Որոնել
Արխիվ
01.04.2020  16:37

«Շիրակ» ՖԱ-ն 150 համակարգիչ է հատկացրել՝ հեռավար ուսուցման համար

Շիրակի մարզի դպրոցներին «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կողմից հատկացվել է 150 համակարգիչ՝ հեռավար ուսուցումն ավելի մատչելի դարձնելու նպատակով, հաղորդում է Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունը։

Այսօր ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները, նախնական պայմանավորվածության համաձայն, համակարգիչները բերել են մարզ, որոնք մեկ-երկու օրում կհատկացվեն մարզի դպրոցներին, որտեղից էլ կբաշխվի 3 և ավելի դպրոցական ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համակարգիչներ։

«Մեզ համար շատ ողջունելի նախաձեռնություն է, որն ապագային է միտված։ Հեռավար ուսուցմանն անցման առաջին իսկ օրից փորձում էինք անել ամեն ինչ անապահով ընտանիքների համար ուսուցումը հասանելի դարձնելու առումով, խոսքը ինչպես համակարգչային բացին է վերաբերում, այնպես էլ համացանցի հասանելիությանը»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետորսյանը։

Հեռավար ուսուցման մեկնարկի հետ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը սկսել է ուսումնասիրությունները՝ պարզելու մարզի դպրոցականների ընդգրկվածության ցուցանիշները։

«Շիրակ ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Արման Սահակյանի այս նախաձեռնության նպատակը Շիրակի մարզի դպրոցներին և դպրոցականներին աջակցելն է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում նրանք դուրս չմնան կրթական գործընթացից»,- ընդգծել է Շիրակ ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչ Կարեն Սոսյանը։

Նշենք, որ համակարգիչները տրամադրվելու են մարզի այն դպրոցներին, որտեղ նույն ընտանիքից սովորում են երեք և ավելի երեխաներ և չունեն համակարգիչներ, արտակարգ դրության ավարտից հետո համակարգիչները կտնօրինեն դպրոցները՝ լրացնեով դպրոցներում առկա տեխնիկական բացերը։

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000