Որոնել
Արխիվ
01.02.2020  00:10

Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրվա գլխավոր լուրերը

03:12. Այսպիսով, տրնսֆերային պատուհանը փակ է Իսպանիայի, Իտալիայի Անգլիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի համար։ Եվս մեկ անգամ հավելենք, որ տրանսֆերային պաշտոնական տեղեկությունները դեռ հրապարակվելու են անկախ պատուհանի փակումից։ Շարունակեք հետևել․․․

2։27․ «Խետաֆեին» հաջողվեց համաձայնության հասնել «Լևանտեի» հետ Էրիկ Կաբակոյի տրանսֆերի վերաբերյալ։ Տեղափոխությունն արժեցել է 7,5 մլն եվրո։ Կաբակոն 24 տարեկան է, հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում։ Բացի այդ, «Խետաֆեից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացել է մեկ այլ կենտրոնական պաշտպան՝ 29-ամյա Բրունո Գոնսալեսը և կռահեք, թե որ ակումբ է տեղափոխվել․․․   ․․․«Լևանտե»․․․։

2:18. Ինչպես սպասվում էր, «Բարսելոնայից» հեռացավ 21-ամյա աջ պաշտպան Մուսա Վագեն։ Րոպեներ առաջ կատալոնական ակումբը տեղեկություն տարածեց, որ տաղանդավոր ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Նիցցա»։ Ֆրանսիական ակումբը ընթացիկ մրցաշրջանից հետո հնարավորություն կունենա գնել Վագեին 10 մլն եվրոյով, բայց «Բարսան» շանս կունենա ցանկության դեպքում վերադարձնել նրան։

02։09․ «Վուլվերհեմփթոնի» կենտրոնական պաշտպան Ռայան Բենետը տեղափոխվեց «գայլերի» անմիջական մրցակցի՝ «Լեսթերի» կազմ։ «Աղվեսները» 29-ամյա Բենետին ձեռք են բերել վարձավճարով։ Այնուամենայնիվ, նա Ռոջերսի կազմ է տեղափոխվել որպես պահեստային խաղացող, որովհետև պաշտպանության կենտրոնում արդեն իրենց տեղը ցեմենտել են ԱՊԼ-ի լավագույն պաշտպաններից երկուսը՝ Ջոնի Էվանսն ու Չագլար Սոյունջուն։

01։56․ «Գրանադան» նոր ֆուտբոլիստ ձեռք բերեց։ Իսպանական թիմը համալրել է «Մոնակոյի» 23-ամյա աջ վինգեր Ժիլ Դիասը։ Տեղափոխությունը կայացել է վարձավճարով։ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում նա 14 հանդիպում է անցկացրել։

01։27․ «Վալյադոլիդը» բրազիլական «Պալմեիրասից» վարձակալեց 21-ամյա կենտրոնական կիսապաշտպան Մատեուս Ֆերնանդեսին։ Լա լիգայում հանդես եկող ակումբը, որի սեփականատերը լեգենդար Ռոնալդոն է, պայքարում է առաջնությունից դուրս չմնալու համար և փորձում է լրացնել բավականին կարճ պահեստայինների նստարանը։

00։52․ «Ֆիորենտինայի» հանրահայտ հարձակվող Կևին-Պրինս Բոատենգը նոր ակումբ ունի։ Նա վարձավճարով տեղափոխվեց «Բեշիքթաշ»։ 32-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնա» անհաջող տրանսֆերից հետո չի կարողանում վերգտնել իր խաղը։ Փորձառու խաղացողը կփորձի կարիերան ռեանիմացիայի ենթարկել Թուրքիայում։

00։21․ «Բայերը», զարմանալիորեն, շատ մեծ գումար վճարեց պորտուգալական «Վիտորիայի» 20-ամյա կենտրոնական պաշտպան Էդմոնդ Տապսոբայի համար։ Միգուցե, նրա գործողություններում լևերկուզենյան ակումբը լուրջ հեռանկար է տեսել, բայց փաստն այն է, որ 4,5 մլն եվրո գնահատվող խաղացողի համար «Բայերը» վճարեց 18 մլն եվրո։ Կնքվել է երկարաժամկետ պայմանագիր՝ նախատեսված մինչև 2025 թվականը։

