Որոնել
Արխիվ
11.03.2020  20:15

Որոշիչ պահը. 2 ֆավորիտները պետք է տանը հետ բերեն կորցրածը կամ հեռանան

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում այսօր՝ մարտի 11-ի կեսգիշերին տեղի կունենան 2 հանդիպումներ։ «Լիվերպուլն» «Էնֆիլդում» կընդունի «Ատլետիկոյին», իսկ ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ուժերը կչափի Դ․«Բորուսիայի» հետ։

«Լիվերպուլ» - «Ատլետիկո»

Առաջին խաղում իսպանական թիմը կարողացավ երկրպագուների աջակցության ներքո տանը հաղթանակ տանել 1-0 հաշվով, սակայն նման արդյունքը չի կարող լուրջ առավելություն համարվել նույնիսկ «Ատլետիկոյի» համար, որը գիտի հաշիվ պահելու կուլտուրան ու հաղթանակների մեծ մասը տանում է հենց նվազագույն հաշիվներով։

Այս խաղը հերթական ապացույցն էր, թե  ինչ անվստահ է «Լիվերպուլը» խաղում մրցակիցների հարկի տակ վերջին շաբաթների ընթացքում։ Թիմի մոտ ակնհայտորեն գարնանային անկում է նկատվում, որի պատճառով ընդհատվեց «մերսիսայդցիների» անպարտելիության շարքն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։ Ինչ վերաբերվում է ՉԼ-ին, ապա դա Կլոպի թիմի միակ պարտությունը չէր։ Խմբային փուլում զիջել էին «Նապոլիին»։ Իհարկե, որքան էլ խաղային անկում նկատվի, բայց սկզբունքային հանդիպումերում «Լիվերպուլը», հատկապես՝ տանը, անչափ վտանգավոր է։ Սիմեոնեի համար լուրջ խնդիր է չեզոքացնել սպասվելիք գրոհային հեղեղը, որը անգլիացիները պատրաստել են։ Առաջին հանդիպմանը տպավորություն կար, թե նույնիսկ գոլ բաց թողնելուց հետո «կարմիրները» չեն գրոհում ամբողջ ուժով։ Կարծես, ֆուտբոլիստներն անդադար մտածում էին պատասխան խաղում կորցրածը հետ բերելու հավանականության մասին և չէին ցանկանում պաշտպանությունում ևս մեկ վրիպում թույլ տալ, որը հետ բերելն արդեն կրկնակի բարդ կլիներ։

Մադրիդցիներն այդ խաղում ոչ մի յուրահատուկ բան չարեցին։ Նրանք գոլ խփեցին ստանդարտից և հետ քաշվեցին, բայց գրոհելուց չէին հրաժարվում ու կարողացան մի քանի վտանգավոր պահ ստեղծել։

Այսօր հնարավոր է առաջին խաղակեսում տեսնենք «Լիվերպուլի» այն զգուշավոր, «նուրբ» գրոհները, որին հետևում էինք առաջին մրցավեճում, որովհետև միանգամից առաջ նետվելու դեպքում «Ատլետիկոն» ունակ է պատժել, բայց որքան ժամանակն ընթանա, այնքան դաշտի տերերը պետք է ագրեսիվ գործեն։ Կլոպի թիմը ոչ միայն լավ է հանդես գալիս բաց ֆուտբոլ առաջարկող թիմերի հետ, այլ նաև կարողանում է ճիշտ մարտավորություն ընտրել պաշտպանության վրա շեշտը դնող մրցակիցների հետ պայքարում։ «Լիվերպուլը» կարողանում է իր համար տարածություն, ակտիվ գործողություններ ստեղծել դաշտի այն հատվածներում, որտեղ առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ փակ է ու առաջ շարժվելու որևէ տարբերակ չկա։ Այդ դրվագներում տակտիկան շատ կարևոր է, բայց առաջին պլան է գալիս հարձակվող թիմի անհատական բարձր կարգը, մեծ արագությունն ու վայրկյանապես կողմորոշվելու հանգամանքը։ Այսինքն, անգլիական թիմի համար չկան անհարմար մրցակիցներ և հենց դա է ներկայիս «Լիվերպուլի» հաջողությունների գլխավոր գրավականը։ Սա չի նշանակում, որ նրանք թույլ կողմեր չունեն։ Օրինակ, «Ուոթֆորդի» հետ խաղում, որտեղ եղավ առաջին պարտությունը, այն էլ՝ 3-0 հաշվով, մրցակիցը խաղի ընթացքում շոշափեց և գտավ «մերսիսայդցիների» թույլ կողմը։ «Ուոթֆորդը» սկսեց անդադար գրոհել  ձախ եզրում, որտեղ հերթապահում էր աջ պաշտպան Ալեքսանդր-Առնոլդը։ «Լիվերպուլի» երկրպագուները շատ լավ գիտեն, որ Առնոլդը հիանալի է միանում գրոհներին, «մահացու» փոխանցումների է տիրապետում, բայց պաշտպանությունում ոչ միշտ է կայուն խաղ ցուցադրում։ Դա օգտագործելով, Դեուլոֆեուն անդադար արագացումներ էր կատարում ու հարձակման ձախ եզրում Առնոլդը ոչ թե չէր հասցնում, այլ հասնելու դեպքում չէր կարողանում ճիշտ դիրք ընտրել և փակել մրցակցին։ Առնոլդի բախտը բերեց, որ երկրորդ կեսում Դեուլոֆեուն վնասվածք ստացավ և փոխարինվեց, բայց հասցրել էր պաշտպանին այնքան հոգնեցնել, որ խաղի վերջում  կորցրեց կոնցենտրացիան և կոպիտ սխալ թույլ տվեց, ինչից օգտվեց մրցակիցն ու խփեց երրորդ գոլը։ Հենց դա է պատճառը, որ Սիմեոնեի խոսքով «սպասելիքները չարդարացրած» Լեմարը դիմակայության առաջին խաղում դաշտում էր հենց մեկնարկից և հանդես էր գալիս կիսապաշպանության ձախ եզրում։ Դիեգոն հասկանում էր․ որքան էլ Լեմարը դաշտում սխալ որոշումնէր է ընդունում, բայց նա ամենաարագն ու կտրուկն է «Ատլետիկոյում», ով կարող է օգտվել «Լիվերպուլի» պաշտպանության ամենաթույլ օղակից՝ աջ եզրից։ Որոշ դրվագներում Սիմեոնեի մտահաղացումն աշխատեց, սակայն, ինչպես նշվեց, անգլիական թիմը զգուշավոր էր գրոհում ու Առնոլդն այնքան էլ հաճախ չէր կորցնում դիրքը, իսկ փոխօգնության հասնող խաղընկերները շատ էին։

