Որոնել
Արխիվ
21.12.2012  15:11

Սերգեյ Մովսիսյան. «Լավագույն պահը այն էր, երբ Ստամբուլում բարձրացվեց մեր եռագույնը»

Հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը հարցազրույց է տվել NEWS.am Sport-ի թղթակից Վերա Մարտիրոսյանին:

- Սերգեյ, ամփոփենք 2012 թվականը: Ինչպիսի՞ն էր այն քեզ համար:

- Ինձ համար շախմատային առումով հաջող տարի էր: Բացի Օլիմպիադայից նաև Եվրոպայի թիմային առաջնությունում մեր թիմը լավ խաղաց: Գրավեցինք երկրորդ տեղը: Մնացած առումներով, արտասովոր բաներ չեն գրանցվել, բայց քանի որ դարձանք Օլիմպիադայի չեմպիոն, ինձ համար այս տարին հաջող եմ համարում: Լավագույն պահը երևի այն էր, երբ Ստամբուլում բարձրացվեց մեր եռագույնը:

- Նահանջ տարիները հաճախ դժվար և ծանր են ստացվում հաճախ: Նման բան չե՞ս  զգացել:

- Այս տարի նահանջ տարի՞ էր (ծիծաղում է): Այդ մեկ օրը բան չի փոխում: Եթե ամեն ծանր տարի այսպիսին լինի` ես համաձայն եմ:

- Այս տարվա ամենահետաքրքիր գիրքը, որ կարդացել ես:

Այս տարի վերընթերցեցի Չակ Պալանիկի «Խեղդել» գիրքը: Ինչպես նաև կարդում էի իսլանդական դետեկտիվներ: Ես երկու անգամ եղել եմ Իսլանդիայում և այնտեղի կոլորիտը լրիվ այլ է:

- Ի՞սկ դիտած ֆիլմը:

- Վերջինը, որ դիտել եմ եղել է Բրյուս Ուիլիսի մասնակցությամբ «Ժամանակի հանգույց» ֆիլմն է: Այն ապագայի մասին է և շատ հետաքրքիր միտք կա այնտեղ: Շատ ֆիլմեր եմ դիտել այս տարի, բայց այս պահին դժվար է մտաբերել:

- Կա՞ այնպիսի գիրքը, որը խորհուրդ կտաս կարդալ:

- Ես կառանձնացնեմ Անդրեյ Պլատոնովի և Այզեկ Ազիմովի գրքերը: Վերջինս մի հիսուն տարի առաջ է գնացել մեզնից: Եվ ում մոտ երևակայությունը շատ ուժեղ է, ես նրանց խորհուրդ կտայի այդ գրքերը:

- Եթե ժամանակը մեկ տարով հետ տային, ինչ-որ բան կփոխեի՞ր քո կյանքում:

- Ես շատ ուրախ եմ, որ այդպիսի հնարավորություն չունենք:

- Սիրո՞ւմ ես ամանորյա տոները:

- Եվրոպայում առաջնայինը Սուրբ Ծննդյան տոնն է: Ես միշտ նկատում եմ, որ մարդիկ այս տոներին դառնում են ավելի ջղային, մտահոգ: Չգիտեն, թե ինչ առնել: Ինձ համար տոններն այդքան ել մեծ նշանակություն չունեն: Ես աշխատում եմ ամեն օրը երջանիկ ապրել և չկապել այն կոնկրետ օրվա հետ:

- Եվրոպայի հետ նշում եք Սուրբ Ծննուդը, իսկ Նոր տարին ավելի համե՞ստ, թե՞ հայկական ավանդույթի համաձայն առաջնայինը Ամանորն է:

- Մենք Պրահայում այդքան էլ շատ սերտ կապեր չունենք հայ համայնքի հետ: Շախմատիստների մոտ շատ հաճախ այնպես է լինում, որ տոների ժամանակ մրցումների ենք մասնակցում: Այս վերջին ամիսները ինձ համար շատ ծանր էին գրաֆիկի առումով: Դեռ չգիտեմ, թե ինչպես եմ նշելու այս տոները: Երևի ծնողներիս ու ընկերներիս հետ:

- Նվերներ տալ սիրո՞ւմ ես:

- Սիրում եմ, բայց ոչ պարտականության պես հենց այդ օրը: Նվերներ միշտ պետք է անել և սրտանց:

- Ամանորի ամենահիշվող նվերը:

- Ես միշտ փոքրուց շատ էի սիրում, երբ ինձ գիրք էին նվիրում և միշտ սպասում էի: Իսկ խորհրդային ժամանակաշրջանում գիրք գտնելն այդքան էլ հեշտ չէր:

- Ի՞նչ ես կարծում, մարդն իր երջանկության դարբին է, և սխա՞լ է կարծել, թե ամեն բան կանխորոշված է:

- Ի՞նչ իմաստ ունի այդ դեպքում ապրել, եթե մտածես, որ ամեն բան արդեն կանխորոշված է: Շախմատիստներին ավելի հեշտ է կյանքում պայքարել իրավիճակների դեմ, փորձել ինչ-որ բան փոխել:

- Ամեն բան հնարավո՞ր է փոխել:

- Բաներ կան, որ չես կարող փոխել, բայց դրանք շատ քիչ են: Մարդ պետք է չհանձնվի: Ամեն մարդ կարող է փոխել իր կյանքն այնքանով, որքանով նա ցանկանում է: Կարծում եմ` Լևոն Արոնյանի կյանքը շատերի համար վառ օրիակ է:

- Շախմատային մտածելակերպը երբեմն չի՞ խանգարում առօրյա կյանքում: Չի՞ լինում, որ հասարակ կյանքի դրվագները, որոնք պետք է ապրել էմոցիայով, քեզ մոտ տեղ են տալիս հաշվարկները:

- Իհարկե, հիմնականում փորձում ենք մի քանի քայլ առաջ նայել, հաշվել: Բայց ես կարծում եմ, որ դա կյանքում ավելի օգուտ է, քան թե վնաս, իհարկե երբեմն պետք է իմպուլսիվ որոշումներ կայացնել, բայց մեզ մոտ դա ավելի քիչ է ստացվում:

- Կանե՞ս մի բան, եթե կասկածես, որ գուցե հետագայում քեզ դրանից վնաս լինի:

- Եթե հստակ իմանամ, որ վատ է լինելու, պարզ է` չեմ անի, բայց հասարակ բաներում շախմատիստներն ավելի մտածված են գործում: Այդ պատճառով սխալվելու հավանականությունն էլ փոքր է: Բայց իհարկե դժվար է իմանալ, թե հետագայում ինչպես կստացվի:

- Ասում են, թե տղամարդը պետք է իր կյանքում անի երեք բան` տուն կառուցի, որդի ունենա և ծառ տնկի: Ըստ քեզ՝ ի՞նչ երեք բան պարտավոր է իր կյանքի ընթացքում անել տղամարդը:

- Ամեն մարդ ինքը կիմանա, թե ինչ է իր համար առաջնային: Կարիերայի ավարտին նա արդեն կիմանա՝ իր առջև դրված նպատակներին հասել է, թե չէ: Չգիտեմ, որքան է այժմ ակտուալ տունն ու ծառը: Ես երեսուն անց եմ և անգամ հիմա կդժվարանամ պատասխանել այդ հարցին, թե ընտանիքից հետո ինչ է կարևոր: Շախմատային հաջողությունները, թե հանգիստ կյանքը: Դժվար հարց է:

- Եթե հնարավորություն ունենայիր հայտնվել այլ ժամանակաշրջանում, ո՞րը կընտրեիր:

- Միջնադարյան Փարիզում, երբ գիտությունը դեռ այսքան զարգացած չէր: Ես ինքս կցանկանայի ինչ-որ բան ստեղծել, իմանալ:

- Երջանկության քո բանաձևը:

- Այն ամենը, ինչ ես անում եմ՝ անեմ հաճույքով և դա չդառնա աշխատանք: Շատ ուրախ եմ, որ շախմատն ինձ այդ հնարավորությունը տալիս է: Այն օրը, երբ զգամ՝ այդպես չէ, կսկսեմ մտածել, թե ինչ նոր բանով կարելի է զբաղվել:

- Ընկերությունը դա…

- Ընկերությունը խորը բան է: Ինչպես ռուսներն են ասում ընկերությունը ջրով չես բաժանի` որքան միասնական, այնքան ուժեղ: Մեր հավաքականը դրա վառ ապացույցն է:

- Իսկ ի՞նչ է սերը:

- Ես շատ ուրախ եմ, որ չի կարելի բացատրել, թե ինչ է սերը, բանաձևեր գրել: Կյանքում ամենագեղեցիկ բաները նրանք են, որոնք անհնար է բացատրել բանաձևերով, թեորեմներով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000