00։00․ Ջոշուա Քինգին ձեռք բերելու անհաջող փորձից հետո ՄՅՈւ-ն չի հանձնվել, որովհետև Ռեշֆորդի վնասվածքից հետո օդի և ջրի նման հարձակվող է հարկավոր։ Այս անգամ, անգլիական ակումբը փորձում է չինական «Շանհայ Շենհունից» ձեռք բերել Օդիոն Իգալոյին։ Ակումբը մտադիր է 30-ամյա խաղացողին վարձակալել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Իգալոն Չինաստանում բավականին արդյունավետ է գործում։ Նիգերիացին ԱՊԼ-ում խաղալու փորձ ունի։ Նա պաշտպանել է «Ուոթֆորդի» գույները։ Հավելենք, որ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են։

23։42․ «Շեֆիլդը» վերջին օրը շատ ակտիվ է տրանսֆերային շուկայում։ ԱՊԼ-ում հիանալի հանդես եկող ակումբը վարձակալեց «Բայերի» կենտրոնական պաշտպանին՝ 21-ամյա Պանագիոտիս Ռետսոսին։ Հույն խաղացողի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Քրիս Ուայլդերի թիմը, երևում է, մտադրված է մինչև վերջ պայքարել եվրագավաթներում տեղ զբաղեցնելու համար։

23։16․ «Միլանն» «Անդերլեխտից» 3,5 մլն եվրոյով աջ կիսապաշտպան վարձակալեց։ Իտալական թիմը համալրեց բելգիացի 20-ամյա խաղացող Ալեքսիս Սելեմեկերսին։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 7 մլն եվրո։

23։03․ Իտալիայում, ինչպես, ավելի վաղ՝ Գերմանիայում, տրանսֆերային պատուհանը փակվեց։ Այնուամենայնիվ, Տրանսֆերային տեղեկությունները մինչև վաղը շարունակվելու են։ 

23:01. «ՌԲ Լեյպցիգում» շարունակում են սարսափով նայել փորձառու ֆուտբոլիստներին: Հենց ակումբում իմացան, որ թիմի վետարան Շտեֆան Իլզանկերն արդեն 30 տարեկան է, նրան անմիջապես ուղարկեցին Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»:

22:53. «Ֆիորենտինան» անկասելի է: «Մանուշակները» վարձակալեցին «Ջենոայի» հարձակվող Կրիստիան Կուամեին:  

22:49. «Բարսելոնայի» հարձակվող Աբել Ռուիսը տեղափոխվեց «Բրագա»: Պորտուգալացիները վարձակալ են 20-ամյա ֆուտբոլիստին: Ամռանը նրանք իրավունք կունենան 8 միլիոն եվրոյով գնել ամբողջ տրանսֆերը: 

22:47. Տարօրինակ պատճառով «Միլանի» տրանսֆերը խափանվեց: «Ուիգանի» պաշտպան Էնդրյու Ռոբինսոնը ժամանել էր Իտալիա, բուզժննում անցել, սակայն հետո հարկավոր է եղել Իտալիայի կառավարության կողմից հաստատման համար հատուկ բուժզննում անցնել, որ պատասխանները պետք է 3 օրում ստանային: Քանզի տրանսֆերային պատուհանը փակվում է, Ռոբինսոնն այլևս չէր հասցնի պայմանագիր կնքել և վերադարձել է անգլիական թիմ:

22։18․ «Պալմեյրասի» կիսապաշտպան Մատեուս Ֆերնանդեսը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»։ Սպասելի տրանսֆերի համար կատալոնացիները վճարեցին 7 մլն եվրո։ Այս մրցաշրջանը նա կանցկացնի «Պալմեյրասում», ինչից հետո 5 տարվա պայմանագիր կստորագրի կատալոնացիների հետ։

22։14․ Վերջապես, կայացավ օրվա ամենախոշոր տեղափոխություններից մեկը։ «Յուվետնուսի» հենակետային կիսապաշտպան Էմրե Ջանն ազատվեց թուրինցիներից կամ՝ հակառակը։ Ինչպես սպասվում էր, 26-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», որը մրցաշրջանից հետո հնարավորություն կունենա գնել նրան։ Ոչ պաշտոնական տվյալներով, գերմանական ակումբը Ջանի համար ընթացիկ մրցաշրջանից հետո կվճարի 20 մլն եվրոյից ավելի։


