Որոնել
Արխիվ
29.04.2020  20:34

Անմոռանալի հանդիպումներ. Ինչպես Ֆիգուն վնասվածք ստացավ «Զվարթնոցում», իսկ Պորտուգալիան թանկարժեք 2 միավոր կորցրեց Երևանում

ArmFootball.com-ը սկսում է նոր շարք, որտեղ պատմում է Հայաստանի հավաքականի 90-ականների և 2000-ականների լեգենդար հանդիպումների մասին, որոնք հավերժ կմնան ֆուտբոլասերների հիշողության մեջ, և, եթե մի օր նման հնարավորություն լինի, նույնիսկ վերանայել դրանք:

Շարքը սկսում ենք 1996թ.-ի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումով:

1996թ.-ի ամառվա վերջին օրը Երևանը ֆուտբոլային տրամադրություն ուներ: Մայրաքաղաք էր ժամանել Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկը՝ Պորտուգալիայի հավաքականը՝ երիտասարդ աստղերով: Լուիշ Ֆիգուն արդեն տեղափոխվել էր «Բարսելոնա», Պաուլու Սոուզան երկու ամիս առաջ Չեմպիոնների լիգայի գավաթ նվաճած «Յուվեի» առանցքային ֆուտբոլիստներից էր, Ռուի Կոշտան սկսել էր նվաճել «Ֆիորենտինայի» երկրպագուների սրտերը, Ֆերնանդո Կոուտուն էլ ամրապնդվում էր «Պարմայում»: Հայաստանի հավաքականը, իր հերթին, նորամուտն էր նշում աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում:

Պորտուգալիայի հավաքականը Եվրո-96-ի ընտրական փուլում փայլել էր` երկար ընդմիջումից հետո վերադառնալով խոշոր մրցաշար: Մինչև Եվրո-96-ը հավաքականից հեռացել էր թիմի նախկին առաջատարներից մեկը՝ Պաուլու Ֆուտրեն: Եվրոյի ընտրական փուլում հավաքականում ընդգրկվեցին «ոսկե սերնդի» փայլուն ներկայացուցիչները (պորտուգալացիները 1989 և 1991թթ.-ին Կառլուշ Կեյրուշի գլխավորությամբ հաղթել էին Մ-20 աշխարհի առաջնությունը, և այդ ֆուտբոլիստներին անվանում էին «ոսկե սերունդ»)՝ Ֆիգուն, Ռուի Կոշտան, Սեկրետարիուն, Կոուտուն, Ժորժե Կոշտան, Ժոաու Պինտուն, Սոուզան, Աբել Շավյերը, Նունու Կապուշուն: Եվրոպայի առաջնությունում «Սելեսաոն» լավ տպավորություն թողեց՝ հաղթահարելով խմբային փուլի արգելքը, իսկ քառորդ եզրափակչում խանգարեց փորձի պակասը և Պոբորսկու կախարդական գոլը: Թվում էր՝ «ոսկե սերունդը» սկսում է նվաճել պրոֆեսիոնալ ֆուտբոլի բարձունքները, և 1998թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլը պետք է ամրապնդեր պորտուգալացիների դիրքերը համաշխարհային ֆուտբոլում: Այդ ճանապարհին Հայաստանի հավաքականի հետ խաղը առանցքային էր, քանի որ ընտրական փուլում հաջող մեկնարկը կարող էր սկիզբ թիմի նոր վերելքին: Բացի այդ, «սելեսաոյում» մարզչական փոփոխություն էր տեղի ունեցել. թիմը գլխավորել էր Անտոնիո Օլիվեյրային փոխարինել էր բազմափորձ Արտուր Ժորժեն:

Պորտուգալիայի հավաքականը՝ 1996թ.-ի Եվրոպայի առաջնությունում

Մարզչական փոփոխություն էր եղել նաև Հայաստանի հավաքականում: Եվրո-96-ի ընտրական փուլում մեր ընտրանին իր առաջին պաշտոնական հանդիպումն էր անցկացրել, առաջին գոլը խփել, առաջին հաղթանակը տարել: Բայց ընտրական խմբում 6 թիմերի պայքարում զբաղերցրել էր վերջին տեղը: Շրջափուլի ավարտից հետո գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանը հեռացավ, նրա փոխարեն հավաքականը գլխավորեց Խորեն Հովհաննիսյանը, ով այդ ժամանակ լավ արդյունքներ էր գրանցում «Փյունիկի» հետ Հայաստանի առաջնությունում:

