Որոնել
Արխիվ
18.02.2020  17:41

Սերնդափոխություն՝ օլիմպիական հեռանկարով. ազատոճայինների ելույթների ամփոփումը (VIDEO)

Հռոմում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումների վերջին երեք օրը հանդես եկան ազատոճայինները։ Հայաստանը նվաճեց մեկ մեդալ՝ բրոնզե, ինչպես և նախորդ տարի եվրոպայի առաջնությունում միակ մեդալը նվաճեց Արսեն Հարությունյանը։ 

ArmFootball.com-ը ներկայացնում է ազատոճայինների ելույթների ամփոփումը։ Հունահռոմեականների ելույթների ամփոփումը կարող եք կարդալ այստեղ։

57 կգ

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց վետերան ըմբիշ, 35-ամյա Միհրան Ջաբուրյանը։ Ջաբուրյանը երկար տարիներ այս քաշային կարգի առաջատարն էր, բայց երբեք Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում մեդալ նվաճել չի կարողացել, թեև բազմիցս շատ մոտ է եղել։ Մի քանի անգամ պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում։ Ուղեգիր է ձեռք բերել (5-րդ տեղ 2011-ի աշխարհի առաջնությունում) ու մասնակցել է 2012թ․-ի օլիմպիական խաղերին (քառորդ եզրափակիչ)։ Այս տարվա Եվրոպայի առաջնությունից հետո Ջաբուրյանին ընդհանրապես կարելի է անվանել «հավերժ հիգերորդ»։ 

Միհրանը նորից լավ գոտեմարտեր անցկացրեց նախնական փուլում, հաղթահարեց ամուր բելառուս ըմբիշ Ռիչինովի արգելքը (որոշիչ էր մեկ հնարքը), վստահ հաղթանակ տարավ մոլդովացի Բուրույանի նկատմամբ, բայց կիսաեզրափակչում պարտվեց աշխարհի փոխչեմպիոն Սուլեյման Աթլիին, հետո էլ երրորդ տեղի համար գոտեմարտում զիջեց սերբ Միչիչին։

57 կգ-ը օլիմպիական քաշ է, և Հայաստանը ուղեգիր չունի (ինչպես և մյուս 5 քաշային կարգերում), և Ջաբուրյանը կարող է պայքարել օլիմպիական ուղեգրի համար։ Բայց, թերևս երկու վարկանիշային մրցաշարերին էլ ավելի նպատակահարմար կլինի ուղարկել մեկ այլ ըմբիշի, որի մասին կխոսենք հաջորդիվ։

61 կգ

Արսեն Հարությունյանը մեդալակիր է դառնում երկրորդ Եվրոպայի առաջնությունում անընդմեջ։ Ճիշտ է, չեմպիոնի տիտղոսը պահպանել չստացվեց, բայց 20-ամյա Հարությունյանը շատ էր մոտ էր դրան։ Մեկնարկելով վստահ հաղթանակներով Մակեդոնիան ներկայացնող սիբրիցի ըմբիշ Եգորովի և ուկրաինացի Բիլեյչուկի նկատմամբ՝ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ գոտեմարտեց ռուսաստանցի փորձառու ըմբիշ Ալեքսանդր Բոգոմոևի հետ։ Արսենը սկզբում 4 միավոր տվեց, բայց հետո կարողացավ 6 միավոր վաստակել ու մինչև վերջին վայրկյանները հաղթում էր։ Սակայն կարևոր պահին Արսենը չդիմացավ և վերջին վայրկյաններին ևս երկու միավոր տվեց ու պարտվեց։ Երրորդ տեղի համար գոտեմարտում Հարությունյանը շատ վստահ հաղթանակ տարավ հույն Պիլիդիսի նկատմամբ (10-0), աչքի ընկավ սպորտային պահվածքով ու նվաճեց բրոնզե մեդալը։

Պիլիդիսի նկատմամբ տարած հաղթանակը շատ կարևոր էր Արսենի համար։ Հույն ըմբիշը նրա հիմնական մրցակիցն էր պատանեկան հասակում։ Մեկ անգամ մեր ըմբիշը պարտվեց Եվրոպայի առաջնության եզրափակչում (ընդ որում, շատ ցավալի), մեկ անգամ աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում։ Եվ այս հաղթանակը ցույց տվեց, որ Հարությունյանը ճիշտ ճանապարհին է, մեծ առաջընթաց է ունեցել, և դեռ մեծ ներուժ էլ ունի ավելի առաջ գնալու համար։

