Որոնել
Արխիվ
24.09.2012  16:43

Շախմատ. Արշակ Պետրոսյան. «Հաղթանակի բերկրանքը ցանկանում ես ևս մեկ անգամ զգալ»

Հայաստանի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի հարցազրույցը Голос Армении պարբերականին:

- Երեք Օլիմպիական տիտղոսներից ո՞րն է Ձեզ համար ավելի թանկ:

- Երեքն էլ, չնայած մեկը մյուսից տարբեր են: Ստամբուլում, ի տարբերություն Թուրինի և Դրեզդենի, ավելի ծանր պայքար ստացվեց: Ռուսաստանի հավաքականը ցանկանում էր միայն հաղթանակ տանել: Թիմը նախօրոք նախապատրաստվել էր, ի դեմս մեր հայրենակից Յուրի Դոխոյանի ուժեղ գլխավոր մարզիչ ուներ: Նրանք արդեն 10 տարի է չեն կարողացել նվաճել առաջին հորիզոնականը և վճռականորեն էին տրամադրված: Բայց մենք կարողացանք դա թույլ չտալ:

- Իսկ Ձեր դերը թիմում ինչո՞վ է պայմանավորված:

- Ես ամեն տուրից առաջ որոշում եմ թիմի կազմը և միասին պատրաստվում ենք հանդիպմանը: Իմանալով մրցակցի ուժեղ և թույլ կողմերը, փնտրում ենք նրանց համար առավելագույն բարդ խաղային տարբերակները: Իհարկե, բոլոր տղաներն էլ գրոսմայստերներ են և շախմատից լավ են գլուխ հանում: Բայց նախապատրաստությունը բաղկացած է մի շարք գործոններից և հավատացե՛ք, որ ես էլ քիչ չեմ աշխատում այդ ուղղությամբ:

- Դուք մասնագիտությամբ փիլիսոփա եք: Դա օգնու՞մ է մարզչական գործում:

- Կարծում եմ՝ օգնում է: Ես ավելի շատ մասնագիտացած եմ տրամաբանության ուղղությամբ, որը շախմատում մեծ դեր է խաղում: Ամեն դեպքում մենք հիանալի հարաբերություններ ունենք շախմատիստների հետ:

- Հավաքականում երկար տարիներ շարունակ կայուն կազմի առկայության մասին ի՞նչ կասեք: Կազմի ձևավորման առումով Դուք պահպանողակա՞ն եք:

- Ոչ, ուղղակի 2004թ.-ից սկսած հավաքականի կազմը որոշում ենք կոնկրետ համակարգով: Հավաքականի կազմ ընդգրկվում են այդ պահին ամենաբարձր գործակիցներ ունեցող 4 շախմատիստներն ու այդ տարվա ՀՀ չեմպիոնը, որպես պահեստային շախմատիստ: Հայաստանի շախմատի առաջնությունը բավականին հետաքրքիր է անցնում, քանի որ մասնակիցները գիտեն՝ ինչու համար են պայքարում: Այդ համակարգը բավականին արդար ու օբյեկտիվ է:

- Մամլո ասուլիսներից մեկում Դուք նշել էիք, որ Գաբրիել Սարգսյանի պես թիմային շախմատիստների դժվար է ճարել, դա իրո՞ք այդպես է:

- Գաբին հետաքրքիր տղա է, հիանալի անձնավորություն: Նա աներևակայելի կերպով է տրամադրվում պայքարին, լիովին կենտրոնանում է իր պարտիայի վրա, կարող է շատ մեծ ծանրաբեռնվածությամբ խաղալ: Բլեդում կայացած 2002թ. Օլիմպիադայի ժամանակ, երբ մենք երրորդն էինք, նա իրեն շատ վատ էր զգում, բայց վերջին տուրին մասնակցեց ջերմությամբ: Գաբին իսկական մարտիկ է, որին ես լիովին վստահում եմ:

Օգտվելով առիթից ցանկանում եմ մեր մյուս տղաներին նույնպես անդրադառնալ: Լևոն Արոնյանը առաջին խաղատախտակի վրա լավագույն արդյունքը և լավագույն ցուցանիշը (պերֆորմանս) գրանցեց: Նրա դերը հավաքականում շատ մեծ է: Լևոնը իսկական առաջատար է, ով իր շախմատային գիտելիքներով և գաղտնիքներով կիսվում է թիմի հետ:

Սերգեյ Մովսիսյանն այդքան էլ շատ միավոր չվաստակեց, բայց Ռուսաստանի և Հունգարիայի հավաքականների դեմ շատ կարևոր հաղթանակներ տարավ, իսկ Հունգարիային իսկապես «ոսկե գնդակ խփեց»: Կարեն Ասրյանի ողբերգական մահվանից հետո նա կարողացավ ուժեղացնել հավաքականը:

Վլադիմիր Հակոբյանը միշտ էլ Օլիմպիադաներում կայուն խաղ է ցուցադրել: Նա Ստամբուլում իր խաղատախտակի վրա երկրորդն էր: Վոլոդյան շատ վստահ է խաղում:

Տիգրան Պետրոսյանը Ստամբուլում ընդամենը երեք հանդիպման մասնակցեց: Նա միշտ լավ է տրամադրվում և պատրաստ է ցանկացած պահի փոխարինել մեր տղաներին: Ընդհանրապես, ես փոփոխությունների կողմնակից չեմ, եթե տեսնում եմ, հիմնական կազմը լավ է խաղում, ապա հենց այնպես փոփոխություններ չեմ իրականացնում:

- Իսկ կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է ներկայացնում Բերգերի «խորհրդավոր» լրացուցիչ գործակիցների հաշվարկը:

- Հավատացե՛ք, ես դժվարանում եմ պատասխանել ձեր հարցին: Բերգերը շատ դժվար է հաշվարկել: Մենք չխորացանք հաշվարկների մեջ, այլ ուղղակի տրամադրվեցինք հաղթել վերջին խաղում: Շատ բան կապված էր՝ ինչպես կխաղան մեր մրցակիցները: Պաշտոնական արդյունքները միանգամից չհայտարարվեցին, բայց մենք արդեն զգում էինք, որ առաջինն ենք: Մրցակիցները, մինչ այդ այդ հաշվարկները կատարել էին, այդ իսկ պատճառով մինչ պաշտոնական հայտարարությունը, սկսել էին մեզ շնորհավորել:

Բերգերի գործակիցներից ավելի լավ հաշվարկ դեռ չի մտածվել: Թիմային ընդհանուր միավորների հաշվարկը օբյեկտիվ չէ: Օրինակ, եթե թիմն անհաջող է մեկնարկել ապա մի որոշ ժամանակ մրցակիցները ավելի ցածր կարգ կունենան, որոնց կարելի է խոշոր հաշվով հաղթել: Օրինակ, մի քանի հավաքականներ մեդալների չէին հավակնում, բայց մեզնից ավելի շատ թիմային միավորներ ունեին: Այլ բան է, երբ թիմերը քիչ են, և նրանք կարգով հավասար են, ինչպես լինում է աշխարհի առաջնությունների ժամանակ:

- 2008 և 2011թթ. ՖԻԴԵ-ն Ձեզ ճանաչել է լավագույն մարզիչ: Այդ տարվա հաղթողը երևի արդեն պա՞րզ է:

- Դա ինձ ամենաքիչն է հուզում: Գլխավորը թիմի հաջողությունն է: Ես իմ մարզչական հաջողություններով պարտական եմ իմ տղաներին:

- Վերջին տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Հունգարիայի ընտրանին էր: Ձեր փեսային (Պետեր Լեկո) շախմատային գաղտնիքներ չե՞ք հաղորդել: Ինչպե՞ս եք ապրում Հունգարիայում:

- Ոչ, չեմ հայտնել (ժպտում է): Կնոջս հետ ապրում եմ Սեգեդ քաղաքում, որը Սերբիային սահմանակից է, Պետերն ու Սոֆյան մեզ հետ չեն ապրում: Տարվա մեջ մի քանի անգամ այցելում եմ Հայաստան: Պետերը ռուսերեն վատ չի խոսում, փոքր ինչ խոսում է նաև հայերեն: Նա և կինը իսկական պոլիգլոտներ են՝ 6 լեզու գիտեն: Ես անգլերեն վատ չեմ խոսում, բայց հունգարերեն այդպես էլ չսովորեցի՝ շատ բարդ լեզու է: Իմ դուստրը՝ Սոֆյան, շախմատի հետ ոչ մի կապ չունի, բայց հաճախ է համակ ուշադրությամբ հետևում ամուսնու խաղերին:

- Մենք կմասնակցե՞նք 2016թ. Բաքվում կայանալիք Օլիմպիադային:

- Եթե դա հիմա անցկացվեր, ապա ոչ: Կարծում եմ, որ դա միայն իմ կարծիքը չէ: Իսկ թե ինչ կլինի 4 տարի հետո, ոչ ոք չգիտի: Կապրենք կտեսնենք: Ամեն ինչ բարդել ՖԻԴԵ-ի վրա, չարժե: Բաքուն հայտ է ներկայացրել և հաղթել է: Հայաստանը նույնպես  միջազգային մրցաշարեր կազմակերպելու իրավունք ստացել է և ստանում է, օրինակ 1996թ. Օլիմպիադան:

- Մեր չեմպիոնները չե՞ն կշտացել շախմատային հաղթանակներից:

- Շատ է խոսվել մեր թիմային ոգու մասին: Դա իրոք այդպես է, հավաքականում հետևյալ սկզբունքն է գործում՝ մեկը բոլորի, բոլորը մեկի համար: Բայց ես կնշեի նաև հաղթողի հոգեբանությունն ու վստահությունը: Հաղթանակի բերկրանքը ցանկանում ես ևս մեկ անգամ ապրել:

- Թիմին ե՞րբ կտեսնենք գործում:

- 2013թ. նոյեմբերին Վարշավայում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը, իսկ դեկտեմբերին Թուրքիայում կանցկացվի աշխարհի առաջնությունը: Անկեղծ ասած, զարմացած եմ, որ այդ մրցաշարերը անցկացվում են ընդամենը մեկ ամսվա տարբերությամբ:

 

 

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000