսկ, հոլանդացիները ներկա պահին նվաճել են չմշկավազքւմ խաղարկված 27 մեդալներից 19-ը, ընդ որում` 9 ոսկե մեդալներից 6-ը բաժին են հասել հենց հոլանդացիներին: Դեռևս մեդալների 3 հավաքածու էլ պետք է խաղարկվի, այնպես որ կարելի է այդ երկրի ներկայացուցիչներից նոր հաջողություններ ակնկալել:

Հոլանդացիները հերթական անգամ վերցնում են բոլոր մեդալները չմշկավազքւմ (VIDEO)

Խաղերի 11-րդ օրը երկու ոսկե մեդալ նվաճեցին նորվեգացիները: Սվենդսենի հաջողությունը երկամարտում (մեծ տրամպլին + դահուկավազք) կրկնեց Յորգեն Գրաաբակը, իսկ նրա հայրենակից Մագնուս Մոանը նվաճեց արծաթե մեդալ: Հայտնի չէ, թե ինչով կավարտվեր մրցավազքը, եթե գերմանացի Յոհանես Ռիձեկը դուրս չմնար պայքարից: Ռիձեկը ցավալիորեն վայր ընկավ վերջին շրջադարձի ժամանակ ու չկարողացավ խառնվել մեդալների համար պայքարին, փոխարենը նրա հայրենակից Ֆաբիան Ռիսլեն կարողացավ բրոնզե մեդալ նվաճել: Իսկ ահա ևս մեկ գերմանացի` Էրիկ Ֆրենցելը, ով հաղթել էր երկամարտի առաջին մրցաձևում (միջին տրամպլին + դահուկավազք), թեև ցատկից հետո առաջին տեղում էր, սակայն վազքն ավարտեց միայն 10-րդ հորիզոնականում:

Երկամարտ. Դահուկավազքի ֆինիշը (VIDEO)

Շորթ-տրեկի կանանց 3000 մ էստաֆետայի մրցումներում հաղթող ճանաչվեց Հարավային Կորեայի հավաքականը: Երկրորդը եզրագիծը հատեցին չինուհիները, սակայն նրանց հավաքականը որակազրկվեց, քանի որ վազքի ընթացքում չինուհիներից մեկը խանգարել էր Իտալիայի հավաքականի չմշկորդուհուն: Արդյունքում արծաթը բաժին հասավ կանադուհիներին, իսկ բրոնզը` իտալուհիներին:

Շորթ-տրեկ. Էստաֆետա, 3000մ. Կանայք. Եզրափակիչ հատվածը (VIDEO)

Կանադան ևս մեկ արծաթե մեդալ նվաճեց ֆրիսթայլի հալփայպ մրցաձևում: Մաքյլ Ռիդլը 1,40 միավորով զիջեց ամերկացի Դևիդ Ուայզին, ով օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ անցկացվող մրցաձևում հռչակվեց օլիմպիական չեմպիոն:

Ֆրիսթայլ. Հալֆփայպ. Տղամարդկանց մրցանակային եռյակի լավագույն ելույթները (VIDEO)

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի հռչակվեց սլովենուհի Տինա Մազեն: Սակայն եթե արագընթաց վայրէջքում Մազեն ու շվեյցարուհի Դոմինիկ Գիզինը միևնույն ժամանակը ցույց տվեցին ու երկուսն էլ չեմպիոն հռչակվեցին, ապա հսկա ոլորավայրէջքում Մազեն միակն էր, ով ոսկե մեդալի արժանացավ: Իսկ այս խաղերի ևս մեկ չեմպիոնուհի Աննա Ֆեննինգերը, ով ուժեղագույնն էր սուպեր-գիգանտում, Մազեին զիջեց ընդամենը 0,07 վայրկյանով ու դարձավ արծաթե մեդալակիր:

Լեռնադահուկային սպորտ. Հսկա ոլորավայրէջք. Կանանց մրցանակային եռյակի ելույթները (VIDEO)