Արսենը Հայաստանի չեմպիոն է 57 կգ քաշային կարգում, եզրափակչում 10-0 հաշվով հաղթել էր Ջաբուրյանին։ Այնպես որ, վարկանիշային մրցաշարերին ավելի նպատակահարմար կլինի ուղարկել երիտասարդ Հարությունյանին։ Աշխարհի առաջնությունում Հարությունյանը 57 կգ քաշային կարգում իրեն վատ չդրսևորեց, հնդիկ Ռավիի հետ գոտեմարտի ընթացքում որոշակի մկանային խնդիրներ եղան, ինչի հետևանքով գոտեմարտի կեսից գործերը անհաջող ընթացան։ Վարկանիշային մրցաշարերում երիտասարդ ըմբիշ է ունակ է ոչ միայն օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու, այլև Տոկիոյում էլ պայքարելու բարձր տեղերի համար։ Այս պահին նրան մեծ հաղթանակներ տանելու համար պակասում է փորձը, որը նա պետք է փորձի արագորեն ձեռք բերել։

65 կգ

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Վալոդյա Ֆրանգուլյանը, ով Հայաստանի չեմպիոն էր դարձել՝ եզրափակչում հաղթելով Վազգեն Թևանյանին։ Ֆրանգուլյանը ձախողվեց՝ երկրորդ գոտեմարտում զիջելով քիչ հայտնի հույն ըմբիշ Կժիշտոֆ Բիենկովսկուն։

Ֆրանգուլյանի համար սա առաջին խոշոր մրցաշարն էր վնասվածքից ապաքինվելուց հետո։ Սակայն նրա ձախողումը Թևանյանին ֆավորիտ է դարձնում վարկանիշային մրցաշարեր մեկնելու համար։ 65 կգ քաշային կարգում դեռևս ուղեգրեր չունեն օլիմպիական խաղերի մրցանակակիրներ Հաջի Ալիևն ու Վլադիմիր Խինչեգաշվիլին, ևս մի քանի ուժեղ ըմբիշներ։ Ով էլ մեկնի վարկանիշային մրցաշարերի, միևնույն է, դժվար է լինելու ուղեգիր նվաճել, բայց Թևանյանը երիտասարդ է (20 տարեկան) ու մեծ ներուժ ունի (Եվրոպայի Մ-23 չեմպիոն է), այնպես որ տրամաբանական կլինի հենց նրան ուղարկել մրցաշարերին։

70 կգ

Գևորգ Մխեյանը բավականին լավ նորամուտ ունեցավ մեծահասակների ասպարեզում։ Մեկնարկում նրա մրցակիցը Եվրոպայի գործող փոխչեմպիոն ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաևն էր, հենց սկզբից Գևորգը 8 միավորի առավելություն ստացավ, բայց փորձի պակասն իրենն ասեց։ Մուստաֆաևը կարողացավ վերականգնվել ու հաղթել 15-8 հաշվով, հետո էլ հասավ եզրափակիչ։ Մխեյանը հաջորդ օրը երկու լավ գոտեմարտ անցկացրեց բելառուս և ուկրաինացի ըմբիշների հետ և իրավունք ստացավ գոտեմարտել երրորդ տեղի համար, բայց զիջեց մոլդովացի Միխայիլ Սավային (7-9), թեև, նորից, շատ մոտ էր հաղթանակին ու բաց թողեց գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ։

Մխեյանի պարագայում էլ մեդալակիր դառնալուն խանգարեց փորձի պակասը։ Գևորգը երիտասարդ է, շատ աշխատասեր ըմբիշ է, ու ճիշտ աշխատանք կատարելու դեպքում նա կարող է բարձր նվաճումների հասնել, միգուցե նաև օլիմպիական քաշային կարգերում։

74 կգ

Հրայր Ալիխանյանը հավաքականի հերթական նորեկն էր։ Դեռևս նախորդ տարի Ալիխանյանը հանդես էր գալիս երիտասարդների ասպարեզում։ Նրա ելույթը, ի տարբերություն նույն Մխեյանի, պատճառներից մեկն էլ անհաջող վիճակահանությունն էր։ Ալիխանյանը հենց մեկնարկում հանդիպեց աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, Մ-23-ի 2018թ․-ի աշխարհի չեմպիոն Ավթանդիլ Կենչաձեն, որին Հրայրը պարտվեց 2-9 հաշվով։ Վերջինս էլ հետո զիջեց ռուսաստանցի աշխարհի կրկնակի չեմպիոն Գազիմագոմեդովին։ 