Այսօր այդ զգուշ խաղից «մերսիսայդցիները» ստիպված հրաժարվելու են, ուստի մադրիդցիների համար հակագրոհների մեծ հնարավորություններ բացվելու են։ Այլ հարց է՝ արդյո՞ք կկարողանան օգտվել դրանցից, որովհետև այժմ իսպանական թիմը նույնպես խաղային անկում ունի։ Օրինակի համար նշենք, որ Լա լիգայում թիմը պայքարում է քառյակում տեղ զբաղեցնելու համար այն դեպքում, երբ «Ռեալը» և «Բարսելոնան» այս տարի վատ տեսք ունեն, հաճախ են միավորներ կորցնում, բայց միևնույնն է առաջ են մրցակիցներից, ովքեր էլ ավելի վատն են։ Լա լիգան այս տարի զգալիորեն որակական անկում է գրանցել։

Անդրադառնանք նաև կորուստներին։ Սկսենք «Լիվերպուլից», որի ամենամեծ կորուստը դարպասապահ Ալիսոնի բացակայությունն է։ «Չելսիի» հետ գավաթային խաղում տեսանք, թե որքան վատը կարող է լինել պահեստային դարպասապահ Ադրիանը, որը «Կարիուսական» սխալներ էր թույլ տալիս և ակումբի երկրպագուները երանի էին տալիս նույնիսկ Լորիս Կարիուսին, ով Չեմպիոնների լիգայի նախանցած եզրափակչում «Ռեալի» հետ խաղի գլխավոր հակահերոսն էր։ Եթե Ադրիանը նույն ոգով խաղա նաև «Ատլետիկոյի» հետ մրցավեճում, ապա «մերսիսայդցինրը» լրջագույն խնդիրներ կունենան։ Բացի Ալիսոնից, թիմին չեն կարող օգնել Քլայնը, Լարուսին և Շաքիրին, որոնք հիմնական կազմի խաղացողներ չեն։

«Ատլետիկոն» վնասվածքներ գրեթե չունի։ Միակ խաղացողը, ով չի կարող մասնակցել հանդիպմանը՝ հարձակվող Դարիո Պովեդան է, բայց նա անգամ պահեստայինների թվում է ոչ հաճախ հայտնվում, ուստի սա կորուստ չի համարվում այսօրվա խաղի համար։

ՊՍԺ – Դ․ «Բորուսիա»

Դիմակայության առաջին խաղում գերմանական թիմը տանը հաղթել է 2-1 հաշվով։ Ինչպես «Լիվերպուլի» դեպքում, պետք է կրկնենք, որ ՊՍԺ-ն առաջին խաղում հարձակման գծում չներդրեց ողջ ուժերը։ Նույնիսկ չօգտագործվեց հարձակման ամբողջ արսենալը ոչ միայն ուժային բաշխվածության, այլ նաև ֆուտբոլիստներին օգտագործելու առումով։ Այդպես էլ չխաղաց կենտրոնական հարձակվող Մաուրո Իկարդին, ով փայլուն մարզավիճակում է։ Այսինքն, Տուխելը մտքում ուներ պատասխան խաղն ու նույնիսկ նվազագույն հաշվով պարտությանն այնքան էլ դեմ չէր, որովհետև շեշտը դրվելու էր պատասխան հանդիպման վրա։