Ջորկաեֆն ու Պողոսյանը՝ Ֆրանսիային, Տեր-Զաքարյանը՝ Հայաստանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվ աշխատանքներ էր սկսել տանել արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներ գտնելու և հավաքական հրավիրելու ուղղությամբ: Ու եթե Յուրի Ջորկաեֆին և Ալեն Պողոսյանին Ֆրանսիայի «ձեռքից տանել» չստացվեց, ապա Միշել Տեր-Զաքարյանի պարագայում ամեն ինչ ավելի հեշտ էր: 33-ամյա ֆրանսահայ պաշտպանը ուժեղ լրացում էր Հայաստանի հավաքականի պաշտպանության համար: Նա հայկական ֆուտբոլի սան չհանդիսացող առաջին ֆուտբոլիստներից էր, ով համաձայնեց հանդես գալ Հայաստանի հավաքականում: Բացի այդ ՀՖՖ-ն աշխատանքներ էր տանում Խորեն Հովհաննիսյանի թիմի համար ընկերական հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ: Ընդ որում, մրցակիցները բավականին ուժեղ էին՝ Մարոկկո, Ֆրանսիա, Պերու, Պարագվայ, Էկվադոր, արդյունքներն էլ... 5 ընկերական խաղերում հավաքականը կրել էր 4 պարտություն՝ ընդհանուր 0-15 հաշվով, բայց, հարավամերիկյան տուրի ընթացքում կարողացել էր նաև մեկ հաղթանակ տանել Պարագվայի շատ ուժեղ հավաքականի նկատմամբ: Խորեն Հովհաննիսյանը փորձարկումներ էր արել, ձևավորել հավաքականի հիմնական կորիզը, որը ընտրական փուլի մեկնարկից առաջ ևս մեկ ուժեղացում ստացավ:

Նորամուտ, որը պետք է լեգենդար դառնար

Ընտրական փուլից մեկնարկից առաջ Հայաստանի հավաքականը բացի Տեր-Զաքարյանից ևս մեկ լուրջ համալրում ունեցավ: Ռուսաստանի առաջնության լավագույն երիտասարդ դարպասապահներից մեկը՝ Ռոման Բերեզովսկին, լինելով հայկական ֆուտբոլի սան, Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող էր, արդեն կարողացել էր ամրապնդվել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթում»: Հետագայում ռուսական մամուլը շատ էր շոշափում Բերեզովսկու՝ Հայաստանի հավաքականում խաղալու փաստը, նշելով, որ եթե վերջինս հապճեպ որոշում չկայացներ, կխաղար Ռուսաստանի հավաքականում: Սակայն ֆուտբոլիստի համար Հայաստանի հավաքականից ստացած հրավերը մեծ պատիվ էր, և Պորտուգալիայի հետ խաղում երիտասարդ դարպասապահը պատրաստվում էր իր նորամուտը նշել:

Անակնկալ վնասվածք՝ Զվարթնոց օդանավակայանում

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արտուր Ժորժեն իր տրամադրության տակ ուներ թիմի աստղերին, այդ թվում՝ փորձառու Ռուի Բառուշին: Ժորժեն Բառուշին հրավիրել էր որպես Լուիշ Ֆիգուի փոխարինող, բայց խաղի նախօրեին տեղի ունեցավ իրադարձություն, որը փոխեց մարզչի ծրագրերը: Օդանավակայանում Պորտուգալիայի հավաքականին դիմավորող սակավաթիվ ֆուտբոլասերների թվում էր ներկայումս մարզական մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը («Բարսելոնայի» երկրպագու): Դիմավորողների սրահից դուրս գալիս Սենիկ Կարա-Պողոսյանը փակում է դուռը այն պահին, երբ Ֆիգուն ևս դուրս էր գալիս սրահից, և պորտուգալացին վնասում է ձեռքը: Երևանյան հանդիպումը ֆուտբոլի ապագա լեգենդը դիտում է պահեստայինների նստարանից, նաև բաց թողնում Իսպանիայի առաջնության մեկնարկային հանդիպումը, իսկ Ֆիգու-Բառուշ փոփոխությունը դառնում է խաղի առանցքային պահերից մեկը… «Հաջորդ օրը տեսա Ֆիգուին մարզումից հետո, պատմեցի, նա էլ իր մատանին հանեց ու նվիրեց»,- պատմում է Կարա-Պողոսյանը:

Ժորժեն քաղաքավարի էր, բայց վստահ

Նախախաղյա մամուլի ասուլիսին Արտուր Ժորժեն ավանդական «դիվանագիտական» ոճի մեջ էր: Դա նրա համար այնքան էլ բարդ չէր, Ժորժեն նաև բանաստեղծ էր, բանաստեղծությունների ժողովածու ուներ: Գովեստի խոսքեր էր շռայլում Հայաստանի հավաքականի հասցեին, նշում, որ իրենք ֆավորիտ են, բայց մեր թիմը ևս հաղթելու հնարավորություններ ունի: Ամեն դեպքում, փորձառու մասնագետի առանցքային խոսքերից էր. «Երևանում հաղթանակի հասնելու համար մենք պետք է շատ-շատ լավ խաղանք»: Ասուլիսին ներկա էին նաև ֆուտբոլիստներից մի քանիսը, սակայն դժվար է ասել, թե որքանով էին նրանք լուրջ մոտենում մարզչի այդ խոսքերին:

Հայաստանի փոխարեն՝ Աֆրիկա

Իսկ ահա Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հասարակական կապերի գծով պատասխանատու լեգենդար ֆուտբոլիստ Էյսեբիոն Երևան չէր ժամանել, թեև նախատեսվում էր: Համենայն դեպս, այդ մասին հայտարարվել էր: Հայ լրագրողները նրան սպասում էին, բայց ասուլիսին չտեսան: «Մենք էլ էին մտածում, որ նա պետք է Երևան գա, բայց, որքանով տեղյակ եմ, մեկնել է Աֆրիկա»,- հայտնեց Արտուր Ժորժեն: Պորտուգալացիների պատվիրակությունից մեկն էլ ենթադրեց, որ հավանաբարր, Էյսեբիոյին չի հետաքրքրել հանդիպումը: Իզուր...

Հարձակողական թիմի դեմ՝ պաշտպանողական կազմով

Հայաստանի հավաքականի կորուստներն այնքան էլ շատ չէին: Առաջին հերթին աչքի էր ընկնում Արմեն Շահգելդյանի բացակայությունը. նախորդ շրջափուլի լավագույն ֆուտբոլիստներից մեկը բացակայում էր վնասվածքի պատճառով: Չկար նաև Արամայիս Տոնոյանը, ով առանցքային խաղացող էր՝ պաշտպանությունը հարձակմանը միացնելու տեսանկյունից: Բացակայում էին պաշտպաններ Սարգիս Հովհաննիսյանն ու Երվանդ Կրբաշյանը, բայց նրանց համարժեք փոխարինողներ կային: Խորեն Հովհաննիսյանը դաշտ էր դուրս բերել 5 պաշտպանների, ընդ որում, նրանցից 4-ը նոմինալ կենտրոնական պաշտպաններ էին. Միշել Տեր-Զաքարյանը՝ լիբերոյի դիրքում, նրա առջևում տեղ էին զբաղեցրել Վարդան Խաչատրյանն ու Հարություն Վարդանյանը, եզրերում Երվանդ Սուքիասյանն ու Սարգիս Հովսեփյանն էին: Խաղի կազմակերպումը Համլետ Մխիթարյանի ձեռքերում էր, առջևից գործում էին Վարազդատ Ավետիսյանը, Արթուր Պետրոսյանն ու Ռազմիկ Գրիգորյանը, իսկ միակ առաջ քաշված հարձակվողը Արսեն Ավետիսյանն էր: Հովհաննիսյանը հավաքականի կորիզը կազմել էր երկրի չեմպիոն «Փյունիկի» ֆուտբոլիստներից (հիմնական կազմում՝ 5 ֆուտբոլիստ):

Հայաստանի հավաքականը՝ Պորտուգալիայի հետ խաղից առաջ (լուսանկարը՝ armsport.am-ի)

