Որոնել
Արխիվ
11.09.2012  11:51

Շախմատ. Սերգեյ Մովսիսյան. «Մեր ուժը մեր թիմային ոգու մեջ է»

Հայաստանի շախմատի հավաքականի կազմում Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճած Սերգեյ Մովսիսյանի հարցազրույցը ռուսական chess-news.ru կայքին:

- Ֆուտբոլում այսպիսի մի հասկացություն կա. Խաղում դարձավ «ոսկե գոլի» հեղինակ: Դուք վերջին խաղում դարձաք գոլի հեղինակ: Ի՞նչ կասեք դրա մասին:

- Ես կասեի, որ իհարկե, «գոլ» եմ խփել, բայց մեր հաջողությունը միայն թիմային է, քանի որ Օլիմպիադան ինքնստինքյան թիմային մրցաշար է: Տղաները հիանալի խաղացին, ես շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց վերջին տուրում նրանց և հենց ինձ օգնել և դառնալ այս հիանալի մրցաշարի հաղթող: Մեզ համար տարբերություն չկա, թե ով է այդ «գոլը» խփում, այնպես որ... Հաջողվեց գոնե վերջին խաղում մի փոքր նպաստել ընդհանուր հաջողությանը:

- Բայց, ամեն դեպքում Ձեր իրավիճակը բավականին հետաքրքիր է: Դուք երկու անգամ դարձել եք հերոս, Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում և վերջին տուրում: Մեկ անգամ էլ դարձել եք հակահերոս՝ պարտվելով չինացի շախմատիստին: Ձեր ապրումները մեկը մյուսից շա՞տ են տարբերվում, թե Ձեզ համար տարբերություն չկա, հաղթելու կամ պարտվելու դեպքում դա վերագրում եք թիմին:

- Ինչպես ասում են ճտերն աշնանն են հաշվում: Մենք այսպես ենք մտածում, հաղթում կամ պարտվում է թիմը: Այդպես է ստացվել:

- Իսկ մարզի՞չը: Նրա դերն այդ առումով ինչպիսին է:

- Նույնն էլ վերաբերում է մարզչին: Հաղթում կամ պարտվում է մարզիչը: Մեր թիմը կազմված է 6 հոգուց, մենք միասնական ենք: Մեզ մոտ ինչ-որ յուրահատուկ դերակատարներ չկան, ասենք, մեկը ավելի շատ է մասնակցում, մյուսն ավելի քիչ: Կարծում եմ, որ հենց դա է մեր գլխավոր ուժը, որ մեզ մոտ ոչ մի «ես», ոչ մի անհատական մոտեցում չի նկատվում և տղաներն առավելագույն կերպով աշխատում են թիմի օգտին:

- Եթե գաղտնիք չէ, ինչպե՞ս եք ընտրում թիմի կազմը: Դա մարզի՞չն է որոշում, թե՞ թիմը:

- Նախկինում բոլորին թվում էր, որ Հայաստանի հավաքականը բոլոր տուրերում խաղում էր հիմնական կազմով: Այս անգամ իրավիճակն այլ էր, քանի որ Տիգրան Պետրոսյանը այնպիսի շախմատիստ է, ով կարող է փոխարինել մեզնից յուրաքանչյուրին: Մենք միշտ աշխատել ենք խաղալ մեր ամենաուժեղ կազմով, որը տվյալ պահին ավելի լավ կխաղա, ու ինչպես տեսնում եք, ճիշտ ենք վարվել:

- Դուք առաջի՞ն անգամ եք դառնում Օլիմպիական չեմպիոն:

- Այո:

- Ի՞նչ զգացումներ ունեք:

- Դա ինձ համար միանգամայն նոր զգացում է, իսկ տղաների մոտ դա արդեն երրորդ անգամ է, այնպես որ... Իհարկե, շատ հաճելի է նման հիանալի շախմատիստների ու ամենակարևորը շատ լավ մարդկանց կողքին խաղալը: Մեր թիմում ընկերական մթնոլորտ է տիրում և մերվելը շատ հեշտ է: Ես այդ առումով ոչ մի խնդիր չեմ ունեցել: Ես երկար տարիներ շարունակ բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ եղել, այնպես չէ, որ իրավիճակը կտրուկ փոխվել է: Իհարկե, աշխարհի առաջնությունը նույնպես շատ կարևոր էր: Եվրոպայի առաջնությունում մենք նույն կազմով չկարողացանք արդյունքի հասնել, բայց ես ուրախ եմ, որ դա բացառություն էր: Օլիմպիադային մենք շատ մեծ նշանակություն էինք տալիս, շատ ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց այնպես, ինչպես ցանկանում էինք:

- Իսկ արդեն հայտնի է, թե ինչպե՞ս պետք է ձեզ դիմավորեն Հայաստանում (հարցազրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին, մինչ Հայաստան ժամանելը, ArmFootball.com): Դուք, իմիջայլոց, պատրաստվում էիք մեկնել Հայաստան:

- Այո, ես նախատեսել էի մի քանի օրով մեկնել Հայաստան, հետո կտեսնենք: Ես դեռ չգիտեմ, թե ինչ հետագա պլաններ ունեմ: Տղաներն արդեն ծանոթ են այդ ընդունելության հետ, ինձ համար էլ դա նորություն չի լինի, բայց կարծում եմ, որ մեզ շատ ջերմ կընդունեն, թե՛ երկրի նախագահը, թե՛ ժողովուրդը, որը մեզ համար շատ կարևոր է: Շախմատը Հայաստանում ամենաառաջին մարզաձևերից մեկն է, ուրախ ենք, որ ուրախացրեցինք մեր ժողովրդին:

- Իսկ եթե առաջ նայենք, 2016թ. Օլիմպիադան անցկացվելու է Բաքվում: Բացատրեք ինձ, ի՞նչ է նշանակում Ձեր դեմքին գծագրված ժպիտը:

- Ուղղակի այդ հարցն արդեն մի քանի անգամ տվել են... Շատ են հարցնում: 2016թ.-ի Օլիմպիադան, եթե չեմ սխալվում անցկացվելու է 4 տարի հետո: Որոշում է ընդունվել այն անցկացնել Բաքվում, եթե այս պահի դրությամբ դատենք, ապա մեր հավաքականը չի մասնակցի այդ մրցաշարին, ավելացնելու ոչինչ չունեմ: Եթե չորս տարվա ընթացքում ինչ-որ բան փոխվի, բայց չենք կարող ասել, թե ինչ կլինի: Եթե ես իմանայի, թե ինչ է լինելու 2016թ.-ին, ապա ես շատ հարուստ մարդ կլինեի:

- Հայաստանի հավաքականի համաշխարհային մակարդակի շախմատիստը Լևոն Արոնյանն է, իսկ մյուսները... Այնպիսի տպավորություն է, որ թիմային խաղում ձեր շախմատիստների ցուցադրած խաղը տարբերվում է անհատական առաջնություններում անցկացրած ելույթներից: Վերջին տարիներին, որքան հիշում եմ, անհատական մրցաշարերում չէի ասի, որ անկում է եղել, բայց որևէ նշանակալի հաղթանակ չի արձանագրվել: Դրա հետ կապված, հարցս հետևյալն է, ինչպե՞ս եք որպես անհատական շախմատիստ տեսնում Ձեր ապագան:

- Կարող եմ ասել, որ ուղղակի, երևի շատ շախմատիստներ շեշտը դնում են հենց անհատական վարպետության վրա և մոռանում են Օլիմպիադայի և մյուս թիմային մրցաշարերի մասին: Իհարկե, կարևոր է, որ Լևոնը հանդես է գալիս մեր թիմում, քանի որ նա այս պահի դրությամբ աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկն է: Նա մեր թիմի գլխավոր շարժիչն է ոչ միայն խաղատախտակի առջև, այլև ֆուտբոլային լեզվով ասած «հանդերձարանում»: Նա առաջատար է ոչ միայն շախմատային, այլև մարդկային առումով: Մենք շատ ուրախ ենք, որ մեր թիմն այդպիսի շախմատիստ է առաջնորդում, իսկ ինչ վերաբերում է նրան, թե անհատական մրցաշարերում նույնպիսի հաղթանակներ չկան... Գիտեք, հենց դրանում է կայանում թիմային ու անհատական մրցաշարերի տարբերությունը: Երևի դրանով է պայմանավորված Հայաստանի հավաքականի ելույթները, քանի որ մենք հասկանում ենք անհատական ու թիմային մրցաշարերի տարբերությունը:

- Ձեզ ճիշտ հասկացա՞, որ Լևոն Արոնյանը, ով աշխարհի լավագույն շախմատիստներից մեկն է, երևի լավագույն շախմատիստն է անհատական մրցաշարերում, թիմային մրցաշարերում խաղում է որպես թիմային խաղացող, ոչ թե ինչպես անհատական շախմատիստ:

- Այո, դրանում մեծ տարբերություն կա: Նա, իհարկե առաջատար է, բայց մյուս կողմից նա, ինչպես և մենք, թիմի անդամ է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000