Որոնել
Արխիվ
31.03.2020  19:05

Վահան Բիչախչյան. «Ես դեռ «Ժիլինայի» ֆուտբոլիստ եմ»

Երեկ Սլովակիայի «Ժիլինան» անսպասելիորեն հայտարարեց լուծարվելու մասին: Չնայած նրան, որ թիմն ընթանում է երկրորդ տեղում և մեծ հավանականությամբ եվրագավաթների ուղեգիր կնվաճի` ակումբը նշեց, որ նրա գլխավոր եկամուտը տրանսֆերների վաճառքից է լինում, ինչը ամռանը քիչ հավանական է կորոնավիրուսից առաջացած ճգնաժամի պատճառով:

ArmFootball.com-ը զրուցեց «Ժիլինայի» կազմում հանդես եկող Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի հետ, ում ապագան հարցականի տակ է ակումբի անակնկալ որոշման պատճառով:

- Որտե՞ղ եք և ի՞նչ եք անում այս օրերին:

- «Ժիլինայում» որոշում էր կայացվել ֆուտբոլիստներին բաց թողնել իրենց տներ, իսկ լեգիոներներին` իրենց երկրներ: Այդպես բոլորը կարող էին այս օրերին իրենց ընտանիքների հետ լինեն: Հիմա Գյումրիում եմ, մեր տանը: «Ժիլինայի» մարզիչներն անհատական մարզումների ծրագիր են ուղարկել: Այն կատարում ենք, հայտնում նրանց, ապա թարմացված ծրագիր են ուղարկում համացանցով: Մի քանի անգամ դրսում վազքային վարժություններ եմ կատարել, բայց այնպիսի վայրերում, որտեղ մարդիկ չկան, միայնակ էի:

- Ե՞րբ եք եկել Հայաստան:

- Մարտի 16-ին:

- Բժշկական ստուգման ենթարկվեցի՞ք օդանավակայանում, թե՞ վտանագվոր համարվող երկրից չէիք գալից:

- Երևան ժամանեցի Վիեննայից: Օդանավակայանում թերթիկ տվեցին, ըստ որի 14 օր պետք է ինքնամեկուսանայի: Այդ օրերին տանն էի` Գյումրիում: Մյուս մարդկանցից հեռու եմ մնացել: 14 օրն անցել է, բայց շարունակում եմ շփումներից խուսափել:

- Հիմա էլ այլ մարդիկ կարող են վտանգավոր լինել:

- Այո (ծիծաղում է):

- «Ժիլինայի» հայտարարությունը շոկային էր շատերի համար…

- Ինձ համար նույնպես անակնկալ էր: Բոլորի պես երեկ եմ իմացել: Հիմա ամեն րոպե այլ նորությունների եմ սպասում, որ հասկանամ ինչ է լինելու: Զրուցել եմ մի քանի խաղընկերներիս հետ, նրանց համար նույնպես անակնկալ էր:

- Ակումբը հայտարարեց, որ ֆուտբոլիստներին դիմել է աշխատավարձերի կրճատման համար, բայց պատասխանել են` նրանց անունից կբանակցի ֆուտբոլիստների արհմիությունը: Ձեզ աշխատավարձի նվազեցման հարցով դիմե՞լ են:

- Ոչ, չեն դիմել: Ոչ մի նման թեմաների շուրջ ինձ հետ չեն կապնվել: Ինչպես նշեցի, միայն մարզումային ծրագրի վերաբերյալ եմ զրուցել ակումբի ներկայացուցիչների հետ:

- Եթե այդ հարցով կապնվեին կամ հիմա դիմեն, ի՞նչ կպատասխանեք:

- Ճիշտն ասած չեմ էլ մտածել այդ ուղղությամբ: Կախված է պայմաններից:

- Հավանականություն կա, որ լուծարումից հետո թիմը ցրվելու է: Դուք ի՞նչ եք անելու:

- Թիմում բոլորն էլ խոսում են այդ մասին, բայց դեռ հաստատ ոչինչ չկա: Ես դեռ «Ժիլինայի» ֆուտբոլիստ եմ, մարզվում եմ ակումբի ծրագրով: Մարզիչների հետ կապի մեջ եմ: Եթե դադարեի նրանց ֆուտբոլիստը լինել, ինձ այդ մասին կհայտնեին, բայց դեռ նման բան չի եղել:

- Վերջին ժամանակներում առաջարկ ունեցե՞լ եք այլ ակումբներից:

- Ոչ, չեմ ունեցել: Իմ ապագան կապում եմ «Ժիլինայի» հետ: Եթե ակումբը դադարի գործունեությունը, այդ ժամանակ կդիտարկեմ տարբերակներ: Սակայն հույս ունեմ, որ այս իրավիճակը չի ազդի թիմի վրա և նա կշարունակի իր ելույթները: Կարծում եմ` կորոնավիրուսից հետո կվերսկսվի առաջնությունը և մեր թիմը կկարողանա խաղալ:


Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com



Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000