
Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը վերջերս է վերադարձել Իսպանիայից, որտեղ նա մասնակցում էր Կրասնոդարի «Կուբանի» ուսումնամարզական հավաքին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով:
«Մեկ շաբաթը այդքան էլ երկար ժամանակ չէ, որպեսզի կարողանաս մեծ փորձ ձեռք բերել, սակայն ինձ համար այդ մեկ շաբաթն էլ մեծ առավելություն էր, քանի որ «Կուբանն» ընդգրկված է Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ութ ուժեղագույնների մեջ: Այնտեղ ինձ շատ լավ ընդունեցին: Անցել էր երեք օր, սակայն ինձ վերաբերվում էին այնպես, կարծես թե այդ թիմի հինգ տարվա խաղացող լինեմ, ինչի համար շատ շնորհակալ եմ: Շատ հաճելի էր շփվել այնտեղի մարզչական կազմի հետ: Ես հիացած եմ նրանց աշխատանքով և պրոֆեսիոնալիզմով:
Նշեմ, որ «Փյունիկի» և «Կուբանի» մարզումների մեջ տարբերությունը մեծ չէր, այնտեղ պարզապես կան ֆիզիկական մարզումներ անցկացնող մասնագետներ, ովքեր առավելագույնս զարգացնում են մարզիկի տվյալ որակները: Հիմնական ուշադրությունը ֆիզիկական որակների զարգացման վրա էր, քանի որ «Կուբանի» դեռ առաջին հավաքն էր, և ես իմ հերթին փորձեցի ինձ դրսևորել առավելագույնս: Մարզումների ժամանակ կիրառվում էր այն ամենը, ինչ սովորաբար օգտագործվում է նաև մեզ մոտ», նշել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կիսապաշտպանը:
ամիս
շաբաթ
օր