Որոնել
Արխիվ
12.05.2020  21:12

«Մանուչարյանին կտուգանեն ու դա դաս կլինի մյուսների համար». Սողոմոնյանի և Բուրգերսի նամակագրությունը՝ ակումբը հանձնելու վերաբերյալ

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել ArmFootball.com-ին՝ «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը նախ ակումբը հանձնել էր հոլանդացի բիզնեսմենի, սակայն օրեր անց փոշմանել էր և որոշել պահել թիմը: Այնուհետև թիմից հեռացված մարզիչ Ռոբերտ Արզումանյանը մանրամասներ էր պատմել ակումբում տեղի ունեցած դեպքերից՝ նշելով, որ Սողոմոնյանը որոշել էր փակել բազան և թույլ չէր տվել մարզվել թիմին, իսկ հետո հեռացրել էր Արզումանյանին, ով ղեկավարում էր մարզումային պրոցեսը:

Այսօր News.am կայքը հրապարակել է երկու կողմերի՝ Արթուր Սողոմոնյանի և հոլանդացի գործարար Օլաֆ Բուրգերսի միջև կնքված պայմանագիրն ու երկու կողմերի նամակագրությունը: Դրանցից պարզ է դառնում, որ ապրիլի 10-ին երկու կողմերը՝ Բուրգերսն ու Սողոմոնյանը պայմանագիր են կնքել՝ «Փյունիկի» գլխավոր թիմի փոխանցման մասին:

Դրանից հետո, ապրիլի 12-ին, Բուրգերսը նամակ է ուղարկել Սողոմոնյանին՝ նշելով, որ վերջինիս հաստատման դեպքում Հայկը («Փյունիկ ֆուտբոլային ակումբի» մարզական տնօրեն Հայկ Ղազազյանը) կզբաղվի «Փյունիկ» հասարակական կազմակերպության անդամների փոփոխության հարցով, ինչին ի պատասխան Սողոմոնյանն ուղարկել է «Համաձայն եմ գրվածի հետ»:

Ապրիլի 13-ին կայացել է «Փյունիկ ֆուտբոլային ակումբ» կազմակերպության նիստը, որին ներկա են եղել կազմակերպության անդամներ Արթուր Սողոմոնյանը (հեռավար), Ռոբերտ Գասպարյանը, Նորայր Պետրոսյանը, Տիգրան Մարտիրոսյանն ու Տիգրան Մարգարյանը: Միաձայն որոշում է ընդունվել, որ Օլաֆ Բուրգերսը (Հոլանդիայի քաղաքացի) և Վիջաշ Պրասադը (Ֆիջիի քաղաքացի) դառնում են կազմակերպության խորհրդի անդամներ:

Հաջորդ օրը Արթուր Սողոմոնյանը դիմում է ներկայացնում կազմակերպությունից դուրս գալու մասին, որը, ինչպես նաև Ռոբերտ Գասպարյանի դիմումը հիմք ընդունելով, որոշում է կայացվում դադարեցնել վերոնշյալ երկուսի անդամակցությունը կազմակերպությանը: Այդ օրը կայացած ժողովին մասնակցում են խորհրդի անդամներ Բուրգերսը, Պրասադը, նիստը նախագահում է Հայկ Ղազազյանը: Նիստի ժամանակ որոշում է կայացվում նաև դադարեցնել Մարտիրոսյանի, Մարգարյանի և Պետրոսյանի լիազորությունները, իսկ խորհրդի անդամ նշանակել նաև Հայկ Ղազազյանին:

Ապրիլի 24-ին Արթուր Սողոմոնյանը նամակ է ուղարկում Օլաֆ Բուրգերսին՝ նշելով, որ պատասխանում է վերջինիս նախկինում հնչեցրած մի քանի հարցերին: Մասնավորապես նա նշում է, որ հենց իր գործերը կարգավորվեն, կվերադառնա ակումբ, և որ պետք է կասեցվի ակադեմիայի փոխանցումը: Նշում է նաև, որ գիտի՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու Բուրգերսը արդեն հանդիպել են և քննարկել ՈւԵՖԱ-ից եկած գումարները: Խոսվում է ակումբի պարտքերի մասին, Սողոմոնյանն ասում է, որ չգիտի՝ ինչ ուրիշ պարտքեր ունի ակումբը բացի մարզագույքի 50 տոկոսի և ակումբի աշխատակազմի աշխատավարձերի պարտքերը: Սողոմոնյանն ասում է, որ պետք է արագացնել ակումբի փոխանցման գործընթացը, և որ պատրաստ է մեկ տարով անվճար հանձնել բազան: 

Խոսք է գնում այն աշխատակացիների մասին, որոնք չեն մտնում նոր սեփականատիրոջ ծրագրերի մեջ, նրանց թվում է գլխավոր մարզիչ Բերեզովսկին, որը, ըստ Սողոմոնյանի, պետք է տեղեկացվի այդ մասին:

Անդրադարձ է կատարվում Էդգար Մանուչարյանին, Սողոմոնյանը նշում է, որ այդ գործում հաղթելու հավանականություն կա (Մանուչարյանը չի ստացել աշխատավարձը, նրան խնդրել են հրաժարվել դրանից, ֆուտբոլիստը դիմել է ՀՖՖ): Սողոմոնյանի կարծիքով՝ Մանուչարյանը ինքը պետք է տուգանվի, և դա պետք է դաս լինի մյուս ֆուտբոլիստների համար: Վերջում Սողոմոնյանը հայտնում է, որ միշտ պատրաստ է օգնելու նոր սեփականատիրոջը, քանի որ «Փյունիկի» բարձունքում լինելը նաև իր իմիջը կբարձրացնի:

Եվ վերջապես, ապրիլի 27-ին Արթուր Սողոմոնյանը նոր նամակ է ուղարկում Օլաֆ Բուրգերսին՝ հայտնելով, որ շնորհակալ է վերջինիս օգնության համար, խնդրում է ներել իրեն և հասկանալ, որ նախկին գործողությունները արված են եղել պանիկայի մեջ՝ սխալմամբ: Որոշել է վերադառնալ այն կետին, որտեղից նրան գործարքը սկսվել է: Հույս ունի, որ ամռանը կհանդիպեն և կքննարկեն հետագա համագործակցությունը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000