22։09․ «Հոֆենհայմի» կենտրոնական հարձակվող Յուրգեն Լոկադիան հեռացավ թիմից, որտեղ հանդես էր գալիս վարձավճարով։ Նրա պայմանագիրն ավարտվեց գերմանական ակումբի հետ։ 26-ամյա խաղացողը վերադարձավ ԱՊԼ-ում հանդես եկող «Բրայթոն», որին պատկանում են Լոկադիայի տրանսֆերային իրավունքները։

22։06․ «Ֆիորենտինան» «Վերոնայից» 20 մլն եվրոյով գնեց խոստումնալից 23-ամյա կենտրոնական Սոֆյան Ամրաբատին։ Այնուամենայնիվ, Ամրաբատը դեռ չի միանա «մանուշակներին», որոնք զգալիորեն հզորացնում են կազմը։ Նա կմնա «Վերոնայում» վարձավճարով՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

22։01․ Սթիվեն Նզոնզին, ում «Ռոման» վարձավճարով ուղարկել էր Թուրքիա, ևս մեկ անգամ վարձակալական հիմունքներով ուղարկվեց այլ ակումբ։ Այս անգամ, 31-ամյա հենակետային կիսապաշտպանը մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր կնքեց Լիգա 1-ում հանդես եկող «Ռենի» հետ։ 

21:54. «Հոֆենհայմը» Դորտմունդի «Բորուսիայից» գնեց 21-ամյա Յակոբ Լարսենին։ Ձախ վինգերի համար ակումբը վճարեց 9 մլն եվրո։  Նորվեգացու շուկայական արժեքը 12 մլն եվրո է։

21։31․ «Մանչեսթեր Սիթիի» ձախ պաշտպան Անխելինյոն կարիերան կշարունակի Բունդեսլիգայում։ 23-ամյա իսպանացին տեղափոխվեց «Լեյպցիգ»։ Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Ոչ պաշտոնական տվյալներով, գերմանական ակումբը հնարավորություն կունենա հետագայում 30 մլն եվրոյով գնել ֆուտբոլիստին։

21։00․ Գերմանիայում տրանսֆերային պատուհանը փակ է, բայց տրանսֆերային տեղեկությունները շարունակում են հրապարակվել։

20։21․ «Հոֆենհայմի» աջ պաշտպան Ջոշուա Բրենետը կարիերան կշարունակի Նիդերլանդներում։ 25-ամյա խաղացողը վարձավճարով հեռացավ թիմից՝ համալրելով «Վիտեսը»։

20։16․ «Մանչեսթեր Յունայթեդը» որոշեց սառեցնել «Բորնմութի» հարձակվող Ջոշուա Քինգին ձեռք բերելու համար ընթացող բանակցությունները։ Պատճառն այն է, որ «Բորնմութը» 28-ամյա խաղացողի համար պահանջել է 50 մլն ֆունտ, իսկ ՄՅՈւ-ն պատրաստ է եղել վճարել 20 մլն։ Մանչեսթերցիները ստիպված կլինեն տրանսֆերային պատուհանի փակվելուց ժամեր առաջ այլ հարձակվող գտնել, ով կփոխարինի լուրջ վնասվածք ստացած Մարկուս Ռեշֆորդին։

20։09․ «Ասթոն Վիլայի» կենտրոնական պաշտպան Ջեյմս Չեսթերը հեռացավ թիմից։ 31-ամյա խաղացողը վարձավճարով համալրեց «Սթոք Սիթին»։

20։01․ «Նյուքասլի» հենակետային կիսապաշտպան, կորեացի Սունգ-Յոնգ Կին հեռացավ ակումբից։ 31-ամյա խաղացողն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 4,5 մլն եվրո։

19։54․ Չնայած նրան, որ Տուխելը հերքել է այն լուրը, թե ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին կլքի ակումբը՝ ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Խորխե Մասը հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում Էդինսոնին ձեռք բերելու համար։ Մասն այլ մանրամասներ չի հաղորդել։