Արտուր Ժորժեն խաղից առաջ զրկվեց Ֆիգուի ծառայություններից, վնասվածքի պատճառով չէր խաղում Պաուլո Սոուզան, բացի այդ, բացակայում էր հիմնական հարձակվող Դոմինգուշը: Ամիսներ անց Լիսաբոնում կայացած խաղում հենց նրա և Ֆիգուի գոլերը Հարություն Աբրահամյանի դարպասը վճռական դարձան (1-3): Դոմինգուշը Երևան չէր ժամանել, բայց առանց նրա էլ, Պորտուգալիայի հարձակողական գիծը շատ զորեղ էր թվում: Առջևում երկու հարձակվողներ էին՝ Ժոաու Պինտուն (մի փոքր հետ քաշված) և Սա Պինտուն, եզրերից խաղում էին Ռուի Կոշտան և Անտոնիո Ֆոլյան, կենտրոնում Ֆիգուի փոխարեն հանդես էր գալիս Ռուի Բառուշը, վերջինիս թիկունքից գործում էր Էլդերը: Դարպասը պաշտպանում էր Վիտոր Բայան, ով նոր էր տեղափոխվել «Բարսելոնա»: Ժորժեն դաշտ էր դուրս բերել 4 պաշտպանների՝ թիմի ամենափորձառու ֆուտբոլիստը՝ Օսեանուն ազատ պաշտպանի դիրքում, Ֆերնանդու Կոուտուն՝ կենտրոնում, Մադրիդի «Ռեալի» նորեկ Կառլոս Սեկրետարիուն աջից, իսկ «Յուվենտուսի» նորեկ Դիմաշը՝ ձախից: Պորտուգալիայի հավաքականի հիմնական կազմի բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Բառուշի, մասնակցել էին Եվրո-96-ին, նրանցից 6-ը «ոսկե սերնդի» ներկայացուցիչներ էին: 


Թիմերի ավագները՝ Վիտոր Բայան (ձախից) և Վարդան Խաչատրյանը (աջից), մեջտեղում՝ գլխավոր մրցավար Կառոլ Իհրինգը

Նորամուտ՝ ընդամենը 9 րոպեով

Մեկնարկային 10 րոպեներին Հայաստանի հավաքականի մարզչական կազմը երկու անգամ գլուխը բռնելու առիթ ունեցավ: Նախ արդեն երկրորդ րոպեին Միշել Տեր-Զաքարյանը լավ փոխանցումով գրոհի նետեց Արսեն Ավետիսյանին, վերջինս ընդհարվեց Բայայի հետ: Բժշկական օգնությունից հետո Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն վերադարձավ դաշտ: 7 րոպե անց Միշել Տեր-Զաքարյանը բռնեց ոտքը, և բժիշկները նորից մտան խաղադաշտ: Նորամուտի խաղում «Մոնպելյեի» պաշտպանը ընդամենը 9 րոպե խաղաց և հեռացավ դաշտից՝ գլուխը բռնած: Սա Տեր-Զաքարյանի՝ մրցաշրջանի առաջին, բայց ոչ վերջին վնասվածքն էր: Մրցաշրջանից հետոնա ավարտեց մարզական կարիերան:

Խորեն Հովհաննիսյանը դաշտ մտցրեց «Փյունիկի» ևս մեկ ֆուտբոլիստի՝ 22-ամյա Վարդան Մինասյանին, ով պաշտոնական խաղերում իր նորամուտն էր նշում հավաքականում: Մինասյանը տեղ զբաղեցրեց դաշտի կենտրոնում՝ Մխիթարյանի թիկունքում, Վարդանյանն իջավ լիբերոյի դիրք:

Առաջին կեսը՝ պորտուգալացիների թելադրանքով

Սպասելի էր, որ մեկնարկից ավելի ակտիվ ու նախաձեռնող էին հյուրերը: «Եվրոպական բրազիլացիները» շատ լավ էին տեղաշարժում գնդակը, հաճախ էին խլում այն մրցակցի կիսադաշտում, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կաշկանդված էին, փոխանցումներում սխալները շատ էին, վաղ փոխարինումն էլ խառնեց մարզչական ծրագրերը: Առաջին հարվածը Հայաստանի հավաքականը կատարեց 29-րդ րոպեին (Գրիգորյան), մինչդեռ Հայաստանի հավաքականի պաշտպանությունն ու դարպասապահը բավականին աշխատանք ունեին: Ճիշտ է, պորտուգալացիների գրոհներն էլ թեև վտանգավոր էին, բայց 100 տոկոսանոց գոլային պահեր չկային:


Երվանդ Սուքիասյանը (ձախից)՝ ընդդեմ Սա Պինտուի

Իրական վտանգավոր պահ ստեղծվեց 35-րդ րոպեին, երբ Բերեզովսկին անհաշվենկատ դուրս եկավ տեղից, և Ֆոլյան հայտնվեց անպաշտպան դարպասի մոտ, սակայն, գտնվելով սուր անկյան տակ, ճիշտ չկողմնորոշվեց, հապաղեց, և պաշտպանները խլեցին գնդակը: Խաղակեսի վերջում պորտուգալացիները 4 անընդմեջ անկյունայինի իրավունք ստացան (ընդհանուր առմամբ, խաղի անկյունայինների վիճակագրությունը՝ 1-13 էր), սակայն բոլոր դեպքերում Բերեզովսկին ու պաշտպանները գերազանց գործեցին:

Բերեզովսկին (ձախից), Վարդանյանը (N6) և Խաչատրյանը (N3) հերթական անկյունայինից հետո

Առաջին կեսում Հայաստանի հավաքականը կարողացավ անառիկ պահել դարպասը, բայց առջևի գծում ոչինչ անել չստացվեց: Ընդմիջմանը հյուրերի մարզիչը Ֆոլյային փոխարինեց Կադետեով, Սա Պինտուն տեղափոխվեց ձախ եզր, Կադետեն զբաղեցրեց կենտրոնական հարձակվողի դիրքը: Երկրորդ կեսը սկսվեց նույն սցենարով, բայց 50-րդ րոպեին անակնկալ շրջադարձ եղավ…

Ձախողված վերադարձ

1980-ականների վերջին և 90-ականների սկզբին Ռուի Բառուշը պորտուգալական ֆուտբոլի ամենամեծ տաղանդն էր ու հույսը: Հենց նա ու Պաուլու Ֆուտրեն պետք է պորտուգալական ֆուտբոլը առաջ տանեին 1986թ.-ի «Սալտիլյոյի սկանդալից» հետո (սրա մասին առանձին նյութ է պահանջվում): Սակայն Բառուշն ու Ֆուտրեն չկարողացան տանել այդ բեռը, թեև երկուսն էլ շատ հաջողակ էին ակումբային մակարդակով:

Բառուշը երկու տարի հանդես եկավ «Յուվենտուսի» կազմում, նվաճեց ՈւԵՖԱ-ի գավաթը, մի շարք այլ տիտղոսներ, «Մոնակոյում» խաղաց երիտասարդ Արսեն Վենգերի գլխավորությամբ, իսկ 1994թ.-ին վերադարձավ «Պորտու»: 90-ականների կեսերին թե՛ Ֆուտրեի, թե Բառուշի կարիերայում անկում սկսվեց, Պաուլուն ավարտեց միջազգային կարիերան 1995թ.-ին, իսկ Բառուշը հույսեր ուներ մեկնելու Անգլիա՝ Եվրոպայի առաջնության, բայց Անտոնիո Օլիվեյրան նրան հայտացուցակից դուրս թողեց: Ժորժեն իր առաջին պաշտոնական խաղում վերադարձրեց Բառուշին և Ֆիգուի վնասվածքից հետո հենց նա պետք է Երևանում կազմակերպեր պորտուգալացիների խաղը:

Երկրորդ կեսի 5-րդ րոպեին Ռուի Բառուշը դաշտի կենտրոնում կոպտորեն վայր գցեց Արթուր Պետրոսյանին: Սլովակ մրցավար Կառոլ Իհրինգն առանց վարանելու գլխավերևում պահեց կարմիր քարտը: Դա Ռուի Բարուշի առաջին ուղիղ հեռացումն էր կարիերայում:

Նախաձեռնությունն անցնում է դաշտի տերերին

Հեռացումից հետո մի քանի րոպե պորտուգալացիները դեռ իներցիայով տիրում էին նախաձեռնությանը, բայց աստիճանաբար մեկ ֆուտբոլիստի պակասը սկսեց զգացնել տալ: Սկսած 60-րդ րոպեից Հայաստանի հավաքականը տիրեց նախաձեռնությանը: 63-րդ րոպեին Խորեն Հովհաննիսյանը փոխարինեց Արսեն Ավետիսյանին, ում մոտ այդ օրը առջևի գծում ոչինչ չստացվեց, և դաշտ դուրս բերեց Տիգրան Եսայանին: Լավ հանդիպում էր անցկացնում Սարգիս Հովսեփյանը, ով եզրում դիմակայում էր Ռուի Կոշտային: Մխիթարյանն ու Պետրոսյանը սկսեցին աստիճանաբար վերահսկել կենտրոնը, իր տեխնիկայով հատկապես աչքի էր ընկնում Համլետը:

Ռուի Կոշտան՝ Երևանյան խաղում: Հետևի պլանում՝ Ռազմիկ Գրիգորյանը

Հյուրերը պատասխանում էին հակագրոհներով, դրանցից մեկի արդյունքում Ռուի Կոշտան մեն մենակ մնաց Բերեզովսկու հետ, բայց դարպասապահը գերազանց խաղաց: Հաջորդ գրոհում Ռազմիկ Գրիգորյանը հեռու տարածությունից բարձր է հարվածեց և գնաց փոխարինվելու՝ տեղը զիջելով Արտաշես Ադամյանին

Խորեն Հովհաննիսյանի փոխարինումները լավ անդրադարձան հավաքականի խաղի վրա. թե՛ Եսայանը, թե՛ Ադամյանը լավ մտան խաղի մեջ ու լրացրեցին հավաքականի խաղը առջևի գծում: Ամենակարևորը՝ Հայաստանի հավաքականը սկսեց խաղալ շատ համարձակ, առանց վախենալու, առաջին կեսի կաշկանդվածությունից հետք էլ չէր մնացել: Եվ վտանգավոր գրոհները սկսեցին զարգանալ արդեն հյուերի կիսադաշտում. Վարազդատ Ավետիսյանը խլում է գնդակը Սեկրետարուից, Պետրոսյանը սկսում է հակագրոհը, Մխիթարյանը ստիպում է Օսեանուին խախտել կանոնները դարպասից մոտ 35 մ հեռավորության վրա: Վիտոր Բայան պատ չի կառուցում. չգիտի Հարություն Վարդանյանի ուժեղ հարվածների մասին: Ամիսներ հետո խաղադաշտի գրեթե նույն տեղից Վարդանյանը գրավում է Ալբանիայի հավաքականը դարպասը: Բայց այս անգամ մի փոքր շեղ էր… 80-րդ րոպեին Մխիթարյանը գտնում է Եսայանին, որին պորտուգալացիները չեն հսկում, միջին տարածությունից Տիգրանի հարվածը գեղեցիկ ցատկով հետ է մղում Բայան, հաջորդ դրվագում դարպասապահը որսում է Ավետիսյանի հարվածը: 

Սարգիս Հովսեփյանը (աջից) հերթական անգամ կասեցնում է Ռուի Կոշտայի անցումը

Խաղի ավարտին մնացել է 7 րոպե, երկու թիմերն էլ հոգնել են. պորտուգալացիները փորձում են վերջին ուժերով հաղթանակ կորզել: Արտուր Ժորժեն իր վերջին մարտավարական հնարքն է կիրառում. խաղից հանում է Ռուի Կոշտային, որի խաղին Հովսեփյանն արդեն ամբողջովին հարմարվել էր, դաշտ է դուրս բերում կենտրոնական հարձակվող Պաուլու Ալվեշին («ոսկե սերնդի» ևս մեկ ներկայացուցիչ): Արդյունքում Ժոաու Պինտուն տեղափոխվեց աջ եզր՝ Կոշտայի փոխարեն, իսկ առջևի գծում գործում էր «Սպորտինգի» նախկին հարձակվողական դուետը՝ Կադետե-Ալվեշ:

Ընդամենը երկու րոպե անց այդ փոփոխությունն իր արդյունքը տվեց: Պինտուն հեշտությամբ փախավ Հովսեփյանից, մտավ տուգանային հրապարակ, որտեղ արդեն փոխանցման էին սպասում Կադետեն և Ալվեշը: Հովսեփյանին փոխօգնության հասած Մխիթարյանը ևս մնացել էր թիկունքում, վերջին պահին Համլետը ձեռք դրեց Պինտուի ուսին և քաշեց: Պորտուգալացին առանց վարանելու ընկավ, և Իհրինգը ցույց տվեց 11 մետրանոցի նշակետը:

Բերեզովսկին (աջից) և Վարդանյանը (ձախից) համատեղ ուժերով վնասազերծում են Կադետեին

Խաչատրյանը նյարդայնացած դիտողություն էր անում Մխիթարյանին, Վարդանյանն անկարողությունից թափահարում ձեռքը, նույն վիճակն էր նաև տրիբունաներում և հեռուստացույցների առջև: Հայաստանի հավաքականի պաշտպանների փայլուն խաղը կարող էր ապարդյուն դառնալ մեկ դրվագի պատճառով: Սարգիս Հովսեփյանը խաղից հետո նշեց, որ մրցավարը շտապեց՝ նշանակելով 11 մետրանոց, Մխիթարյանը կոպիտ չէր խաղացել, բայց կրկնապատկերն էլ ցույց էր տալիս, որ Իհրինգը բոլոր հիմքերն ուներ «պենալը» նշանակելու: Գնդակին մոտեցավ պաշտպան Օսեանուն...

