Որոնել
Արխիվ
17.02.2020  15:57

Հայերից ուրիշ ո՞ւմ համար ճիշտ կլիներ տեղափոխվել Ղազախստան

2020 թվականից սկսած հայ ֆուտբոլիստները Ղազախստանի առաջնությունում լեգիոներ չեն համարվելու: Այդ կապակցությամբ ղազախական մամուլում հաճախ էին հայ ֆուտբոլիստների ցուցակներ կազմվում, որոնց հրավիրելը կարող է օգտակար լինել նրանց ակումբների համար: Այդ ցանկերում աբսուրդի հասնող տարբերակներ կան, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Սարգիս Ադամյանը կամ նոր-նոր Ռուսաստանի առաջնություն տեղափոխված Էրիկ Վարդանյանը:

ArmFootball.com-ն այլ տեսանկյունից է նայել այդ հարցին և ներկայացնում է Հայաստանի հավաքականի ու Բարձրագույն խմբի այն ֆուտբոլիստների ցանկը, որոնց տեղափոխությունը Ղազախստան կարիերայի տրամաբանական զարգացում և առաջընթաց կլիներ, այլ ոչ թե գումար աշխատելու միջոց կամ նոր երկրում խաղալու հնարավորություն: Այդ պատճառով մեր ցանկում չեք տեսնի Արաս Օզբիլիսին (կարիերայի ավարտական փուլում է) կամ Էդգար Բաբայանին (լավ լիգայում է): Նրանք կարող էին միանալ արդեն Ղազախստան տեղափոխված 5 հայ ֆուտբոլիստներին:

Արթուր Միրանյան («Փյունիկ») – Երկար դեգերումներից, կարիերան ամուր հիմքերի վրա դնելու մի քանի անհաջող փորձերից և միայն «Փյունիկում» երկրորդ շանս ստանալուց հետո հարձակվողը սկսեց ցուցադրել այն խաղը, որը սպասում էին երկրպագուները: 2019 թվականը միանշանակ նրա կարիերայի լավագույն տարին էր, և եթե նա դա բավարար համարի ու համարժեք առաջարկ ստանա, կարող է լավ մարզավիճակի շնորհիվ արմապնդվել նաև ղազախական լիգայում:

Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ («Բոյակա Չիկո») – Սևամորթ հայ պաշտպանը հունվարին կդառնա 24 տարեկան և արդեն ժամանակն է Կոլումբիայից Եվրոպա տեղափոխվելու: Հաշվի առնելով ղազախական ուժային ֆուտբոլի համար բարձր հասակը (185 սմ) դիմացկունությունը և լեգիոներ չհամարվելու գործոնը, նա կարող է մեծ պահանջարկ ունենալ այդ երկրում:

Ժիրայր Մարգարյան («Շիրակ») – Նախնական ցանկ կազմելիս «Շիրակից» ընդգրկել էինք Մարգարյանին և Ռուդիկ Մկրտչյանին: Վերջինս մեծ քայլերով զարգանում է, սակայն դեռ քիչ ժամանակ է անցկացրել որպես մեկնարկային կազմի ֆուտբոլիստ և, միգուցե, վաղ է արտասահման գնալ: Իսկ ահա Մարգարյանը, չնայած երիտասարդ տարիքին (ընդամեմը 22) արդեն վաղուց «Շիրակում» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է: Նա ապացուցել է, որ ունիվերսալ է, կարող է երկու եզրերում էլ խաղալ պաշտպանի ու կիսապաշտպանի դիրքում: 2020 թվականը ճիշտ ժամանակն է ուժերն արտասահմանում փորձելու համար:

Արտյոմ Խաչատուրով (ազատ գործակալ) – «Լոռիում» անցկացրած հիանալի նախորդ մրցաշրջանից հետո ընթացիկը վատ դասավորվեց, և թիմի ավագը, ընդամենը 3 խաղ անցկացնելով, հեռացավ ակումբից: Ակնհայտ է, որ 26-ամյա ֆուտբոլիստին ամենաշատը խանգարում են կայուն ժամանակահատվածը, որը կլինի առանց թիմեր փոխելու, քանզի վերջին 7 տարում նա 8 ակումբում է եղել: Իսկ փորձը ցույց տվեց, որ Վանաձորում կայուն խաղաժամանակը նրա առջև Հայաստանի հավաքականի դռները բացեց: Իհարկե, ցանկալի կլիներ, որ նա նույն ոճով շարունակեր «Լոռիում», բայց արդեն լքել է Վանաձորը և հիմա փորձաշրջան է անցնում Մոլդովայում: Բայց, միգուցե, Ղազախստանում է այն թիմը, որտեղ Արտյոմը կգտնի իր երկարաժամկետ տեղը: Խաղամակարդակի հարցում նրա ունակություններում կասկած չկա:

Ալիկ Առաքելյան («Փյունիկ») – Վինգերը բավականին վաղ անուն հանեց Հայաստանում և թվում էր՝ 23 տարեկանում նա արդեն արտասահմանում կլինի: Ցավոք, վնասվածքները և այլ պատճառներ խանգարեցին նրան: Ընթացիկ մրցաշրջանում էլ նա երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից, սակայն վերադառնալով, անմիջապես սկսեց կարևոր դերակատարում ունենալ «Փյունիկի» կազմում: Իհարկե, արտասահման մեկնելու համար Ալիկին շատ կօգներ Ազգային հավաքականի կազմում գոնե մի քանի խաղ անցկացնելը, սակայն առանց այդ էլ նա բավական որակներ ունի Ղազախական լիգայում հաջող հանդես գալու համար:

Գոռ Մալաքյան («Արարատ-Արմենիա») – Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հունվարին արդեն փորձաշրջան անցավ «Ժետիսուի» կազմում, սակայն հետո վերադարձավ ներկայիս թիմ: Ինչպես ժամանակը ցույց տվեց, ղազախական այդ թիմի մարզչի անսովոր պահանջների պատճառով քչերը կարող են հաստատվել այդ ակումբում: Մեկ այլ թիմում Գոռը կարող է կարևոր ֆուտբոլիստ դառնալ:

Գրիգոր Աղեկյան («Գանձասար-Կապան») – Այո, հարձակվողն ընդամենը դեկտեմբերին է միացել «Գանձասարին» և դեռ պաշտոնական խաղ չի անցկացրել, սակայն համապատասխան առաջարկի դեպքում դժվար թե կապանցիները խոչընդոտեն նրա հեռանալուն: Գրիգորը մեկ անգամ ուժերը փորձել արտասահմանում` բելառուսական «Իսլոչում», սակայն  նորմալ շանս չի ստացել (Ընդամենը 77 րոպե 7 խաղում, բայց հասցրել է գոլ խփել): Վերադառնալով Հայաստան` նա լավ մեկնարկեց «Լոռիում», բայց Ջոնել Դեսիրեի վերադարձից հետո կրկին զրկվեց գլխավոր հարձակվողի դերից: Եվ դա այն դեպքում, որ նա ամենուր ապացուցել է, որ մարզչի ու ակումբի կողմից վստահություն ունենալու դեպքում կանոնավոր կերպով գոլեր կխփի: Եթե ղազախները նրան նման նպատակով ու պայմաններով հրավիրեն, գոլերը սպասել չեն տա:

Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ») – Հայաստանում հաճախ են Տարոնին քննադատում, սակայն այդ ֆոնին շատերը բաց են թողել նրա խաղում առաջընթացը: Զարմանալիորեն այդ հարցում դրական դերակատարում ունեցավ եզրային պաշտպանի դիրքում հաճախակի խաղալը, ինչը անհավանական էր թվում հարձակման գործողություններում նրա ոչ համապատասխան տվյալների պատճառով: Հետզհետե Ոսկանյանը նաև այդ դիրքին հարմարվեց: Հայաստանի ընթացիկ առաջնությունում պաշտպանը 2 գոլային փոխանցում է կատարել: Դրան նախորդած 170 խաղում ընդամենը 3-ն էր գրանցել: Կենտրոնական պաշտպանի հետ այդ բազմակողմանիությունը դրական գործոն կլինի արտասահմանում օգտակար համարվելու համար: Նախկինում նա հանդես է եկել միայն Կիպրոսում, սակայն թվում է, որ ղազախական ֆուտբոլն ավելի համապատասխան է նրան: Առավել ևս, որ նա դեռ ընդամենը 26 տարեկան է:

Անատոլի Այվազով («Ուրարտու») – «Փյունիկում» և հատկապես «Շիրակում» հաջող ելույթներից հետո թվում էր, թե Այվազովն այն ֆուտբոլիստն է, ով կդառնա Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահը: Սակայն տեղափոխոթյունն «Ուրարտու» թեքեց նրա կարերայի զարգացման ուղղությունը: Երևանյան ակումբում անցկացրած 1,5 տարում նա ընդամենը 15 խաղի է մասնակցել: Ճիշտ է, շարունակել է հրավիրվել ազգային հավաքական, բայց միայն պահեստայինի կարգավիճակով: Թվում էր` ամենուր Անատոլիի ճանապարհին կանգնած Արամ Հայրապետյանի` Իրան տեղափոխվելուց հետո գոնե ակումբում նրան կվստահեն, սակայն երևանցիները որոշեցին հրավիրել նաև Արսեն Բեգլարյանին: Այժմ ռիսկ կա, որ Այվազովը կրկին կդառնա պահեստային, քանզի դարպասապահների մշտական ռոտացիան ճիշտ քայլ չի համարվում ֆուտբոլային աշխարհում: Ստացվում է, որ Այվազովը հերթական դժվարության առջև է կանգնած, քանզի արտասահմանյան ավելի ուժեղ լիգայում հանդես գալու համար նրան այստեղ խաղաժամանակ է պետք աչքի ընկնելու համար, իսկ դրա բացակայությունը զրկում է նրան ամեն ինչից բացի աշխատավարձից: Մնում է երկու տարբերակ. դժվարին հաղթանակ տանել Բեգլարյանի հետ մրցակցությունում կամ հաջող փորձաշրջան անցնել արտասահմանում և հաստատվել այնտեղ:

Դավիդ Դավիդյան («Արարատ») -  Անսպասելի անուն այս ցանկում: «Արարատ-Արմենիայում» չհաստատվելուց հետո նա տեղափոխվեց «Արարատ», որտեղ անմիջապես մեկնարկային կազմի խաղացող դարձավ: Դավիդյանին հաճախ օգտագործում են աջ լատերալի դիրքում, ինչը շատ ուժեղ հարձակում է ապահովում երևանցիներին: Ակնհայտ երևում է, որ նա իր ունակություններով ամենևին էլ պաշտպան չէ (իրականում կիսապաշտպան է), այլ ավելի հարձակվողական դիրքի համար է նախատեսված: Դավիդյանն օգտակար կլիներ արտասահմանյան այն թիմերին, որոնք խնդիրներ ունեն մրցակցի պաշտպանությունը հաղթահարելու գործում և հարձակվողական ոճի լատերալը նրանց համար լրացուցիչ զենք կդառնար:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000