Հոկեյի մրցաշարում հայտնի դարձան քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները: Ռուսաստանի և Սլովենիայի հավաքականները միևնույն 4-0 հաշվով հաղթեցին համապատասխանաբար Նորվեգիային ու Ավստրիային: Ռուսները այժմ քառորդ եզրափակչում կհանդիպեն ֆինների, իսկ սլովենները` շվեդների հետ: Անակնկալ արդյունք գրանցվեց Լատվիա - Չեխիա խաղում, լատվիացիները կարողացան 3-1 հաշվով հաղթել աշխարհի փոխչեմպիոններին ու այժմ քառորդ եզրափակչում կխաղան Կանադայի դեմ: Իսկ փլեյ-օֆֆի ամենասպասված խաղում չեխերը բավականին հեշտ հաղթում էին սլովակներին` 4-0 հաշվով, սակայն երրորդ խաղափուլում սլովակները կարողացան հետ բերել խաղի ինտրիգը ու ավարտից 10 րոպե առաջ հաշվի տարբերությունը հասցրին նվազագույնի: Սակայն ավելի անել չհաջողվեց, և երբ վերջին րոպեին սլովակները փոխել էին իրենց դարպասապահին հարձակվողով ու դարպասն ազատ էին թողել, չեխերը խփեցին 5-րդ տափօղակը ու դուրս եկան քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպեն ԱՄՆ-ի ընտանու հետ: Քառորդ եզրափակչի հանդիպումները կկայանան չորեքշաբթի օրը:

Սլովենիա - Ավստրիա 4:0 (VIDEO)

Ռուսաստան - Նորվեգիա 4:0 (VIDEO)

Շվեյցարիա - Լատվիա 1:3 (VIDEO)

Չեխիա - Սլովակիա 5:3 (VIDEO)

Մեդալների ընդհանուր հաշվարկում առաջատարը Գերմանիան է` 8 ոսկե մեդալ: Նորվեգիան իր ակտիվում ունի 7 ոսկե մեդալ: Հոլանդիան ու ԱՄՆ վաստակել են 6-ական, իսկ Ռուաստանը, Շվեյցարիան ու Բելառուսը` 5-ական ոսկե մեդալ:

Փետրվարի 18

Սնոուբորդ, կրոսս, տղամարդիկ

1. Պյեր Վոլտիե (Ֆրանսիա)
2. Նիկոլայ Օլյունին (Ռուսաստան)
3. Ալեքս Դիբոլդ (ԱՄՆ)

Լեռնադահուկային սպորտ, հսկա ոլորավայրէջք, կանայք

1. Տինա Մազե (Սլովենիա)
2. Աննա Ֆեննինգեր (Ավստրիա)
3. Վիկտորիա Ռեբենսբուրգ (Գերմանիա)

Բիատլոն, մասս-ստարտ, 15կմ, տղամարդիկ

1. Էմիլ-Հեգլե Սվենդսեն (Նորվեգիա)
2. Մարտեն Ֆուրկադ (Ֆրանսիա)
3. Օնջրեյ Մորավեց (Չեխիա)

Շորթ-տրեկ, էստաֆետա, 3000 մ, կանայք

1. Հարավային Կորեա
2. Կանադա
3. Իտալիա

Երկամարտ (մեծ տրամպլին + 10 կմ), տղամարդիկ

1. Յորգեն Գրաաբակ (Նորվեգիա)
2. Մագնուս Մոան (Նորվեգիա)
3. Ֆաբիան Ռիսլե (Գերմանիա)

Չմշկավազք, 10000 մ, տղամարդիկ

1. Յորիտ Բերգսմա (Հոլանդիա)
2. Սվեն Կրամեր (Հոլանդիա)
3. Բոբ դե Յոնգ (Հոլանդիա)

Ֆրիսթայլ, հալֆփայպ, տղամարդիկ

1. Դևիդ Ուայզ (ԱՄՆ)
2. Մայքլ Ռիդլ (Կանադա)
3. Կևին Ռոլան (Ֆրանսիա) 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000