Որոնել
Արխիվ
12.12.2019  19:56

«Եթե հարցը չլուծվի՝ միջոցներ կձեռնարկենք առաջնությունն անվավեր ճանաչելու համար». «Տրիբունա» ակումբի հիմնադիր-նախագահ

Կանանց ֆուտբոլի «Տրիբունա» ակումբի հիմնադիր-նախագահ Սենիկ Առաքելյանը ArmFootball.com-ին տված հարցազրույցում խոսել է ակումբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ 

Նախ, պատմիր թիմի մասին։ Ո՞նց է հավաքվել, ինչքա՞ն ժամանակ ես աշխատում թիմի հետ։

«Տրիբունա»  Ակումբ Հասարակական Կազմակերպությունը, որի հիմնադիր-նախագահն եմ սկսած 2004թ․-ից ցանկանալով Գյումրիում զարգացնել կանանց ֆուտբոլը դեռ 2013թ․-ից սկսեց կազմակերպել մասսայական միջոցառումներ կապված կանաց ֆուտբոլի հետ։ Այդ ծրագրերի արդյունքում Գյումրու Ֆ․ Նանսենի անվան մանկատան 10 սանուհիների հետ սկսեցինք կամավոր ֆուտբոլային մարզումներ անցկացնել։ Տեսնելով հետաքրքրություն նրանց մոտ՝ սկսեցինք նոր միջոցառումներ և մրցաշարեր կազմակերպել և ներգրավել արդեն նոր անդամներ։ 2014-ից հանդիսանում եմ թիմի գլխավոր մարզիչ, ունեմ մարզչական «Ա»կարգի արտոնագիր։ Սկսած 2014-ից մասնակցել ենք Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնություններին։ Տարբեր տարիներին դարձել  ենք «Բ» և «Ա» խմբերի չեմպիոններ։ Զարգացնելով կանանց ֆուտբոլը Գյումրիում՝ հասցրել ենք 3 կանոնավոր գործող թիմերի մակարդակի։ Նախորդ գավաթի առաջնության 9 մասնակիցներից 3-ը Գյումրին է ներկայացրել։ Այս ընթացքում մարզաձևի զարգացման մեջ ունեցած ավանդի համար 2017թ․-ին ՈՒԵՖԱ-ի կողմից արժանացել եմ Հայաստանի համար աննախադեպ մրցանակի՝ մասսայական ֆուտբոլի լավագույն մարզիչ ոսկե մրցանակի։

Ինչի՞ համար է որակազրկումը եղել։

    Որքան էլ փորձեցի պարզել՝ ինձ այդպես էլ չտրամադրեցին Կարգապահական կոմիտեի վարույթում առկա ապացույցները։ Եթե չեմ սխալվում, 3 անգամ պաշտոնական նամակներով դիմել եմ բոլոր պաշտոնյաներին՝ խնդրելով տրամադրել  այն հիմքերը, որով վարույթ են իրականացրել։ Միայն կարողացա պարզել, որ գործը բացվել է Կանանց ֆուտբոլի բաժնի պետի կողմից գրված դիմումի հիման վրա։ Որակազրկել են հավաքականի ճամբարի համար խաղացողներ չտրամադրելու, վիզաների գործընթացին խոչընդոտելու համար։ Սակայն «Տրիբունա» Ակումբի ներկայացրած բողոքի մեջ պարզ ապացուցվում է, որ Խաղացողներ չտրամադրելը տվյալ ճամբարին ոչ պաշտոնական խաղի կամ մրցաշարի համար եղել է իմ հայեցողական իրավունքը, իսկ իմ կողմից ներկայացված ապացույցները վկայում են, որ դեռ մի բան էլ ցանկացել եմ օգնել, որպեսզի վիզաների ստացման գործընթացը կայանա։ Ասեմ ավելին․ հանձնարարել եմ աղջիկներին իրենց անձնագրերի ժամկետները ստուգեն, կնիք խփեն կամ նոր անձնագիր ստանան։ Եվ խաղացողներին ճամբարի համար չներկայացնելու համար նամակով պատասխանել եմ բաժնին, որ ներկա պահին թիմը ֆինանսական ծանր դրության մեջ է և չի կարողանա ներկայացնել խաղացողներ, խնդրել եմ ըմբռնումով մոտենալ։ Նշեմ նաև, որ ներկա պահին թիմը գործում է իմ անձնական միջոցների և կամավոր աշխատանքի շնորհիվ։ Հովանավոր կամ ֆինանսավորում չկա, ՀՖՖ-ն էլ ամռան սկզբից դադարեցրել էր կանանց թիմերին տրամադրվող աջակցությունները և հայտնվել էինք նման բարդ իրավիճակում։