Ալիխանյանի ելույթը գնահատելը դժվար է, քանի որ վիճակահանությունը չափազանց անբարեհաճ էր գտնվել։ Այս քաշային կարգում ով էլ մեկնի վարկանիշային մրցաշարերի, միևնույն է օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը դժվար կլինի։ Ալիխանյանը երիտասարդ է, Վարուժան Կաջոյանը փորձառու է, բայց մեծ նվաճումներ չունի, Գրիգոր Գրիգորյանը վաղուց լավ արդյունքեր ցույց չի տալիս, Դավիթ Սաֆարյանը 2013թ․-ի իր ստվերին է հիշեցնում։ Այնպես որ մարզիչները կարող են շարունակել վստահել երիտասարդներին, և գոնե մրցաշարերից մեկին ուղարկել նրանցից մեկին։

79 կգ

Նման երիտասարդներից մեկը Արման Ավագյանն է, որը կարող է փորձել քաշ գցել ու հանդես գալ օլիմպիական քաշում։ Եվրոպայի առաջնությունում Ավագյանը, որի համար սա ևս առաջին խոշոր մրցաշարն էր մեծահասակների ասպարեզում, լավ մեկնարկեց, հաղթեց մոլդովացի Պասկալովին, բայց քառորդ եզրափակչում զիջեց փորձառու ադրբեջանցի, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանանակիր Ջաբրայիլ Հասանովին։ Ընդ որում, գոտեմարտի ընթացքում Ավագյանը պարտվում էր 0-6 հաշվով, բայց վերջում կարողացավ 4 միավոր հետ բերել ու մինչև վերջին վայրկյանը պայքարեց, բայց, ի վերջո, պարտվեց։ Հասանովն էլ կիսաերզափակչում պարտվեց ռուս ըմբիշին, և Ավագյանի համար մրցաշարն ավարտվեց։

Ամեն դեպքում, Արմանը կարող է որոշ չափով հաջողված համարել իր առաջին ելույթը, բայց հետագայի համար, անկասկած, ավելացնել է պետք։

86 կգ

Հովհաննես Մխիթարյանը ևս երիտասարդ ըմբիշ է, բայց մյուսների համեմատ արդեն բավականին փորձառու։ Նա այս քաշային կարգում հավաքականի առաջին համարն է, սակայն որոշակի մակարդակից բարձր դեռ չի կարողանում գնալ։ Համառ ըմբիշ է, և միշտ պայքարում է, նույնիսկ իրեն կարգով գերազանցող ըմբիշների հետ, բայց առայժմ ինչ-որ բան չի հերիքում։ Եվրոպայի առաջնությունում Մխիթարյանը նախ հաղթեց ուկրաինացի Արչայային, հետո 2-6 հաշվով զիջեց Սան Մարինոյի ներկայացուցիչ Մայլզ Ամինեին (Սան Մարինոյի ներկայացուցիչը լիբանանյան արմատներով ամերիկացի է, շատ ուժեղ ըմբիշ է, աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը)։ Վերջինս հասավ եզրափակիչ, բայց Մխիթարյանը սփոփիչ գոտեմարտում պարտվեց գերմանացի Լարս Շայֆլին։

Մխիթարյանը պետք է փորձի բարելավել իր որակները ու դրա համար պետք է շատ աշխատի, որպեսզի կարողանա կարևոր մրցաշարերի կարևոր պահերին հաղթանակների հասնել։ Այս պահին նրանից օլիմպիական ուղեգիր ակնկալելրը դժվար կլինի։

92 կգ

Մարզպետ Գալստյանը հերթական երիտասարդ ըմբիշն է մեր հավաքականում։ Նա շատ վստահ հաղթանակներ տարավ ուկրաինացի Ռիչկոյի և հույն Կուկլարիսի նկատմամբ, բայց կիսաեզրափակչում պարտվեց շվեյցարացի Սամուել Շերերին, երրորդ տեղի համար գոտեմարտում էլ զիջեց Բելառուսի ներկայացուցիչ Ամարհաջի Մահամեդովին։