Օսեանուն հազվադեպ է վրիպում, Բերեզովսկին՝ 11 մետրանոցների վարպետ է

Խաղի սցենարը ամեն ինչ տանում էր ոչ-ոքիի, որը, թերևս հանդիպման արդարացի արդյունքը կլիներ: Հայաստանի հավաքականն արժանի չէր պարտության, բայց մեկ դրվագը, մեկ դիմակայությունն ամեն ինչ կարող էր որոշել: Ռոման Բերեզովսկին ամիսներ առաջ «աղմկոտ» նորամուտ էր ունեցել Ռուսաստանի առաջնությունում՝ փոխարինման դուրս գալուց վայրկյաններ հետո 11 մետրանոց հետ մղելով: Մյուս կողմից 33-ամյա Օսեանուն էր, ով Պորտուգալիայի հավաքականում իր 8 գոլերից 4-ը 11 մետրանոցներով էր խփել, և ընդհանրապես, հազվադեպ էր վրիպում նշակետից (Լա լիգայում 8 գոլի հեղինակ էր դարձել 11 մետրանոցներով): Որոշ հայ ֆուտբոլասերների մոտ ոչ միայն հավատ, այլև վստահություն կար, որ Բերեզովսկին հետ է մղելու հարվածը:

Պորտուգալացին հարվածեց ուժեղ, դեպի անկյունը, Բերեզովսկին գուշակեց հարվածի ուղղությունը, բայց, ձգվելով չհասավ գնդակին, գնդակը անցնելով Ռոմանի մատների կողքով դիպավ դարպասաձողին: Դարպասաձողի զրնգոցը նույնիսկ էկրաններից այն կողմ լսվեց: Վրա հասած Հարություն Վարդանյանը արագ գնդակը հանեց անկյունային: Հայաստանի հավաքականի ավագ սերնդի երկրպագուները հիմա էլ կարող են պնդել, որ Բերերզովսկու մատները դիպան գնդակին, եթե նույնիսկ ոչ, ապա միայն նրա ներկայությունը ստիպեց գնդակին չհայտնվել դարպասում: Իրականում, իհարկե, Օսեանուն ուզում էր, որ հարվածը չափազանց վստահ ստացվի, և այն իր նախատեսածից մի փոքր շեղ գնաց:

Սարգիս Հովսեփյանը (օդում) և Վարդան Խաչատրյանը (N3)՝ ընդդեմ Սա Պինտուի

«Հրազդանը» ևս մեկ անգամ թնդաց, երբ Բերեզովսկին որսաց գնդակը անկյունայինի խաղարկումից հետո, իսկ Կոուտուն անհուսությունից հարձակվեց դարպասապահի վրա: Գրեթե բոլոր թիմակիցները միանգամից կանգնեցին պաշտպանելու երիտասարդ դարպասապահին. հատկապես ագրեսիվ էին Մխիթարյանն ու Վարդանյանը: Պորտուգալիան կորցրեց հաղթանակը կորզելու վերջին շանսը : Իր վերջին շանսը բաց թողեց նաև Հայաստանի հավաքականը. տուգանայինի խաղարկումից հետո գրոհին միացած Խաչատրյանը գլխով լավ դիրքից հարվածեց. Բայան ճիշտ դիրք էր զբաղեցրել: Քիչ անց Իհրինգն ազդարարեց եզրափակիչ սուլիչը՝ 0-0:

 Խաղից հետո

Արտուր Ժորժեն ասուլիսի չներկայացավ: Պորտուգալացի մարզչի համար նման արդյունքը շրջափուլի սկզբում տհաճ անակնկալ էր: Հետագայում, արդեն Պորտուգալիայում, խոսելով մամուլի հետ, Ժորժեն հայտարարեց, որ երկու միավորի կորուստը շրջափուլի սկզբում ճակատագրական չէ, դեռ 9 խաղ կա առջևում, և իր թիմն ունի բոլոր հնարավորությունները: Եթե իմանար, թե որքան է սխալվում... Հենց այդ երկու միավորը չհերիքեց շրջափուլի վերջում Ուկրաինային շրջանցելու և խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու համար: Իհարկե, պորտուգալացիները այլ ցավալի կորուստներ էլ ունեցան:

Հաջորդ տուրում նրանք վերջին րոպեներին գոլ բաց թողեցին ու պարտվեցին Ուկրաինայում, հետագայում միավորներ կորցրին Հյուսիսային Իռլանդիայում: Չնայած դրան՝ «սելեսաոն» դեռ հնարավորություն ուներ ուղեգիր ձեռք բերելու, եթե Գերմանիայում հաղթեր Եվրոպայի չեմպիոններին: Ու նրանք շատ մոտ էին դրան Բարբոզայի խփած գոլի շնորհիվ, բայց 75-րդ րոպեին Ժորժեն որոշեց փոխարինել Ռուի Կոշտային, վերջինս դանդաղ քայլերով գնում էր դեպի պահեստայինների նստարանը, և ֆրանսիացի մրցավար Բատան նրան երկրորդ դեղին քարտը ցույց տվեց՝ հեռացնելով մինչև փոխարինվելը: Կիրստենը հավասարեցրեց հաշիվը, և պորտուգալացիները ևս երկու միավոր կորցրին: Ու թեև նրանք խմբում միակ թիմն էին, որը չպարտվեց Գերմանիային (Պորտուգալիայում՝ 0-0), բայց աշխարհի առաջնության ուղեգիր դա չապահովեց:

Այդ ամենը, իհարկե, ամենևին չէր հետաքրքում Հայաստանի հավաքականին: Մեր ընտրանին իր պատմության ընթացքում առաջին անգամ լուրջ մրցակցից միավորներ խլեց՝ դառնալով ընտրական փուլի մեկնարկի ամենախոշոր սենսացիայի հեղինակը: Խաղից հետո բոլորը շատ ուրախ էին և խոսում էին մեծ հաջողության մասին, ոչ-ոքին հաղթանակի պես էր: Ճիշտ է, «նապոլեոնական» ծրագրեր էլ չկային, բոլորը հասկանում էին, որ այդ պահին հավաքականը բարձունքների հասնել չի կարող: «Իմ կարծիքով, գերազանց խաղաց մեր թիմի պաշտպանությունը, իսկ առջևի գիծը դեռ ամրապնդման կարիք ունի»,- սրանք թիմի ավագ Վարդան Խաչատրյանի խոսքերն էին խաղից հետո:

Իսկ խաղի գլխավոր արդյունքը խաղից հետո տվեց տվեց մարզիչը. «Ֆուտբոլիստներն արդեն գիտակցում են, որ կարող են աներկյուղ խաղալ ցանկացած մրցակցի դեմ»: Թերևս հենց սա էլ հանդիպման գլխավոր ձեռքբերումն էր:

31.08.1996. Հայաստան - Պորտուգալիա 0-0

Մրցավար՝ Կառոլ Իհրինգ (Սլովակիա)

6015 հանդիսական

Հայաստան. 1. Ռոման Բերեզովսկի, 2. Երվանդ Սուքիասյան, 3. Վարդան Խաչատրյան (ա), 4. Միշել Տեր-Զաքարյան (14. Վարդան Մինասյան, 9՛), 5. Սարգիս Հովսեփյան, 6. Հարություն Վարդանյան, 7. Արթուր Պետրոսյան, 8. Ռազմիկ Գրիգորյան (13. Արտաշես Ադամյան, 70՛), 9. Համլետ Մխիթարյան, 10. Վարազդատ Ավետիսյան, 11 Արսեն Ավետիսյան (16. Տիգրան Եսայան, 63՛)

Պորտուգալիա. 1. Վիտոր Բայա, 2. Սեկրետարիու, 3. Դիմաշ, 4. Օսեանու, 5. Ֆերնանդու Կոուտու, 6. Էլդեր, 7. Ռուի Բառուշ, 8. Ժոաու Պինտու, 9. Սա Պինտու, 10. Ռուի Կոշտա (17. Պաուլու Ալվեշ, 83՛), 11. Անտոնիե Ֆոլյա (18. Կադետե, 46՛):

Զգուշացումներ՝ Պետրոսյան, Եսայան - Սա Պինտու

Ռաֆաել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000