19։11․ Շվեյցարիայի հավաքականի խաղացող Բլերիմ Ջեմայիլին լքեց «Բոլոնյան» և, առհասարակ՝ Եվրոպան։ 33-ամյա խաղացողը, ով նախկինում հանդես է եկել «Նապոլիում»,տեղափոխվեց չինական «Շենչժեն»։ 

18:38. Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ հարձակվող Էդինսոն Կավանին վերջնական մնում է ՊՍԺ-ում: Նա ամռանն ազատ խաղացողի կարգավիճակով կտեղափոխվի «Ատլետիկո», որի հետ արդեն համաձայնություն ունի:

18:35. Տրանսֆերային պատուհանի ամենաակտիվներից մեկը շարունակում է մնալ «Հերտան»: Բեռլինցիները 15 միլիոն եվրոյով գնել են «ՌԲ Լեյպցիգի» բրազիլացի հարձակվող Մատեուս Կունյային: Կարող է Պյոնտեկի հետ միաժամանակ խաղալ:

18:27. «Բարսելոնան» չի կարողացել համաձայնության հասնել «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Վիլիան Ժոզեի տրանսֆերի շուրջ: Կատալոնացիներն առաջարկել են 21 միլիոն եվրո, իսկ բասկերը պահանջել են 30 միլիոն: Ուշագրավ է, որ բրազիլացին նախկինում հանդես է եկել «բլաուգրանայի» գլխավոր մրցակցի` Մադրիդի «Ռեալի» կազմում: 

18:25. Կեյսուկե Հոնդան դարձավ բրազիլական «Բոտաֆոգոյի» ֆուտբոլիստ:

Գերմանիայում տրանսֆերային պատուհանը կփակվի Երևանի ժամանակով 21:00-ին, Իտալիայում` 23:00, իսկ Անգլիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում` 03:00-ին:

18:08. Sky Sports-ի աղբյուրը վստահեցրել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ փորձից կարողացել է պայմանավորավծության հասնել «Բորնմութի» հարձակվող Ջոշուա Քինգի տրանսֆերի շուրջ: 20-25 միլիոն եվրո արժողությամբ գործարքը կկայանա, եթե «Բորնմութը» նրան փոխարինող գտնի:

18:05. «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել «Սաութենդի» 20-ամյա դարպասապահ Նաթան Բիշոպին: Նա երրորդ դիվիզիոնից անմիջապես տեղափոխվեց անգլիական գրանդ: 

18:01. «Միլանը» փորձել է 3 միլիոն եվրոյով վարձակալել «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկին, հետագայում 15 միլոնով ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ: ֆուտբոլիստը համաձայն է եղել, սակայն գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը թույլ չի տվել վաճառել իր առաջատար ֆուտբոլիստին:

17:57. Ֆրենկ Լեմպարդը հաստատեց, որ Դրիս Մերտենսի («Նապոլի») տեղափոխոությունը չի կայանա, որովհետև «Չելսիի» ղեկավարները որոշել են Օլիվյե Ժիրուին թիմում թողնել:

17:56. Իսկ «Միլանը» կազմը համալրում է երիտասարդներով: «Ուիգանի» ֆուտբոլիստ Էնթոնի Ռոբինսոնը նույնպես ժամանել է Իտալիա: Պաշտպանի տրանսֆերի համար ռոսոներին կվճարի 7-8 միլոին եվրո:

17:54. Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Դիեգո Լակսալտը մոտ է «Միլանից» «Ֆիորենտինա» տեղափոխվելոն: Մանուշակները կարող են տրանսֆերային պատուհանի վերջին օրը 4 ՆՈՐԵԿ ունենալ:

17:50. «Անդերլեխտի» ֆուտբոլիստ Ալեքսիս Սալեմակերսը ժամանել է Միլան, որպեսզի պայմանագիր կնքի համանուն ակումբի հետ: 

17:44. AS պարբերականը գրում է, որ Դանի Սեբալյոսը մնալու է «Արսենալում», չնայած նրան, որ «Ռեալին» խնդրել էր նրան վարձավճարով այլ ակումբ ուղարկել: Նմանատիպ տարբերակ էր «Վալենսիան», սակայն մադրիդցիները չեն ցանկացել ուժեղացնել իրենց մրցակցին: Սեբալյոսին ձեռք բերելուն հավակնում էր նաև «Բետիսը»:

17:38. «Ֆիորենտինան» նույնպես ուժեղացրեց կազմը: «Մանուշակները» 15 միլիոն եվրոյով «Սասուոլոյից» գնեցին կիսապաշտպան Ալֆրեդ Դունկանին:

17:33. «Ինտերը» չի հանձնվում և շարունակում է նոր հարձակվող փնտրել: Միլանցիները մոտ էին Օլիվյե Ժիրուի ձեռք բերելուն, սակայն լոնդոնցիները նրան փոխարինելու լավ տարբերակ չգտան և որոշել են նրան թիմում թողնել: Այդ պատճառով «Ինտերը» սկսել է Սիմոնե Ձաձայի («Տորինո»), Սեդրիկ Բակամբուի («Բեյցզին Գոյան») և Սոլոմոն Ռոնդոնի («Դալյան») թեկնածությունները:

17:20. ԱՊԼ-ի բացահայտում դարձած «Շեֆֆիլդ Յունայթեդը» չբավարարվեց իր ռեկորդային տրանսֆերով, և այժմ կես տարով վարձակալեց բելգիացի հարձակվող Ռիխայրո ժիվկովիչին, ով խաղում էր չինական «Չանչուն Յատայում»:

17:18. «Բեշիկթաշն» ու «Ֆիորենտինան» բանակցում են Կևին-Պրինս Բոատենգի տրանսֆերի շուրջ:

17:15. Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Էմրե Ջանը քիչ առաջ ժամանեց Դորտմունդ, որպեսզի պայմանագիր կնքի «Բորուսսիայի» հետ: «Յուվենտուսը» կստանա 30 միլիոն եվրո:

17:01. «Նյուքասլն» իր համար ռեկորդային` մոտ 55 միլիոն եվրոյով համաձայնեցրել էր «Լիլի» կիսապաշտպան Բաբուկարի Սումարեի տրանսֆերը, սակայն ֆրանսիացին հրաժարվել է այդ թիմ տեղափոխվել: Նա հույս ունի կարիերան շարունակել անգլիական գրանդներից մեկում:

16:58. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Բարսելոնան» 31 միլիոն եվրոյով «Բրագայից» գնեց «նոր Կրիշտիանու Ռոնալդուին»` Ֆրանսիշկու Տրինկաուին: Նրա համար սահմանվել է 500 միլիոն եվրոյի հրաժարագին: Մինչև ամառ նա կմնա Պորտուգալիայում:

16:51. Չնայած հնարավոր տրանսֆերին, Գարեթ Բեյլն այս պահին մարզվում է «Ռեալի» կազմում: «Տոտենհեմ» վերադարձը հետզհետե ավելի քիչ հավանական է դառնում:

16:28. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Յանիկ Կարասկոն վերադարձավ «Ատլետիկո»: Նա Իսպանիայից տեղափոխվել էր չինական «Դալյան», իսկ այժմ վարձակալությամբ վերադարձավ: Բելգիացին դեռ ընդամենը 26 տարեկան է:


16:10. Լուրեր Հայաստանից: «Ալաշկերտը» խզել է Արթուր Ավագիմյանի հետ պայմանագիրը:

15:41. Վաղուց սպասվում էր, որ «Վերոնայի» կիսապաշտպան Սոֆիան Ամրաբատը կարիերան շարունակելու է «Նապոլիում», սակայն վերջին պահին «Ֆիորենտինան» առաջ է անցել «աձուրիից», հայտնում է ինսայդեր Ալֆրեդո Պեդուլյան: «Մանուշակները» տրանսֆերի համար վճարեկու են 18+2 միլիոն եվրո:

15:40. «Բարսելոնան» այսօր 7 միլիոն եվրոյով կգնի «Պալմեիրասի» կիսապաշտպան Մատեուս Ֆերնանդեսին և անմիջապես նրան վարձավճարով կուղարկի  «Վալյադոլիդ»: 

