Որոնել
Արխիվ
31.03.2020  17:58

«Ուզում եմ մեր առաջին տղայի անունը Մոնթե դնենք, ի՞նչ կասես». Արիանե Կաոլիի մտքերը Հայաստանի հայերի և կյանքի մասին

Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանե Կաոլիի մտքերը՝ Հայաստանի, հայերի, հայ կանանց և առհասարակ կյանքի մասին: Նյութի մեջ օգտագործված են հատվածներ Արիանե Կաոլիի՝ «Ճամփորդ» ամսագրում հրապարակված խմբագրական հոդվածներից:

«Ես սիրում եմ մարդկանց շոկի ենթարկել, քանի որ դա ստիպում է նրանց մտածել իրենց ապրած կյանքի, իրենց մտածելակերպի մասին, և դա լավ է: Կարծում եմ, երբ ամեն անգամ, երբ մեկին հանդիպում ես պետք է այնպես անես, որ նա քեզ հետ հանդիպումից հետո ավելի լավը դառնա»։

«Դու ինքդ քո հետ ես մրցում: Սա մտավոր պայքար է: Եվ կյանքիդ ընթացքում ինքդ քո առաջ նման մարտահրավերներ դնելու  իմաստը, կլինի դա մագիստրոսական թեզ, դիսերտացիա գրելը, շախմատային մրցաշարի, բոքսի մրցաշարի մասնակցելը, հեծանվարշավելը, անգամ Արագած բարձրանալը, ինչը ամենևին էլ դժվար չէ,  սեփական միտքը մարզելն է: Դու անցնում ես որոշ բաների միջով, երբեմն ձախողվում: Ամեն ինչ մտքի և կամքի ամրության աստիճանից է գալիս»:

«Աշխարհում լավագույն զգացումը քո առջև դրված նպատակակետին հասնելն է: Եվ դա լինում է գլխավորապես մտքի և կամքի ուժի շնորհիվ: Դրանից հետո դու հաստատուն ինքնավստահություն ես ձեռք բերում: Դա ուրիշ որակի ինքնավստահություն է, և դու չես կարող այն ձեռք բերել, եթե խարդախություն անես և ինքդ քեզ խաբես»:

«Երբ հեծանվով անցնում էի Վանի, Բինգյոլի (հայկական անունը Չապախջուր) մոտով, շոկային զգացողություններ ունեի: Հայ չեմ, սակայն շատ հայ ընկերներ ունեմ, ում նախնիները Մուշից են, Բիթլիսից, ամուսինս հայ է, նրա նախնիները Կարսից են, հայերենիս ուսուցչուհու նախնիները՝ Էրզրումից, ընթերցածս կենսագրական գրքերից մեկը Սողոմոն Թեհլերյանի մասին էր, ով Երզնկայից էր: Երբ մեքենայով ես անցնում այս շրջաններով ոչինչ չես զգում: Իսկ հեծանիվ վարելիս դու նախ ավելի դանդաղ ես և կապի մեջ ես բոլոր տարրերի հետ: Դու զգում ես քամին, բույրը, հետևում գետերի հունին, և դու ասես վերապրում ես այդտեղ կատարվածը. այն թե ինչպես են հայկական ցեղասպանության ժամանակ հայերին գցել գետերը, և գետերի ջրերը օրեր շարունակ հորդել են հայկական արյամբ: Գետերը հոսում էին ճանապարհի կողքով, հենց քո կողքով»:

«Մարդ պետք է ունենա մի «գիրք» իր թոռներին փոխանցելու համար՝ թոռներին պատմելու բան ունենա: Մարդ պետք է իր կյանքին նայի որպես արվեստի գործի: Պարտադիր չէ ինչ-որ էքստրեմալ պատմություններով լցնել այդ գիրքը: Ինչ-որ մեկը կարող է երազել մի փոքրիկ սրճարան ունենալու մասին և վերջիվերջո իրականացնի դա: Դա արդեն պատմություն է»:

«Փորձեք պատմություններ ստեղծել և ձեր կյանքը արվեստի վերածել: Ձեզ համար դժվար մարտահրավերներ դրեք և փորձեք հասնել դրանց: Յուրաքանչյուր մարտահրավեր մի պատմություն է, որը կարող է տեղ գտնել Ձեր «գրքում»: Ես հպարտ եմ իմ կյանքով և նրանով, ինչը ցույց եմ տալու իմ երեխաներին ու թոռներին: Եղեք հպարտ ձեր ապրած կյանքով, և այն արվեստի գործի վերածեք»:

«Ես սկզբունքորեն դեմ եմ երջանիկ լինելու քարոզին։ Ըստ իս՝ «կյանքի իմաստը երջանիկ լինելու մեջ է» համոզման կողմնակիցները մոլորության մեջ են, հեռու իրական կյանքից, նրա առաջադրած լրջագույն խնդիրներից։ Երջանկության բուն իմաստին մարդը հասու է դառնում՝ իրականության հասցրած առաջին դաժան հարվածից հետո միայն։ Կյանքում կլինեն դեպքեր, երբ երջանկության սպասումը ձեզ կստիպի հայտնվել բացարձակապես սխալ հոգեբանական վիճակում: Դա կխանգարի պատրաստ լինել նրան, ինչ պետք է արվի տվյալ իրավիճակում, ինչը կօգնի լուծել անլուծելի թվացող  հարցերը։ Մարդիկ ստեղծված են մոտիվացիոն և էմոցիոնալ վիճակների ընդգրկուն շրջանակում հայտնվելու և այդ մասին արտահայտվելու համար»։

«Հայաստանում ապրելով, ինձ  համար բացահայտեցի հայ կնոջ՝ իսկապես ֆենոմենալ տեսակը: Հայուհին ընտանիքի առանցքն է, որ աներկբա իր ուսերին է վերցնում երեխաների դաստիարակության հիմնական բեռը,տնային  տնտեսություն վարելու գրեթե բոլոր պարտականությունները»: 

«Տխուր է բայց, փաստ. Ցեղասպանությունը դրսում մեր այցեքարտն է դառնում. սա ինձ  հիշեցնում է խեղճ որբուկի, որին բոլորը կարեկցում են, մեկ-մեկ էլ գլուխը շոյում և … միայն այսքանը: Այնինչ, Հայաստանը պիտի աշխարհին  ներկայանա գիտության, մշակույթի, սպորտի և այլ բնագավառներում ստեղծած իր արժեքներով: Եվ այդժամ մեզ համար ավելի հեշտ կլինի օրինակով ցույց տալ հայ ժողովրդի գենի ուժը, իսկ ուժեղ պետություն դառնալով աշխարհին, և առաջին հերթին հենց Թուրքիային կստիպի ճանաչել Ցեղասպանությունը»:

«Վերջերս առաջին անգամ ներկա գտնվելով հուղարկավորության մի արարողության՝ անկեղծորեն տպավորվել էի։ Չնայած շատ եմ ճանապարհորդել, բայց նման բան առաջին անգամ էի տեսնում։ Անհատի կյանքից հեռանալն այստեղ ընկալվում է իբրև հասարակության մահ, հասարակության  անդառնալի կորուստ: Մինչդեռ Արևմուտքում, ի մասնավորի Ավստրալիայում, անհատի կորուստը գլխավորապես նրա ընտանիքի կորուստն է դիտարկվում: Հասարակության շարքերը լքած անդամի կյանքի նմանօրինակ արժեվորումը Հայաստանում,հիրավի տպավորիչ է և ինչ-որ չափով պարտավորեցնող: Սա հիշեցնում է, ապրած կյանքով՝ հասարակության արժանավոր զավակը լինելու պատվին արժանանալու  խորհրդի մասին»:

 «Հայերը  ստեղծարար ժողովուրդ  են: Հավատը վաղվա օրվա ու սեփական ուժերի հանդեպ առաջ կտանի երկիրը. մենք առաջ ենք  գնում և մեր ձեռքբերումները կայուն են. մնացածը ուղղակի՝ ժամանակի հարց է»:

«Ես սիրում եմ Հայաստանը, այս երկրի հանդեպ իմ սերը սկսվում է Արցախից, գնում ու լիցքավորվում եմ, դրա համար թախանձագին խնդրում եմ, գնացեք ու տեսեք, զգացեք Արցախը, ու Հայաստանը Ձեզ համար նոր լույսով բացահայտեք: Առաջին անգամ Արցախ ոտք դնողը հաճելի ցնցում է ապրում, դեմ-հանդիման  հանդիպելով սեփական արմատներին ու անցնելիք ճանապարհին: Կարելի է շարունակել ու շարունակել զգացողությունների նկարագրությունը, բայց ես ցանկանում եմ հորդորել բոլորին գնալ ու համոզվել դրանում անձամբ»:

«Եթե դու «նոքաութի» ես ենթարկել 7 անգամ, բայց քո մրցակիցը 8,ուրեմն նա է հաղթողը, և դա է ազնիվը: Սա է տարանջատում առաջին տեղը երկրորդից (ոչ ոքի չի հետաքրքրում երկրորդ տեղը, ամեն դեպքում երկրորդ տեղը՝ նույնարժեք է պարտությանը, բարոյական հաղթանակներն՝ այստեղ՝ ուղղակի մեղմացուցիչ դեր են կատարում): Համենայնդեպս այդպես է թե՛պատերազմում, թե՛ սպորտում, և թե՛ այն անձնական մարտահրավերներում, որոնք մենք բոլորս ունենում ենք կյանքի ընթացքում»:

«Համագործակցությունը, իրավ որ լավ բան է»: Ահա այստեղից ածանցվող հետևությունը: Մենք դրա կարիքը շատ ունենք, հատկապես Հայաստանում՝ որտեղ դեռ տեղ ունենք միասնաբար աշխատել սովորելու համար: Ճշմարտության համար պայքարը հեշտ չէ, բայց հնարավոր է հաղթել, վկան՝ Երկրորդ համաշխարհայինը, վկան՝ Արցախյան պատերազմի պանծալի հաղթանակը»:

«Այս ազգն օժտված է համառությամբ: Համառությամբ շարունակելու ապրել, զարգանալ ու փթթել, լինել կենդանի: Թուրքերն այդպես էլ չհասկացան, որ նրանք սերմեր են թաղում: Մի համառ ազգի սերմեր, որ կոչված է ապրելու և մարդկային ցեղի վրա իր մշակութային կնիքը դնելու: Քանի-քանի նշանավոր հայտնագործություններ են տվել հայերն աշխարհին: Արշիլ Գորկի ու Արամ Խաչատրյան, Ազնավուր ու Փարաջանով, Տիգրան Պետրոսյան ու Այվազովսկի, Վարազդատ Գազանդյան, Կոմիտաս…Շարքն անվերջ է թվում»:

«Արցունքներն են  եղել մեր աճի կենսատու ուժը: Առանց դրանց մենք դժվար թե մարդկության զարգացման մեջ այսքան ներդրում ունենայինք: Բայց ժամանակն է, որ ցավի արցունքը վերափոխվի երջանկության արցունքի, թող հոսեն արցունքները, թող դրանք պարուրեն մեր հողը և ուրիշ հող այլևս չփնտրեն: Այս հողն առանձնահատուկ է մեզ համար, այն ստեղծված է մեր սերմերը կրելու և աճեցնելու համար: Այն շարունակելու  է նպաստել, որ հետագայում, մարդկության գալիք սերունդների համար նույնպես մեր ներդրումը լինի անգնահատելի: Եվ ես իսկապես երջանիկ եմ, որ ցավի մեջ երջանկություն աճեցնող այս հողակտորը կարող եմ «տուն» անվանել»:

«Ես չեմ փորձի ասել, որ կանայք պիտի  գերիշխեն աշխարհում: Ես նաև չեմ կարծում, որ կանայք պետք է հավասարեցվեն տղամարդկանց:  Այո, ես մնում եմ այն համոզմանը, որ կանանց, ինչպես և տղամարդկանց, պետք է տրվեն հավասարազոր իրավունքներ, սակայն ոչ մի դեպքում ես չեմ մտածում, որ նրանք իրար հավասար են:  Տղամարդիկ և կանայք ունեն իրենց բնորոշ հատկանիշները, որոնցով էլ լրացնում են մեկմեկու: Այդպիսին է մեզ ստեղծել Արարիչը. իրար լրացնող, բայց և շատ տարբեր»:

«Լավագույն գենը սիրո գենն է, երբ երկու հոգի սիրում են միմյանց ու այդ սերը մարմին է առնում փոքրիկների տեսքով: Կա արդյո՞ք սրանից  ավելի կարևոր բան: Հասկանալու համար ինչ ասել է հայ և հայրենասիրություն, հարկ է հստակ գիտակցել, որ դա շատ ավելին է քան պարզապես արյունը»:

«Փլատակների տակից կյանք է դուրս գալիս, առատ ու լի կյանք: Ամեն ինչ կվերականգնվի, և նույնիսկ ավելին: Հավատում եմ, սա է այն ուղին ու նպատակը, որից կառչած պիտի առաջ գնանք: Ես բազմիցս եղել եմ Գյումրիում, այն հատուկ տեղ ունի իմ սրտում: Գյումրու բնակիչները յուրօրինակ են: Նրանց ողբերգական անցյալն իր մեջ որոշակի վեհություն ունի, բայց ցավը նրանց չի կոտրել, նրանց ձեռքերն էլի ստեղծում են, կառուցում, վերափոխում»:

«Այո, մենք տաքարյուն երիտասարդ-պետություն ենք: Բայց հենց սա է ստիպում մեզ չդոփել տեղում: Մեր երիտասարդությունն է, որ օգնում է մեզ ամեն ընկնելուց հետո արագ ոտքի կանգնել ու էլի փորձել: Մենք մեր զինվորների նման քաջ ենք ու ամուր,  մեր երիտասարդ աղջիկների պես նվիրված ու ճկուն: Իսկ սրանք լավ պետականություն կառուցելու համար կարևոր նախադրյալներ են»:

«Մենք սարերը ավելի վստահ կհաղթահարենք՝ եթե ծնողներին մեր կողքին տեսնենք: Նրանք առաջինն են քարերով արնոտում իրենց ձեռքերը՝ համոզվելու համար՝ բարդ չէ արդյո՞ք տվյալ դժվարությունը: Զոհաբերում են իրենց՝ մեզնից պահանջելով միայն մի փոքր, բայց շատ պատասխանատու բան.  առողջ, երջանիկ ու ինքնաբավ լինել: Հուսամ՝ ինձ հաջողվում է սերս ու ջերմությունս փոխանցել մորս: Կարծում եմ՝ մի օր կրկին միասին Արագածը բարձրանալու ու հաղթանակի քաղցրությունը միասին վայելելու առիթ կլինի: Ու գուցե այդժամ ես կես-կատակ, կես-լուրջ զայրանամ՝ մտահոգությամբ, որ թեթև է հագնված: Այդժամ անմեղ կժպտա ու լեռների բարձունքից կհասկանա, որ իմ սերն անգամ այս սարերից էլ բարձր ու ամուր է»:

«Մենք վայելում ենք ուրախ ու աշխույժ խոսքուզրույցը, մենք վայելում ենք ղարաբաղյան հիանալի խորովածը, հեռախոսս զանգում է.

 - Հը, ո՞նց է Ղարաբաղը,- հեռուներից գալիս է Լևոնի ձայնը…

- Ուզում եմ մեր առաջին տղայի անունը Մոնթե դնենք, ի՞նչ կասես»,- ասում եմ ես»:

 

Հիշեցնենք, որ երեկ գիշերը Արիանե Կաոլին մահացավ՝ չկարողանալով ապաքինվել օրեր առաջ տեղի ունեցած ծանր ավտովթարից սատացած վնասվածքներից:

 

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000