Այդ խաղի սկզբում կենտրոնական հարձակվողի դիրքում հանդես էր գալիս Կիլիան Մբապեն, բայց որքան էլ շատերը նրան ունիվերսալ համարեն՝ կհամարձակվենք պնդել, որ դա նրա դիրքը չէ։ Մբապեն այնքան էլ հաջող չգործեց այդ դիրքում, բայց, երբ խաղի ընթացքում տեղափոխվում էր եզրեր՝ ցույց էր տալիս իր փայլն ու վարպետությունը։ Ընդհանուր առմամբ, ՊՍԺ-ն հանդես էր գալիս էկոնոմ ռեժիմով, բայց դա ոչ մի կերպ չի նսեմացնում դորտմունդցիների լավ խաղը և հաղթանակը։

«Բորուսիան» կրկին ապացուցեց, որ հարձակման գծում գերակտիվ է ու կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ցանկացած թիմի համար։ Տանը նրանք համարձակ էին գործում։ Պետք է արժանին մատուցել Ֆավրին, որ հարձակման կորիզ համարվող երիտասարդների արյան մեջ կարողացել էր ներարկել այդ վճռականությունը։ Նրանք հստակ գիտեին, թե ինչ է պետք անել և ոչ մի պահի չերերացին խաղն իրենց վրա վերցնելու որոշում կայացնելիս։ Ընդ որում, ի տարբերություն նախորդ գրեթե բոլոր խաղերի, «Բորուսիան» այնքան էլ շատ սխալներ թույլ չտվեց պաշտպանությունում, ինչը հաճելիորեն զարմացրեց։ Իհարկե, սխալներ եղան, բայց, եթե պարբերաբար հետևում եք դորտմունդցիների խաղերին, ապա կհաստատեք, որ նախորդ խաղերի համեմատ ՊՍԺ-ի հետ մրցավեճում պաշտպանությունում սխալները կրկնակի, անգամ՝ եռակի քչացել էին։

«Բորուսիայի» գլխավոր խնդիրը հաշիվ պահելն է, որն ամենավատն են կարողանում անել։ Ուստի, եթե Ֆավրը մտածի պաշտպանությունը հարձակման հաշվին ամրապնդելու մասին՝ դա կարող է չար կատակ լինել գերմանական թիմի գլխին։ Իսկ ՊՍԺ-ն, բնականաբար, պետք է շատ ավելի համարձակ ու կտրուկ գործի հարձակման գծում, որպեսզի կարողանա բաց թողածը հետ բերել։

ՊՍԺ-ի ամենամեծ կորուստը, որը հարձակման գծում գնդակներ մատակարարելու և կենտրոնում համակարգի լիարժեքությունը պահպանելու համար խնդիրներ կստեղծի, Մարկո Վերատիի բացակայությունն է, ով որակազրկված է։ Ամենայն հավանականությամբ, բացակայելու են նաև Դագբան, Մենյեն և Էրերան, որոնցից միայն Մենյեին կարելի է համարել հիմնական կազմի ֆուտբոլիստ։

«Բորուսիան» նույնպես զերծ չի մնացել կորուստներից։ Վնասվածք ունեն Տոմաս Դելեյնին և Մարկո Ռոյսը, որոնք կարող էին հայտնվել հիմնական կազմում։ Ռոյսը թիմի ավագն է, առաջատարներից մեկը և նրա բացակայությունը կարելի է լրջագույն կորուստ համարել թիմի համար։ Այնուամենայնիվ, կարծես առանց Ռոյսի խաղալուն նրանք հարմարվել են և շարունակում են առջևում արդյունքի հասնել։

Վերջում նշենք մի փաստի մասին, որը չի կարող բացասաբար չանդրադառնալ խաղի որակի, դրայվի, էմոցիաների վրա։ Կորոնավիրուսի պատճառով «Պարկ դե Պրենսում» արգելվել է հանդիսականների մուտքը, հետևաբար, ՊՍԺ-ն զրկվելու է տանը լրացուցիչ աջակցությունից։ Ֆուտբոլն առանց հանդիսականների ֆուտբոլ չէ և դրանում համոզվեցինք երեկ ՉԼ-ում կայացած «Վալենսիա» - «Ատալանտա» խաղում, որտեղ եղան մեծ քանակությամբ գոլեր, գեղեցիկ գրոհներ, պոկեր և այլն, բայց չկային հանդիսականներ, հետևաբար, չկար ֆուտբոլ․․․

                                                                                                           Ջիվան ՕՀԱՆՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000