15:35. «Յուվենտուսն» արդեն որերորդ անգամ փորձում է Մարկո Պյացային վերադարձնել իր նախկին խաղամակարդակին` ուղարկելով վարձակալության, որպեսզի շատ խաղաժամանակ ստանա: Այս անգամ խորվաթի նոր թիմ է դարձել «Անդերլեխտը»:

15:33. Ղազախ լավագույն ֆուտբոլիստ Բաուիրժան Իսլամխանը, ով փորձաշրջան էր անցնում «Զենիթում», պաշտոնապես «Կայրաթից» տեղափոխվեց ԱՄԷ-ի «Ալ-Այն»: Առաջին շարքից չի տեսնի Կամոյի արագացումները:

15:30. Հերթական մերժումը «Մանչեսթեր Յունայթեդին»: Անգլիական գրանդը փորձել է ձեռք բերել ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուներից մեկին` Դենի Ինգզին, սակայն «Սաութհեմփթոնը» հրաժարվել է բաժանվել իր գոլահարից:

15:22. Կորոնավիրուսի պատճառով բոլորը փախչում են Չինաստանից, իսկ Բլերիմ Ջեմայլին հակառակն է անում: Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստը «Բոլոնյայից» տեղափոխվել է չինական «Շենձեն», որի գլխավոր մարզիչը Ռոբերտո Դոնադոնին է:

15:17. Յագո Ֆալկեն վարձավճարով տեղափոխվել է «Ջենոա»: 

15:10. «Ատալանտան» չնայած փայլուն խաղին, միևնույն է շարունակում է ուժեղացնել կազմը: Իտալացիներին վարձավճարով միացել է «Նիցայի» կիսապաշտպան Ադրիեն Թամազը, ում համար ամռանը մի շարք ակումբների միջև լուրջ պայքար էր:

15:00. Հայաստանում անցկացված Մ19 Եվրո-2019-ի մասնակից, իսպանացի Բրայան Խիլը «Սևիլյայից» վարձավճարով տեղափոխվեց «Լեգանես»: Նա Երևանում անցկացված մրցաշարի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն էր:

14:43. Պաշտոնական. «Արսենալը» վարձակալեց «Սաութհեմփթոնի» եզրային պաշտպան Սեդրիկ Սորաեշին:


14:31. Սթիվեն Ջերարդի «Ռեյնջերսը» «Գենկից» վարձակալեց լեգենդար Գեորգե Հաջիի որդուն` Յանիս Հաջիին: Ամռանը նա հրաժարվել էր տեղափոխվել «Բարսելոնա»...

14:22. Նորություններ «Մանչեսթեր Յունայթեդից»: «Կարմիր սատանաները» փորձել են ձեռք բերել «Բորնմութի» հարձակվող Ջոշուա Քինգին, ում Սուլշերը տեսնում էր որպես վնասվածք ստացած Մարկուս Ռեշֆորդին փոխարինող: Սակայն նրանց մերժումով են պատասխանել:

Միաժամանակ անգլիական գրանդն առաջարկ է ստացել վարձակալել «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Վիլիան Ժոզեին, ով ավելի վաղ մոտ էր «Տոտենհեմ» տեղափոխվելուն, բայց ակումբները համաձայնության չհասան:

14:15. Նույնպես վերադարձ է ծրագրել Մադրիդի մյուս գրանդը` «Ատլետիկոն»: «Հնդիկները» հասկանում են, որ ձմռանը դժվար կլինի գնել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին և արդեն պայմանավորվածության են հասել թիմի նախկին վինգեր Յանիկ Ֆերեյրարա-Կարասկոյի հետ: Բելգիացին արդեն Մադրիդում է:

14:00. Սկսենք տրանսֆերային պայթյունի սպասումով: «Տոտենհեմը» մտադիր է այսօր հետ գնել Մադրդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլին: The Times-ը գրում է, որ Լոնդոնում վստահ են բանակցութունների հաջող ավարտի շուրջ:

________________________________________________________________

Բարև ձեզ: ArmFootball.com-ը սկսում է ձմեռային տրանսֆերային պատուհանի դեդլայնի լուսաբանումը: Այսօր` հունվարի 31-ին եվրոպական ուժեղագույն լիգաներում գործարքներ կնքելու վերջին օրն է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000