Որոնել
Արխիվ
28.03.2020  14:55

Բռնցքամարտ. Թուրք մարզիկը վարակվել է կորոնավիրուսով, նա մենամարտել էր հայ բռնցքամարտիկի հետ

Մարտի 13-ին մեկնարկել էր բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որը տեղի էր ունենում Լոնդոնում: Երեք օր անց մրցաշարը դադարեցվեց, և կշարունակվի ամիսներ հետո (դեռ պրազ չէ՝ երբ):

Թեև մարտի 13-ին արդեն եվրոպական երկրներից շատերը հայտարարել էին արտակարգ դրություն և գրեթե բոլոր խոշորագույն սպորտային իրադարձությունները դադարեցվել էն կամ չեղարկվել, ՄՕԿ-ը, որը հանդիսանում էր բռնցքամարտի մրցաշարի կազմակերպիչը (քանի որ Բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիան որակազրկված է), որոշեց, որ մրցաշարը պետք է անցկացվի:

Երեք օր անց մրցաշարը կանգնեցվեց, բայց, ինչպես պարզվեց հետագայում, արդեն ուշ էր: Այս պահին երկու երկրի բռնցքամարտի ֆեդերացիաներ հայտարարել են վարակված մարզիկ ու մարզիչների մասին:

Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարել է, որ երեք բռնցքամարտիկ՝ Նեչատ Էկինչին, Սերհատ Գյուլերը և Բուսենազ Սյուրմենելին, ինչպես նաև հավաքականի գլխավոր մարզիչ Սույֆուլա Դումլուպինարը վարակվել են կորոնավիրուսով: Երկրի ֆեդերացիայի նախագահ Էյուպ Գոզգեչը մեղադրել է ՄՕԿ-ին, որ թույլ են տվել մրցաշարի անցկացումը՝ անվանելով նրանց անպատասխանատու: Խորվաթիայի հավաքականից վարակվել են մարզիկ Տոնի Ֆիլիպին, մարզիչ Տոմո Կադիչը ու ևս մեկ մարզիչ, որի անունը հայտնի չէ:

Նշենք, որ թուրք բռնցքամարտիկ Նեչատ Էկինչին 69 կգ քաշային կարգում 1/16 եզրափակչում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանին: Իսկ նրա հայրենակցուհի Բուսենազ Սյուրմենելին կանանց 69 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում պետք է հանդիպեր Անի Հովսեփյանին:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000