Որոնել
Արխիվ
31.12.2012  21:19

2012թ.-ի ակնթարթները հայկական սպորտում

Ավարտվում է 2012թ.-ը: Օլիմպիական տարում մեր մարզիկները հանդես եկան փոփոխական հաջողություններով: Օլիմպիական խաղերից մեր մարզիկները առանց մեդալներ չվերադարձան, սակայն ոսկե մեդալի փայլին կրկին ստիպված կլինենք 4 տարի սպասել: Փոխարենը հերթական անգամ ուրախացրին մեր շախմատիստները, իսկ ֆուտբոլի հավաքականը չնայած այնքան էլ վստահ չմեկնարկեց Աշխարհի առաջնության ընտրական փուլում, սակայն ասել, որ մեր թիմի համար անհաջող տարի էր, սխալ կլինի:

Եթե 2011թ.-ը հայկական ֆուտբոլի պատմության մեջ մտավ որպես աննախադեպ հաջողությունների տարի, ապա 2012թ.-ին իրենց ակումբներում գերազանց արդյունքներ ցույց տվեցին հավաքականի առանձին ֆուտբոլիստները: ArmFootball.com-ը տարեվերջին որոշել է վերհիշել տարվա կարևորագույն մարզական իրադարձությունները:

Հունվար

Ամսվա իրադարձությունները. Մարկոս Պիզելլիի տրանսֆերը «Կուբան», Հրայր Մկոյանի տրանսֆերը Նալչիկի «Սպարտակ», Ռոման Բերեզովսկու տրանսֆերը Մոսկվայի «Դինամո»:

Ամսվա հերոսը` Ռոման Բերեզովսկի. հունվար ամիսը նշանավորվեց երկու բավականին անսպասելի, սակայն հաճելի տրանսֆերներով: Հատկապես ուրախալի էր վետերան Ռոման Բերեզովսկու վերադարձը ռուսական Պրեմիեր լիգա: Չնայած «Դինամոյում» մեկնարկն այնքան էլ հաջող չէր մեր դարպասապահի համար, սակայն 2012թ.-ի երկրորդ կեսում մեր հավաքականի դարպասապահը կրկին ապացուցեց իր բարձր կարգը` հիանալի օգտագործելով իրենց տրված խաղաժամանակը:

Փետրվար

Ամսվա իրադարձությունը. Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում անցկացրեց: Նախ մեր թիմը երկրորդ կազմով 0:2 հաշվով զիջեց Սերբիային, այնուհետև հիմնական կազմով 3:1 հաշվով պարտության մատնեց Կանադային: Փետրվարի 15-ին հրապարակված ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը զբաղեցնում էր ռեկորդային` 41-րդ տեղը:

Ամսվա հերոսը`  Արազ Օզբիլիզ. Նախ Արազը Ամստերդամի «Այաքսի» կազմում գերազանց հանդիպում անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Օլդ Թրաֆորդում` դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Իսկ մեկ շաբաթ անց` փետրվարի վերջին օրը իր սպասված նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի կազմում: Կանադայի դեմ խաղում Արազը նաև բացեց իր գոլերի հաշիվը հավաքականում` խաղավերջում հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը:

Մարտ

Ամսվա իրադարձությունը. Մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի 21-րդ առաջնությունը, Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից մեր մարզիկները վերադարձան 4 մեդալներով` մեկ ոսկե, երեք բրոնզե

Ամսվա հերոսը`  Արթուր Ալեքսանյան. Գյումրեցի երիտասարդ ըմբիշը իրեն շատ վստահ դրսևորեց Եվրոպայի առաջնությունում: Հունահռոմեական ըմբշամարտի 96 կգ քաշայինների պայքարում մեր մարզիկը պարտության մատնեց բոլոր մրցակիցներին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Ապրիլ

Ամսվա իրադարձությունները. «Շիրակը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը` եզրափակչում պարտության մատնելով Դիլիջանի «Իմպուլսին»:

Ամսվա հերոսը`  Մարկոս Պիզելլի. տեղափոխվելով Դոնեցկի «Մետալուրգից»` Մարկոսը արագորեն իր տեղը նվաճեց «Կուբանի» մեկնարկային կազմում` Դան Պետրեսկուի թիմում դառնալով կարևոր ֆուտբոլիստներից մեկը: Մարկոսը հիանալի էր համագործակցում թիմի առաջատար Լասինա Տրաորեի հետ, և օգնում վերջինիս ավելացնել իր գոլերի թիվը: Սակայն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը միայն դրանով չէր սահմանափակվում: Ապրիլ ամսին Մարկոսը երկու հիասքանչ գոլերի հեղինակ դարձավ: Նախ տուգանային հարվածով գրավեց «Լոկոմոտիվի» դարպասը, իսկ «Ռուբինի» դարպասը խփած գնդակն ընդհանրապես Ռուսաստանի առաջնության լավագույն գոլերից մեկն էր:

Մայիս

Ամսվա իրադարձությունները. Ներկայացվեց Հայաստանի հավաքականի նոր` «Ադիդաս» մարզահագուստը: Հայաստանի հավաքականը ընկերական խաղում 0:1 հաշվով զիջեց Եվրոպայի առաջնության նախապատրաստվող Հունաստանի ընտրանուն:

Ամսվա հերոսը` Ռոման Բերեզովսկի. մայիսին Բերեզովսկին կորցրել էր տեղը «Դինամոյի» մեկնարկային կազմում: Շատերը խոսում էին նրա անվստահ խաղի մասին: Սակայն Հունաստանի դեմ խաղում Ռոման լռեցրեց իր քննադատներին: Միայն իր փայլուն խաղի շնորհիվ Հայաստանի հավաքականը խուսափեց ավելի խոշոր հաշվով պարտությունից: Իսկ խաղավերջում Բերեզովսկին երկու անգամ հետ մղեց մեր թիմի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածները:

Հունիս

Ամսվա իրադարձությունները. Հայաստանի հավաքականը Երևանում կայացած ընկերական խաղում 3:0 հաշվով պարտության մատնեց Ղազախստանին: Երիտասարդական ընտրանին էլ 4:1 հաշվով ջախջախեց Անդորրային ու խմբում կրկին բարձրացավ երկրորդ հորիզոնական:

Ամսվա հերոսը` Գևորգ Ղազարյան. Ղազախստանի դարպասը խփած գնդակը դարձավ հանդիպման զարդը: Փոխանցում ստանալով Հենրիխ Մխիթարյանից` Ղազարյանը կրնկով գրավեց մրցակցի դարպասը` խփելով Հայաստանի հավաքականի պատմության ամենագեղեցիկ գոլերից մեկը: Գոլը ընդգրկվեց TVGolo-ի վարկածով շաբաթվա լավագույն գոլերի 10-յակում, իսկ երկրպագուների քվեարկությամբ ճանաչվեց հունիս ամսվա երկրորդ շաբաթվա լավագույն գոլ:

Հուլիս

Ամսվա իրադարձությունները. Եվրագավաթների խաղարկությունում առաջին փուլի արգելքը հաղթահարեցին «Շիրակն» ու «Գանձասարը», միևնույն ժամանակ կապանցիները «հաջողացրին» մրցակցի հարկի տակ 1:3 հաշվով պարտվել Ֆարերյան կղզիների թիմին: «Ուլիսն» ու «Փյունիկը» հրաժեշտ տվեցին եվրագավաթներին հենց առաջին փուլից հետո: Լոնդոնում մեկնարկեցին 30-րդ Օլիմպիական խաղերը:

Ամսվա հերոսը` Հենրիխ Մխիթարյան. 2011թ.-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը փայլուն մեկնարկեց նոր մրցաշրջանում: Հենց առաջին տուրից հետո նա գլխավորեց Ուկրաինայի առաջնության ռմբարկուների ցուցակը: Բոլորը սկսեցին խոսել Մխիթարյանի մասին, որպես «Շախտյորի» նոր առաջատար:

Օգոստոս

Ամսվա իրադարձությունները. Օգոստոսը հայկական սպորտի համար ամենահագեցած ամիսն էր: Օլիմպիական խաղերում մեր մարզիկները երեք մեդալ նվաճեցին: Արթուր Աբրահամը վերադարձրեց չեմպիոնական գոտին` պարտության մատնելով Ռոբերտ Շտիգլիցին: Հայաստանի հավաքականը ընկերական խաղում 1:2 հաշվով զիջեց Բելառուսին: Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցակցի հարկի տակ պարտության մատնեց Ուելսին ու հիանալի հնարավորություն ստացավ դուրս գալու ընտրական խմբից: Արազ Օզբիլիզը «Այաքսից» տեղափոխվեց «Կուբան»:

Ամսվա հերոսները`  Հռիփսիմե Խուրշուդյան և Արսեն Ջուլֆալակյան: Այն պահին, երբ ելույթ էր ունենում Հռիփսիմե Խուրշուդյանը, Արսեն Ջուլֆալակյանն արդեն եզրափակչի ուղեգիր էր ձեռք բերել: Սակայն Հռիփսիմեն հայ մարզիկներից առաջին բարձրացավ պատվո պատվանդանին` կարողանալով բրոնզե մեդալ նվաճել քաշով իրեն նկատելիորեն գերազանցող մրցակցուհիների հետ պայքարում: Ընդ որում Խուրշուդյանը դարձավ անկախ Հայաստանի առաջին մարզուհին, ով Օլիմպիական խաղերից վերադարձավ մեդալով: Արսենն էլ, չնայած պարտվեց, սակայն մեր երկիրը 16 տարի անց կրկին օլիմպիական արծաթ նվաճեց:

Սեպտեմբեր

Ամսվա իրադարձությունները. Հայաստանի հավաքականը մեկնարկեց Աշխարհի առաջնության ընտրական փուլում: Նախ մեր թիմը մրցակցի հարկի տակ 1:0 հաշվով պարտության մատնեց Մալթային, իսկ մի քանի օր անց նույնպես արտագնա խաղում պարտվեց Բուլղարիային: Ֆանտաստիկ հաջողության հասան մեր շախմատիստները` Ստամբուլում կայացած Համաշխարհային օլիմպիադայում մեր թիմը երրորդ անգամ ճանաչվեց ուժեղագույնը: Հենրիխ Մխիթարյանը` դուբլի հեղինակ դառնալով «Նորդշելանդի» դեմ խաղում դարձավ Հայաստանի հավաքականի առաջին ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում:

Ամսվա հերոսը` Լևոն Արոնյան. մեր թիմի առաջատարը լավագույնն էր առաջին խաղատախտակի վրա: Արոնյանի գերազանց խաղը դարձավ մեր հավաքականի հաջողության հիմնական գրավականը:

Հոկտեմբեր

Ամսվա իրադարձությունները. Հայաստանի հավաքականը վերանորոգված «Հրազդան» մարզադաշտում 1:3 հաշվով պարտվեց Իտալիային:

Ամսվա «հերոսը»` Հենրիխ Մխիթարյան. Մխիթարյանը լավագույնն էր հավաքականի կազմում Իտալիայի դեմ խաղում: Պատահական չէ, որ հենց նա էլ գրավեց Բուֆֆոնի պաշտպանած դարպասը: Բացի այդ Մխիթարյանը շարունակում էր գերազանց խաղ ցուցադրել Ուկրաինայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում:

Նոյեմբեր

Ամսվա իրադարձությունները. Հայաստանի հավաքականը տարվա վերջին խաղում 4:2 հաշվով պարտության մատնեց Լիտվային:

Ամսվա հերոսը` Արազ Օզբիլիզ. Լիտվայի դեմ խաղում Արազը հիանալի խաղաց` դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ ու կատարելով երկու գոլային փոխանցում: Ռուսաստանի առաջնությունում Արազը նոյեմբերի ընթացքում դարձավ երեք գոլի հեղինակ, ու մի քանի անգամ ընդգրկվեց տարբեր պարբերականների խորհրդանշական հավաքականներում:

Դեկտեմբեր

Ամսվա իրադարձությունները. Արսեն Ջուլֆալակյանը ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն մարզիկ, Հենրիխ Մխիթարյանը` լավագույն ֆուտբոլիստ:

Ամսվա հերոսը` Յուրա Մովսիսյանի տրանսֆերային պատմությունը սկսվեց դեռևս նոյեմբերին, սակայն պաշտոնական հաստատում ստացավ դեկտեմբեր ամսին` դառնալով տրանսֆերներով հարուստ տարվա եզրափակիչ ակորդը: Արդյունքում մեր հավաքականի հարձակվողը 2013թ.-ը կսկսի Մոսկվայի «Սպարտակում»:

 

Ռաֆայել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000