Որոնել
Արխիվ
18.03.2020  20:00

Ի՞նչ դիտել այս օրերին. ArmFootball.com-ի առաջարկները

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, և շատ մարդիկ հարկադրված փակվել են տներում: Ամեն ինչ դեռ այդքան վատ չէր լինի, եթե ֆուտբոլը և մյուս մարզաձևերը նույնպես չտուժեին վիրուսից: Այդ դեպքում կարելի էր հանգիստ վայելել բոլոր խաղերը: Բայց քանզի դրանից էլ ենք զրիկվել, ArmFootball.com-ը սկսում է տարբեր մասերից ու ժանրերից առաջարկներ տնային ազատ ժամանակը լրացնելու համար:

Սկսենք ֆիլմերից, որոնք առանձին շարք կունենան.

«Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի» - Այս ֆիլմի մասին անպայման լսած կլինեք վերջին ամսիների ընթացքում, բայց հնարավոր է դեռ չեք հասցրել դիտել: Այն իրական դեպքերի մասին է, թե ինչպես հասարակության շրջանում լայն ճանաչում չունեցող, բայց ավտոմրցույթների աշխարհում մեծ հարգանք վայելող Քեն Մայլսը փորձում է մասնակցել «Լե Մանի 24 ժամ» մրցույթին: Այն աշխարհի ամենաբարդերից մեկն է, հետևաբար նաև ամենագրավիչներից: Այդ գործում Մայլսին օգնում է նրա ընկեր, «Լե Մանի» նախկին չեմպիոն Քերոլ Շելբին: Նրանց կերպարները կերտել հիասքանչ Քրիստիան Բեյլը և Մեթ Դեյմոնը: Եվ այդ ամենը «Ֆորդի» ու «Ֆերրարիի» միջև առաջացած կոնֆլիկտի ֆոնին: Ջեյմս Մենգլոդի ֆիլմը 4 անվանակարգերում առաջադրվեց «Օսկարի» և հաղթեց 2-ում:

Ֆիլմը` Kinopoisk-ում և IMDb-ում 

«Անհերքելին» - Օրինակ ֆուտբոլից: Թվում է Չեմպիոնների լիգան այն մրցաշարն է, որը պետք է մեզ ցույց տա տարվա լավագույն թիմին: Բայց հաճախ այնպես է ստացվում, որ ՉԼ-ն հաղթած թիմն իր երկրում չեմպիոն չի դառնում: Հարց է առաջանում. այդ ինչպե՞ս է տվյալ թիմը լավագույնը Եվրոպայում, եթե նույնիսկ իր տանը (ներքին առաջնությունում) լավագույնը չէ:

Այս ֆիլմը կարծես այդ սյուժեից ծնված լինի: Բռնքամարտի աշխարհի գործող չեմպիոնը բանտում է հայտնվում, որտեղ միանգամից սկսում է նոր կարգեր հաստատել: Նրան հայտնում են, որ իրեն շատ չերևակայի, որովհետև բանտում իրենց չեմպիոնն ունեն: Այդ պահից 2 չեմպիոնների միջև մենամարտն անխուսափելի է դառնում:

2002 թվականի արադրության այս ֆիլմն այնպիսի մեծ ճանաչում ստացավ, որ հետագայում 5 շարունակություն ունեցավ, բայց արդեն այլ պատմությունների շուրջ:

Ֆիլմը Kinopoisk-ում  և IMDb-ում

«7 օր դժոխքում» – Ընդամենը 42 րոպե տևող խելահեղ կոմեդիա երկու թենիսիստների մասին, որոնք ձեզ երկու նախատիպերի կհիշեցնեն, եթե ճանաչում եք նախկին լեգենդներին: Երկու բացարձակ տարբեր բնավորություն ունեցող թենիսիստներ մտնում են «Ուիմբլդոնի» եզրափակիչ, և 7 օր չեն կարողանում որոշել հաղթողին: Զգուշացնում ենք, որ սա 18+ ֆիլմ է, բայց եթե արդեն չափահաս եք, հնարավոր է սա այն ֆիլմն է, որը փնտրում էիք անդադար ծիծաղելու համար: 

Գլխավոր դերերում  Քիթ Հարիգտոնն է, նույն ինքը Ջոն Սնոուն, և Էնդի Սեմբերգը, ում միանշանակ կարելի է մեր օրերի լավագույն կոմիկներից մեկը համարել: Նրա «Բրուքլին 9-9» սերիալն առանձին գանձ է:

Ֆիլմը Kinopoisk-ում և IMDb-ում

«Վռնդիչ» - Սպորտ սիրող մարդկանց մեջ կան այնպիսինները, որոնց հոկեյը դուր չի գալիս, բայց նույնիսկ նրանք չեն կարողանում անտարբեր մնալ սառցադաշտի վրա տեղի ունեցող ծեծկռտուքներին: Որոշ թիմերում այդպիսի մեկը կա, ով ավելի լավ կռվում է, քան խաղում: Նրա ներկայությունը շատ կարևոր է, որովհետև մրցակցի կազմում նույնպես այդպիսի մեկը կա, ով հրահանգ ունի ծեծել քո թիմի լավագույն հոկեյիստին: Իսկ վերջինս դրանից կարող է ընկճվել և ձեր թիմն այլևս չի հաղթի: Այդ պատճառով ձեր թիմի «վռնդիչը»,  «թիկնապահը» պետք է միշտ օգնության հասնի և թույլ չտա թիմակիցների հոգևիճակի ընկնելուն:

Հենց այդ մասին է այս ֆիլմը, որը մատուցված է թեթև ու հաճելի հումորով: Գլխավոր դերում Շոն Ուիլյամ Սքոթն է, ում կհիշեք «Ամերիկյան տորթ» լեգենդար կոմեդիայում, Սթիֆլերի դերում: Այստեղ նա այդան խելագար չէ, հանգիստ է, բայց շատ ուժեղ:

Ֆիլմը` Kinopoisk-ում և IMDb-ում

 

«Մակֆարլանդ, ԱՄՆ» («Մարզիչը») – Ամերիկյան ֆուտբոլի թիմի մարզիչը զայրացած լինելով իր սաների խայտառակ խաղից` սըր Ալեքս Ֆերգյուսոնի ոճով է գնում և խաղակոշիկ նետում իր գլխավոր աստղի վրա: Նրան հեռացնում են ակումբից, և ընտանիքի հետ մեկնում է Մեքսիկայի  հետ սահմանի վրա գտնվող ՄակՖարլանդ փոքր քաղաք: Այնտեղ նա նկատում է, որ տեղացի մանր խուլիգանները, աշխատավոր երիտասարդները շատ են վազում և դիմացկուն են: Որոշում է վազքի թիմ ստեղծել և մասնակցել նահանգային առաջնությանը: Գլխավոր դերում հռչակավոր Քևին Կոստներն է:

Ի դեպ, սա իրական պատմություն է, որը տեղի է ունեցել 1987 թվականին: Այնպես որ, միգուցե, Ֆերգյուսոնն է նրանից վերցրել աստղերին պատժելու այդ հնարքը:

Ֆիլմը` Kinopoisk-ում և IMDb-ում


Շարունակելի…

 

Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000