Գալստյանի ելույթը կարելի է բավարար գնահատել, բայց կարելի է ավելացնել նույնը, ինչ Մխիթարյանի պարագայում։

97 կգ

Նույնը կարելի է ասել նաև Սարգիս Հովսեփյանի մասին։ Վերջինս արդեն դուրս է եկել երիտասարդական մրցաշարերին մասնակցելու տարիքից, բայց մեծահասկների ասպարեզում չի կարողանում հաստատվել։ Եվրոպայի առաջնությունում Հովսեփյանը պարտվեց վրացի փորձառու ըմբիշ Էլիզբար Օդիկաձեին և դուրս մնաց հետագա պայքարից։

Այս քաշային կարգում Հայաստանի հավաքականը նորեկ ունի՝ 2004թ․-ի օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի հնգակի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովը։ Հասկանալի է, որ նրան բերել են հենց օլիմպիական վարկանիշային մրցաշարերին մասնակցելու, ուղեգիր ձեռք բերելու համար, բայց որքանով է դա նպատահարմար․․․ Գացալովը 37 տարեկան էլ մի քանի տարի հանդես չի եկել, զբաղվել է մարզչական գործունեությամբ։ Իհարկե, նա փորձառու է, և միգուցե դեռ ուժեր էլ ունի պայքարելու, բայց նրան բերել են միայն մեկ ցիկլի, այսինքն՝ մի քանի ամսվա համար։ Նույնիսկ եթե ուղեգիր նվաճի, օլիմպիական խաղերում Սադուլաևի և Սնեյդերի դեմ պայքարել չի կարող, առավելագույնը՝ բրոնզե մեդալի հույս կարող է ունենալ։ Այնպես որ Գացալովին բերելու որոշումը չափազանց վիճահարույց է, նույնիսկ այն պարագայում, երբ քաշային կարգում Հայաստանը ուժեղ ըմբիշ չունի։

125 կգ

Լևան Բերիանիձեն վերջապես վերադարձավ։ Վերջին մի քանի մրցաշարերը Հայաստանը ներկայացնող վրացի ըմբիշը բաց էր թողնում ավելորդ քաշի պատճառով։ Հռոմում Բերիանիձեն երկու հաղթանակ տարավ ռումինացի Չինտոանի և Գերմանիան ներկայացնող Նիկ Մատյուհինի նկատմամբ, հետո կիսաեզրափակչում զիջեց Լեհաստանի ներկայացուցիչ Բարանին, երրորդ տեղի համար գոտեմարտում էլ պարտվեց ադրբեջանցի Մագոմեդովին, ընդ որում, գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ հաղթում էր։ Բերիանիձեն 29 տարեկան է, թեև արտաքինից դժվար է այդպես ասել։ Ավելորդ քաշի հետ կապված խնդիրները նրան հաճախ են դուրս թողնում պայքարից։ Նա բավականաչափ ուժեղ է օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու համար, բայց այս քաշային կարգում լուրջ մրցակցություն կա (դեռ ուղեգիր չունեն ԱՄՆ, Ադրբեջանը, Իրանը, Հունգարիան, Լեհաստանը), և Լևանի համար վարկանիշային մրցաշարերում շատ դժվար կլինի։

Ամփոփում

Հայաստանի 10 ներկայացուցիչներից 5-ը գոտեմարտեցին բրոնզե մեդալների համար, նրանցից միայն մեկը մեդալ նվաճեց, թեև, դեպքերի ավելի հաջող զարգացման դեպքում կարող էինք էլի մեդալներ ունենալ, նույնիսկ ավելի բարձր հարկի։ Ուրախալի է, որ երիտասարդներն են հնարավորություն ստանում, բայց նրանք էլ պետք է շատ աշխատեն իրենց վրա, այսպես նրան կարող են առաջընթաց ունենալ և մրցակցել փորձառուների հետ։ Ցանկալի է վարկանիշային մրցաշարերին ևս տեսնել երիտասարդներին, ու, հավանաբար այդպես էլ կլինի՝ բացառությամբ երկու ծանր քաշերի։ Ընդհանուր առմամբ, եթե հաջողվի երեք ուղեգիր նվաճել, դա արդեն մեծ հաջողություն կլինի։

Ռաֆաել ԽԱԼԱԹՅԱՆ

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000