Որոնել
Արխիվ
28.01.2020  15:43

Տրանսֆերային իրարանցում է սպասվում, որի կենտրոնում «Բարսելոնան» ու «Բորուսսիան» են

«Բարսելոնան» 9 թեկնածու է դիտարկել վնասվածք ստացած Լուիս Սուարեսին փոխարինելու համար և կանգ է առել «Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգո Մորենոյի տրանսֆերի վրա:

Երեկ «չղջիկների» նախագահ Անիլ Մուրտին և Ռոդրիգոյի գործակալ Ժորժե Մենդեշը ժամանել են Կատալոնայի մայրաքաղաք, որպեսզի համաձայնացնեն տրանսֆերը:

Կողմերը պայմանավորվածության են հասել ֆուտբոլիստի արժեքի շուրջ` մոտ 55 միլիոն եվրո, սակայն տարաձայնություններ ունեն վճարման պարտավորության վերաբերյալ, հայտնում է Sport.es-ը: Կատալոնացիներն ուզում են կես տարով վարձակալել իսպանացուն և հնարավորություն ունենան ամռանը գնել ամբողջ տրանսֆերը: «Չղջիկները» ցանկանում են, որ վարձակալության պայմանագրում տրանսֆերը գնելու պարտավորություն լինի:

Կողմերը քննարկում են նաև գործարքում այլ ֆուտբոլիստներ ներգրավելու հնարավորությունը: «Բարսելոնան» առաջարկել է հարձակվող Աբել Ռուիսի, աջ պաշտպան Մուսա Վագեի ու կիսապաշտպան Մոնչուի թեկնածությունները: «Վալենսիային» իսկապես աջ պաշտպան է հարկավոր, այդ պատճառով նրանք համաձայն են Վագեի տարբերակին: Մենդեշը նույնիսկ առաջարկել է կատալոնական ակումբում իր հաճախորդ Նելսոն Սեմեդուի տարբերակը, սակայն քիչ հավանական է, որ «Բարսելոնան» կհամաձայնվի:

Ռոդրիգոյի հավանական հեռանալու պատճառով «Վալենսիան» սկսել է այլ հարձակվող փնտրել և արագորեն գտել է նրան: «Չղջիկներն» արդեն համաձայնության են հասել Դորտմունդի «Բորուսսիայի» ֆուտբոլիստ Պակո Ալկասերի հետ: Վերջինս Գերմանիայում էր հայտվել «Բարսելոնայից», որտեղ տեղափոխվել էր հենց «Վալենսիայից»: Ալկասերը չնայած շատ գոլեր խփելուն, այդպես էլ Դորտմունդում մեկնարկային կազմի խաղացող չդարձավ, այլ հիմնականում «ջոկեր» էր, իսկ Էրլինգ Հոլանդի ֆանտաստիկ նորամուտից հետո հասկացել է, որ այնտեղ այլևս անելիք չունի:

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ «Բորուսսիան» մտադիր է ամրապնդել նաև միջին գիծը և գրեթե համաձայնության է հասել «Յուվենտուսի» հետ կիսապաշտպան Էմրե Ջանի տրանսֆերի վերաբերյալ: Սպասվում է, որ տրանսֆերը կկազմի 23 միլիոն եվրո:

Ջանին փոխարինելու համար «ծեր սինյորայի» նախընտրելի տարբերակը «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչն է: Կողմերն արդեն բանակցում են գործարքի շուրջ, սակայն այն դանդաղ է ընթանում, քանի որ կատալոնացիներն ուզում են խորվաթին փոխանակել հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկիի հետ, ինչպես նաև 10 միլիոն եվրո ավելացնել: Թուրինցիները 20 միլիոն են պահանջում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000