Որոնել
Արխիվ
08.03.2020  12:17

Hetq.am. Կաշառք տալու մեջ մեղադրվողի որդու ընկերության հետ նոր պայմանագիր է կնքվել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել ԿԳՄՍ նախարարի արդեն նախկին տեղակալ Գեւորգ Լոռեցյանին կաշառք տալու մեջ մեղադրվող «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր-նախագահ Հրաչիկ Քանանյանի որդու ընկերության հետ։

Hetq.am-ը պարզել է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020թ. հունվարի 30-ին բաց մրցույթի արդյունքում ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել «Լուառ» ընկերության հետ: Ընկերության հիմնադիրը, բաժնետերն ու տնօրենը Արմեն Քանանյանն է։

Արմեն Քանանյանը «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ Հրաչիկ Քանանյանի որդին է, որին Ազգային անվտանգության ծառայությունը 2019-ի դեկտեմբերին կալանավորել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանին կաշառք տալու համար:

«Լուառ» ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին։ Նախարարությունը «Լուառ» ընկերությունից որոշել է ձեռք բերել մոտ 80 միլիոն դրամ արժողությամբ սպորտային հագուստ, կոշիկներ։ Յուրաքանչյուր լրակազմի արժեքը կազմել է 122 հազար դրամ։ Ըստ պայմանագրի՝ ընկերությունը նախարարությանը պետք է մատակարարի 650 լրակազմ։ Յուրաքանչյուր լրակազմ ներառում է 8 պարագա՝ շքերթային մարզահագուստ, սպորտային շապիկ, բաճկոն, շորտ, սպորտային կոշիկ, գլխարկ, պայուսակ, հողաթափ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ մրցույթին հայտ է ներկայացրել միայն «Լուառ» ընկերությունը։ Գնահատող հանձնաժողովը, հաշվի առնելով, որ ընկերության հայտը համապատասխանում է մրցույթի պահանջներին, և գնային առաջարկը չի գերազանցում նախատեսված ֆինանսական միջոցները, «Լուառ»-ին հայտարարել է մրցույթի ընտրված մասնակից։

Դիտարկմանը, որ «Լուառ» ընկերության սեփականատիրոջ հայրը՝ Հրաչիկ Քանանյանը, մինչ այդ մրցույթներում աջակցություն ստանալով, գումար է փոխանցել նախկին փոխնախարարին, նախարարությունը պատասխանել է, որ այդ պատճառաբանությամբ իրավասու չի եղել մերժել ընկերությունից ստացած հայտը։

ԿԳՄՍ-ն «Լուառ»-ի հետ պայմանագիրը կնքել է այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն Հրաչիկ Քանանյանին բերման էր ենթարկել՝ նույն նախարարության սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք փոխանցելու կասկածանքով։

ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ Գևորգ Լոռեցյանը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով Հրաչիկ Քանանյանին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել Քանանյանի հետ՝ ստանալով առանձնապես խոշոր չափով կաշառք: Քանանյանը գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո բռնվել է:

Քանանյանը, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, մատակարարող մի շարք ընկերությունների փաստացի ղեկավար է։

Հրաչիկ Քանանյանի փաստաբան Արմեն Թևանյանը «Հետքի» հետ զրույցում ասել է, որ Քանանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Իրեն առաջադրված կաշառք տալու մեղադրանքը նա ընդունում է մասնակի:

Գնումների հաշվետվողականության armeps.am համակարգի տվյալներով՝ «Լուառ» ընկերությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտային ոլորտի ակտիվ մատակարարներից է։

Ընկերությունը 2017 թվականից մի շարք պայմանագրերով նախարարությանը մատակարարել է մարզական գույք, խորհրդանշական նվերներ, անգամ տնտեսական, սանհիգիենիկ և լվացքի միջոցներ։ «Լուառը» Պաշտպանության նախարարությանն ու Երևանի քաղաքապետարանին ևս 2017-2018 թվականներին մատակարարել է մարզական գույք և հանդերձանք։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000