Որոնել
Արխիվ
07.05.2020  17:04

Ի՞նչ է տեղի ունեցել «Փյունիկում». նոր մանրամասներ

Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Փյունիկ» ՖԱ-ում խառնաշփոթ է։ ArmFootball.com-ի տեղեկություններով՝ կորոնավիրուսի պատճառով առաջնության ընդհատումից անմիջապես հետո «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը թիմին հաղորդել է ծանր ժամանակների մասին և ցանկացել զգալիորեն կրճատել աշխատավարձերը, ինչն առաջացրել է ֆուտբոլիստների դժգոհությունը։

Այդ ժամանակ նրա հետ կապ է հաստատել հոլանդացի մի գործարար՝ առաջարկելով համագործակցել։ Արդյունքում, ապրիլին Սողոմոնյանը նրան է հանձնել «Փյունիկի» առաջին թիմը։ Ստորագրվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և նոր սեփականատերը ներկայացվել է ակումբի ղեկավարությանը, ինչից հետո «Փյունիկի» օֆիսը վերսկսել է աշխտանքը՝ համալրվելով նոր անձանցով։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անձամբ Սողոմոնյանը ֆինանսական խնդիրների պատճառով ցանկություն է հայտնել կենտրոնանալ միայն «Փյունիկ 2»-ի և ակադեմիայի վրա, բայց հետագայում նոր սեփականատիրոջն առաջարկել է վերցնել նաև դրանք։ Որոշ ժամանակ անց Սողոմոնյանը փոշմանել է՝ չնայած նրան, որ բոլոր պայմանագրերն արդեն ստորագրված են եղել։

Չկարողանալով նոր սեփականատիրոջը համոզել վերադարձնել ակումբը «լավով»՝ Սողոմոնյանը որոշել է անցնել ուժային մեթոդի: Առաջին քայլով Սողոմոնյանի մարդիկ Երևանում փակել են «Փյունիկի» բազան թիմի համար, որը կորոնավիրուսյան դադարից հետո մարզում էր Ռոբերտ Արզումանյանը։ Ակումբը ստիպված էր վարձակալել Էջմիածնի ակադեմիայի խաղադաշտը, ինչպես նաև՝ ամբողջ մարզումային գույքն ու տրանսպորտը։ Այդ ամենը թիմին հասանելի չի եղել հենց Սողոմոնյանի հրամանով։

Նշենք, որ Արթուր Սողոմոնյանը խորապես վիրավորվել է Ռոբերտ Արզումանյանից, որովհետև նա, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ֆուտբոլիստներին չի տրամադրել նոր սեփականատիրոջ դեմ և չի շարունակել այն սաբոտաժը, որն իրականացրել են Սողոմոնյանի մարդիկ։ Արդյունքում, Արզումանյանը հեռացել է ակումբից:

«Փյունիկում» շատ ֆուտբոլիստների պայմանագրերը նախատեսված են մինչև մայիս-հունիսը։ Սողոմոնյանը չի պատրաստվում երկարաձգել պայմանագրերը լեգիոներների և տեղի առաջատար խաղացողների հետ մեծ աշխատավարձերի պատճառով։ Պլանավորվում է, որ ակումբը կփոխի խաղացողներ ձեռք բերելու քաղաքականությունը՝ թիմում պահելով այն խաղացողներին, որոնք կհամաձայնեն համեմատաբար ցածր աշխատավարձի։

Ինչ վերաբերվում է նոր սեփականատիրոջը՝ նա ակումբի զարգացման 3 տարվա մշակած նախագիծ ունի և մտադիր է նեղ համագործակցություն հաստատել եվրոպական մի շարք ակումբների հետ։ Նա չի պատրաստվում «Փյունիկը» վերադարձնել Սողոմոնյանին։ Ամենայն հավանականությամբ, կսկսվի դատական գործընթաց։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000