    Ի՞նչ է եղել բողոքարկումից հետո։

    Բողոքարկման որոշումը ստացել եմ հոկտեմբերի 28-ին, սակայն այն կայացվել է հոկտեմբերի 7-ին, երբ դեռ մեկ տուր էր անցել։ Այս ընթացքում պարբերաբար զանգել և նամակներ եմ հղել՝ փորձելով տեղեկանալ ձգձգման պատճառների մասին, սակայն դրանք անպատասխան են մնացել։ Որոշումը ստանալուց հետո կրկին նամակներ եմ ուղղել Կանանց ֆուտբոլի բաժին, մրցումների կազմակերպման և անցկացման բաժին և ՀՖՖ փոխնախագահներին՝ խնդրելով, որ միջոցներ ձեռնարկվեն բողոքարկման կոմիտեի որոշումը ի կատար ածելու համար։ Մի քանի օր ևս ձգձգելուց և իմ պարբերաբար ուղարկվող նամակներին ի պատասխան կանանց ֆուտբոլի բաժնի կողմից ստանում եմ մի նամակ, որի վրա նշված են եղել Հֆֆ փոխնախագահների և դեպարտամենտի վարիչի Էլ․-հասցեները ևս։ Նամակի բովանդակությունը հետևյալն է․

    - «Տեղեկացնում ենք, որ Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնություններն արդեն մեկնարկել են, և «Տրիբունա ակումբը»՝ ի կատարումն ՀՖՖ բողոքարկման կոմիտեի որոշմանը, առաջնություններում կներգրավվի արդեն 2020/21 թթ․մրցաշրջանում»։ 

     Հետևությունները թողնում եմ ֆուտբոլային ընտանիքի անդամներին, միայն հիշեցնեմ, որ բողոքարկման կոմիտեն որոշումը կայացրել է 2019-20թթ․ մրցաշրջանի համար։

    Որն է, ըստ քեզ, պատճառը, որ թիմին թույլ չեն տվել խաղալ այս տարի։

      Կա ակնհայտ միջամտություն կամ անգործություն ՀՖՖ  անձնակազմի կողմից, և ոչ մեկ թող իրեն զոհ չներկայացնի կամ անմեղ չձևանա։ Կա ակնհայտ միտում։ Ըստ իմ տեղեկությունների, վարույթը սկսել է կանանց ֆուտբոլի բաժնի պետը իր գրավոր դիմումով․նա նախկինում աշխատել է 2 կազմակերպություններում, որոնց թիմերը այժմ հանդիսանում են կանանց Ա խմբի առաջնության մասնակիցները, իսկ Գյումրին այդ առաջնության ֆավորիտներից մեկն է համարվում։ Չեմ բացառում, որ այս ամենն արվել է միտումնավոր՝ առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդին առաջնությունից հանելու նպատակով։ Կա Կարգապահական Կոմիտեի որոշում՝ որակազրկումներ բարձր մարզական ցուցնիշներ ունեցող թիմի և մարզչի դեմ։ Ընդունենք մի պահ, որ մարզիչը մեղավոր էր։ Այդ դեպքում, ի՞նչ մեղք ունի ֆուտբոլ խաղացող աղջիկ երեխան, որին զրկում են մրցաշարից։ Այդ աղջիկները բազում անգամներ բարձր են պահել մեր հավաքականի պատիվը, անմնացորդ նվիրվել և հանդես եկել այդ հավաքականում։ Տեղի ունեցած անարդարության արդյունքում նրանք նույնիսկ զրկվեցին հավաքականի հետ որակավորման փուլի հանդիպումներին մասնակցելու հնարավորությունից։ Ասեմ ավելին․ մեզ նույնիսկ չեն ընդգրկել գավաթի խաղարկությունում, սակայն Կարգապահական կոմիտեն որոշում էր կայացրել միայն առաջնության մասով։

      Այստեղ միակ տուժողը երեխաներն են , որոնց շահերի համար ես պայքարում եմ։ Մինչև այժմ մենք գործել ենք բացառապես իրավական դաշտում և կատարել օրենքով սահմանված բոլոր գործառույթները, սակայն ցանկացա պարզաբանել այս ամենը հասարակության համար, որպեսզի մամուլի որոշ հրապարակումների արդյունքում թյուր կարծիք չստեղծվի ակումբի կամ իմ գործունեության մասին։

      Քո ու թիմի ծրագրերի մասին․․․

      Թիմը շարունակում է մարզվել ներկա պահին մեծ դժվարությունների գնով։ Նշեմ՝ Գյումրու ֆուտբոլի ակադեմիայից տեղեկացրել են, որ ՀՖՖ-ից արգելել են մեզ հանդերձարան և դաշտ տրամադրել։ «Գյումրին», ստեղծման օրվանից, մարզվել է այդ ակադեմիայում։ Չնայած այս հանգամանքին՝ մենք պարապում ենք, մարզվում ենք, պայքարում ենք մեր իրավունքների համար։ Հուսով եմ՝ կգիտակցեն հարցի լրջությունը և համապատասխան լուծում կտան։ Այսօր էլ հնարավոր է թիմին ընդգրկել, փոխել ժամկետներ կամ ձևաչափ։ Այլապես, մեզ մնում է ձեռնարկել միջոցներ՝ առաջնությունը անվավեր ճանաչելու համար։

       

      Ռաֆայել Խալաթյան

      ArmFootball.com


      Soccerway.com

      Հարցում
      Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
      Ամենաընթերցվածը

      ամիս

      շաբաթ

      օր

      Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
      Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
      Գովազդատուներին 055 516 000